ԿարևորՀասարակություն

Խառնաշփոթ՝ Երեւան-Գյումրի երթուղին սպասարկող էլեկտրագնացքներում․ ո՞րն է պատճառը

Քաղաքացիները դժգոհում են Երևան-Գյումրի-Երևան երթուղու նոր էլեկտրագնացքի սպասարկումից․ վագոնները քիչ են, ուղևորները՝ շատ, դրա հետեւանքով երեք ժամվա ճանապարհը մարդիկ ստիպված են լինում անցնել գնացքում կանգնած կամ հատակին նստած։ Երբեմն էլ տոմսերի համար մարդիկ իրենց պատկերացրածից ավելի են վճարում։

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն ընդունում է՝ նման խնդիր  կա, իսկ բողոքներն ի գիտություն են ընդունում։   

Երևան-Գյումրի-Երևան երթուղին սպասարկող նոր էլեկտրագնացքն ունի երկու վագոն։ Այս էլեկտրագնացքները սկսել են սպասարկել օգոստոսից։ Հարավկովկասյան երկաթուղուց վստահեցնում են՝ դրանք  համապատասխանում են անվտանգության նորմերին և ավելի հարմարավետ են։ Սակայն քաղաքացիների շրջանում  էլեկտրագնացքների հարմարավետության մասով կան վերապահումներ։ Աշխարհագրության ուսուցիչ Տիգրան Ենգիբարյանը «Ռադիոլուրին» պատմում է, որ իր աշակերտներին Գյումրի հերթական էքսուկուրսիայի  տանելիս խնդիրների է բախվել։ Ուսուցիչը վրդովված է՝ նախ ստիպված են եղել տոմսերի համար վճարել նախատեսվածից ավելի շատ գումար, բացի այդ՝ երեք ժամվա ճանապարհն անցել են ոտքի վրա կանգնած։

«Դասարաններին տանում եմ էքսկուրսիայի, միշտ չորս վագոնանոց գնացք էր լինում։ Հերթական դասարանը տանելիս պարզվեց՝ նոր գնացքներն են՝ երկու վագոնանոց։ Չորս վագոնի մարդկանց խցկում են երկու վագոնի մեջ, և ուղևորների զգալի մասը մնում է ոտքի վրա կանգնած, ընդ որում՝ երեխաներն ու մեծահասակները վճարում են ավելի թանկ, քան նախկինում, սակայն նստում են հատակին։ Սա՞ է 21-րդ դարի երկաթուղու քաղաքակիրթ սպասարկումը։ Երբ բողոքում էինք, աշխատակիցն  ասաց՝ ձեր տնից աթոռը բերեք նստեք»։

Մեր զրուցակիցը կայարանում փորձել է պարզաբանում ստանալ տեղեկատուի միջոցով, այնուհետև  երկաթուղին սպասարկող ըկերությունից, սակայն չի հաջողվել կապ հաստատել․

«Առավոտվանից փորձում էինք հասկանալ՝ ինչ է կատարվում։ Նախ ասեմ, որ հասանք կայարան, նորմալ ինֆորմացիա չէին հաղորդում․ մեկ ասում էին՝ այս գնացքն է գալու, մեկ՝ մյուսը, մենք էլ կառամատույցից կառամատույց էինք գնում։ Հետո եկավ նոր փոքրիկ, երկու վագոնանոց գնացքը։  Հետո զանգում եմ  երկաթուղու տեղեկատու՝ չի պատասխանում,զանգում եմ  վարչություն, որ ճշտեմ, թե տեղեկատուն ինչու չի աշխատում, ասում են ՝ դա մեր հարցը չէ»։

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն  Գրդզելյանը «Ռադիոլուրին» փոխանցեց՝ նման խնդիր առաջանում է ամառային սեզոնին, երբ Երևանից Գյումրի մեկնող զբոսաշրջիկները շատանում են, իսկ ձմռան ամիսներին նույն ծանրաբեռնվածությունը չի նկատվում։ Բոլոր դեպքերում խնդիր կա՝ ընդունում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներկայացուցիչը։

ՍՍ « Ընդունում եմ, որ կա խնդիր։ Ամառային սեզոնին ունենք մեծ պահանջարկ դեպի Գյումրի փոխադրելու, հատկապես էլեկտրագնացքներով, որոնք գործում են էքսպրես ռեժիմով։ Հաջորդ տարի փորձելու ենք լուծում տալ խնդրին։ Խոսքը նոր վագոններով էլեկտրագնացների  կամ  եղածը վագոններով համալրելու մասին է։ Այսինքն՝ լինի ոչ թե երկու, այլ երեք վագոնային կազմով»։

Ինչու են մարդիկ նախատեսվածից կամ պատկերացրածից ավելի վճարում տոմսերի համար։ Գրդզելյանն ասում է՝ տեղեկացվածության խնդիր է․ տոմսերի գները տարբեր են, պետք է ուշադիր լինել։

«Դեպի Գյումրի ունենք 3 սակագին՝ 1000 դրամ հին էլեկտրագնացքի համար, 1200 դրամ նոր էլեկտրագնացքի և 2500 դրամ էէքսպրես ռեժիմով նոր էլեկտրագնացքի տոմսը։ Կայքում նշված է՝  որ ժամին, որ գնացքն է մեկնում»։

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից բոլոր դեպքերում հայտնեցին՝  այս շրջանում գրաֆիկային փոփոխություններ անել չեն կարող, սակայն քաղաքացիների բողոքներն ի գիտություն են ընդունում, կքննարկեն դրանք։

Ցուցադրել ավելի
Back to top button