ԿարևորՀասարակություն

Այս պահին նոյեմբերի 9-ի համար Փաշինյանի և Ալիևի հանդիպում նախատեսված չէ. Ա. Միրզոյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում նոյեմբերի 9-ին նախատեսված չէ, ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Այս պահին այդ ֆորմատով որևէ հանդիպում  նախատեսված չէ: Միևնույն ժամանակ և այս պահին և պարբերաբար, գրեթե մշտական բնույթով քննարկվում են տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ: Ենթադրաբար այդպիսի հնարավոր հանդիպումների արդյունքում գուցե լինի համաձայնեցված որևէ տեքստի հրապարակում»,-ասել է Միրզոյանը:

Այդ հանդիպումները հնարավորություններ կարող են ստեղծել թուլացնելու լարվածությունը տարածաշրջանում և արդեն ջանքեր գործադրելու ավելի երկարատև կայունություն և խաղաղություն ապահովելու ուղղությամբ:

«Ուզում եմ երեկվա, այսօրվա և վաղվա համար վստահեցնել, որ բոլոր այդ տեսակ փակ դռների հետևում  վարվող բանակցություններում, խոսակցություններում մեր դիրքորոշումները 100 տոկոսով համապատասխանում  են մեր քաղաքական թիմի, ՀՀ վարչապետի և մյուսներիս կողմից հրապարակավ հայտնած դիրքորոշումներին, որևէ միլիմետր չեն նահանջում այդ դիրքորոշումներից, նաև ավել էլ չեն»,-նշել է ԱԳ նախարարը:

Back to top button