ԿարևորՀասարակություն

962 հազար ծառ՝ 2 տարում․ Հայաստանը խնդիր է դրել մինչև 2050 թվականը կրկնապատկել անտառային ֆոնդը

2020-2021 թթ․-ին 702 հազար 280 ծառ արդեն տնկվել է հանրապետության տարբեր շրջաններում, ևս 260 հազարը նախատեսվում է տնկել նոյեմբերի 14-ին նախատեսված աշնանային համապետական ծառատունկի ժամանակ։ Շրջակա միջավայրի նախարարի խորհրդական Տիգրան Գեղամյանը մանրամասնում է, թե որտեղ են տնկվելու նոր ծառերը։

«200 հազար տնկի «Հայանտառ» ՊՈԱԿԻ տարբեր հատվածներում են տնկվելու, 50 հազարը տրամադրվելու է տարբեր ՏԻՄ-երի։ Այս տարի նորամուծություն ունենք, մասնավոր հատվածն էլ է մասնակցելու ծառատունկին և 10 հազար տնկի «Հայանտառ» ՊՈԱԿԻ աշխատակիցների ուղղորդմամբ կտնկվեն տարբեր կազմակերպությունների կողմից»,-ասում է Տիգրան Գեղամյանը։

Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Պավել Ցուգունյանի խոսքով՝ մասնավոր հատվածի ծառատունկի համար ընտրվել են երևանամերձ հատվածները, որոնք կցանկապատվեն, իսկ ՊՈԱԿ-ի աշխատակիցները կօգնեն հետագայում ծառերը ճիշտ խնամելու հարցում ։ Տնօրենի պաշտոնակատարի խոսքով՝ տնկիների կպչողականությունը գրեթե 100 % է, որովհետև դրանք նախատես պահվում են պարարտ հողում՝ համապատասխան միջավայրում։ Այնուամենայնիվ հանրապետությունում կան տարածքներ, որոնք այնքան էլ բարենպաստ չեն անտառային տնտեսությունը զարգացնելու համար։

«Կպչողականության խնդիր հիմնականում ունենում են Սիսիանի հատվածում տնկված ծառերը, դա պայմանավորված է տեղի չոր կլիմայով։ Օրինակ անցյալ տարի էլ թե մենք, թե ԱԻՆ-ի աշխատակիցները փորձել են իրավիչակը փոխել, ջրել ծառերը, բայց միևնույն է ահագին հատված ծառերի կպչողականության խնդիր է ունեցել»,-ասում է Պավել Ցուգունյանը։

«10 միլիոն ծառ» բնապահպանական ծրագրի նպատակն է պայքարել կլիմայի փոփոխության, օդի աղտոտվածության և հողերի դեգրադացիայի դեմ, ինչպես նաև պահպանել Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունն ու վերականգնել էկոհամակարգերը։ Շրջակա միջավայրի նախարարի խորհրդական Տիգրան Գեղամյանի խոսքով՝ Հայաստանը խնդիր է դրել իր առջև մինչև 2050 թվականը կրկնապատկել անտառային ֆոնդը։  ՀՀ անտառային ֆոնդն այսօր շուրջ 463  հա տարածք է զբաղեցնում։  

«Այս ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության «Անտառաբուծությանուն» ծրագրի միջոցով և ֆինանասավորվում «Կանաչ կլիմայի» հիմնադրամի միջոցով, կառավարության կողմից բյուջե չունենք, 8 ամյա ծրագրի համար ունենք 18.7 միլիոն ԱՄՆ դոլար»,-ասում է Տիգրան Գեղամյանը։

«Անտառաբուծությանուն» ծրագրով նախատեսվում է փակ արմատային համակարգով աճեցված տնկիներ տնկել, իսկ Հայաստանում նման տնկիների արտադրության ծավալն առայժմ սահմանափակ է, այդ պատճառով տնկիներ ներմուծվում են նաև արտասահմանյան տնկարաններից, հիմնական երկրներն են՝  Բելառուս, Իրան, Լեհաստան, Ռուսաստան, Վրաստան, Ղազախստան, Ուկրաինա, Ֆինլանդիա և այլն։ Ներկրվող տնկիները համապատասխանելու են Հայաստանի տեղական տեսակային կազմին ու  պայմաններին։ Պավել Ցուգունյանը խոսեց նաև ապօրինի անտառահատումների մասին։ Նրա դիտարկմամբ՝ ամենախոցելին Հրազդանի, Արծվաբերդի և Թումանյանի անտառտնտեսություններն են։

«Ռադիոլուր»-ի հարցին, թե տարվա ընթացքում հրդեհների պատճառով Հայաստանի անտառային ֆոնդն ինչ վնասներ է կրել, ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը պատասխանեց, որ նախորդ տարիների համեմատ այս տարի անտառներն ավելի քիչ են վնասվել․ հրդեհները պակասել են, լինելու դեպքում էլ կրակը ծառերին հիմնականում չի հասել։

Back to top button