ԿարևորՀասարակություն

Աշխարհահռչակ խոհարարը Մատենադարանում ծանոթացել է խոհարարական հնագույն ձեռագրերին

Խոհարարության ոլորտում աշխարհում ամենահայտնի մասնագետներից մեկը՝ Քրիստիան Բրասկ Թոմսոնը և նրան ուղեկցող միջազգային լրագրողական խումբը «Դար» հիմնադրամի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ «Հայկական ճամփորդություն» նախագծի շրջանակում այցելել են Մատենադարան՝ ծանոթանալու խոհարարական ոլորտում հնագույն ձեռագրերին:

Նախագիծը նվիրված է հայկական խոհանոցի վաղեմի ավանդույթներին: 20 երկրների հայտնի լրատվամիջոցների՝ «Forbes» (ԱՄՆ), «Frankfurter Allgemeine Zeitung» (Գերմանիա), «PՕblico» (Պորտուգալիա), «Fine Dining Lovers» (Միացյալ Թագավորություն), «Posta» (Ռուսաստան) գաստրո ոլորտի լրագրողները լուսաբանել և մասնակցել են Հայաստանում խոհարարական և զբոսաշրջային ծրագրին:

Քրիստիանը ներկայացնում է աշխարհի ամենահայտնի խոհարարներին, լավագույն ռեստորաններում էքսկլյուզիվ ընթրիքների և ամենահեղինակավոր խոհարարական ու ռեստորանային մրցանակաբաշխությունների կազմակերպիչ է, հեղինակավոր միջազգային ԶԼՄ-ների՝ խոհարարությանը վերաբերող սյունակների հոդվածագիր ու խոհարարական և ռեստորանային փառատոներում բազմակի մրցանակների արժանացած պրոդյուսեր:

Հեղինակավոր հյուրերին Մատենադարանում, ի թիվս այլ ձեռագրերի, ներկայացվել են հետևյալ մասնագիտական աշխատությունները՝ «Շտեմարան գործառութեան» (Գիրք խոհարարության), 1827, 1870, Կ. Պօլիս, Թիֆլիս, գրիչ’ Յօհաննէս Մանուկեան Յակոբեան Կարնեցի» և «Տանտիկին և խոհանոց», 1892, Նոր Բայազետ, Թիֆլիս, Գրիչ’ Օհան Պետրոսեան: Ճանաչողական այցի շրջանակում համաշխարհային ու տեղական ճանաչում ունեցող պարբերականների ներկայացուցիչները ծանոթացել են ձեռագրերին, իրենց տպավորությունները կիսել գրառումների գրքում:

Տեղեկացնենք, որ «Հայկական ճամփորդություն» նախագիծն իրականացվել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի գինու և խաղողագործության, ինչպես նաև «IDeA» հիմնադրամի աջակցությամբ:

Back to top button