ԿարևորՏնտեսական

Չինաստան, Հնդկաստան, Իրան․ ներդրումներ անելու ուղղությամբ հետաքրքություն կա, կոնկերտ՝ քայլեր ոչ

Հանքարդյունաբերություն, էներգետիկա, արևային կայանների տեղադրում․ 2021թվականի առաջին կիսամյակում այս ոլորտներում են ամենաշատ ներդրումներ գրանցվել։ Այս տարվա առաջին վեց ամիսներին ամենաշատ ներդրումներ կատարող երկներն են Գերմանիան, ՌԴ-ն ու Իրանը։

2021 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվախի համեմատ ավելացել են, սակայն,  նախաքովիդյան՝ 2019 թվականի մակարդակին չեն վերադարձել: Փորձագետները հիշեցրել են՝  համավարակին ավելացել է նաև պատերազմը։

Այս տարվա առաջին 6 ամսում Հայաստանի տնտեսության իրական հատված որպես ներդրում դրսից հոսել է մոտ 1.219 մլրդ դոլար կամ500 մլրդ  դրամ, որից 353 մլն դոլարն օտարերկրյա ուղղակի ներդրումներն են․ պաշտոնական վիճակագրությունն է։ Հայաստանի տնտեսությունն այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն շրջանի համեմատ 267 մլն դոլարով կամ 28%-ով ավելի շատ  ներդում է ստացել, սակայն տնտեսագետները չեն շտապում դա բացատրել մեր երկրի տնտեսության՝ ներդրումների համար ավելի գրավիչ դառնալով․ նախորդ՝ քովիդ-կարանտինային տարին համեմատության համար ճիշտ ելակետ չէ՝ բացատրում են ու մատնանշում՝ այս տարվա ցուցանիշը նախաճգնաժամային 2019 թվականի  տվյալներին դեռ զիջում է։ «Ռադիոլուր»-ի զրուցակից տնտեսագետ Սուրեն Պարսյանը նկատում է՝ 2020թվականը տնտեսության, այդ թվում նաև ներդրումների համար ճգնաժամային, իսկ 2021-ը ճգնաժամի վերականգնման շրջան է։   

«Մենք 2019-ին ունեցել ենք 1․4 մլրդ դոլարի ներդրում, այս տարի՝ 1․2։ Այսինքն՝ մեզ չի հաջողվել վերականգվել ներդրումների առումով։ Սա բավականին մտահոգիչ է։ Չենք կարողացել  2021-ին ամբողջությամբ վերականգվել, բնականաբար, դա ավելի երկար է ձգվելու։ Կարող է ընդգրկել նաև 2022 թվականը»։

«Հատկանշական է, որ այս տարվա առաջին կիսամյակում, ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, ՀՀ-ում ներդրումներ են իրականացվել նաև հարևան Իրանից, մասնավորապես, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում»:

Հայաստան ներդրումներ բերող ամենագրավիչ ոլորտը շարունակում է դիտարկվել հանքարդյունաբերությունը, արտաքին ներդրողներին իրենց գումարները շրջանառելու համար շահութաբեր են թվում նաև էներգետիկայի ոլորտը․ ներդրումներն ավելացել են հատկապես արևային կայանների տեղադրման ուղղությամբ։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ընդգծում է՝ այո, դրսից գումարների հոսքը երկրի տնտեսություն կարևոր է, միայն թե այս ոլորտներում ներդրումների ազդեցությունը բնակչության կենսամակարդակի վրա էական չէ։ Պարսյանն օրինակ է բերում ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի մի մասի պետականացման գործարքը կարող է որոշակի աշխուժացում բերել, սակայն վստահ է՝ քաղաքացին իր վրա էական ազդեցություն չի զգա։ Տնտեսագետը ևս մեկ բացասական միտում է առանձնացնում՝ արդյունաբերության ոլորտում երկարաժամկետ ապրանք ու ծառայություն ստեղծող ներդրումների մասին դեռ չենք  կարող խոսել։

«Այս ներդրումների մի մասը կամ մեծ մասը վերականգնվում կամ հետ են վերադառնում իրենց երկրներ։ Դրանք չեն վերաներդրվում Հայաստանում։ Կարծում եմ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի վերջին գործարքը որոշակի թվերի աճ կապահովի, սակայն, ըստ էության ոչինչ չի տա շարքային սպառողին։ Որոշակի շրջապտույտ կլինի»։

Համավարակի բերած սահմանափակումներն իրենց, պատերազմական վերջին իրողություններն իրենց հերթին արտաքին ներդրողների համար Հայաստանի տնտեսական գրավչության նվազման ռիսկեր ստեղծեցին։ Հիմա ամենատարբեր չափորոշիչներից առաջ ներդրումներ ներգրավելու առաջնային նախապայման է դիտարկվում տարածաշրջանում խաղաղության ու կանխատեսելիության ապահովումը։

Տնտեսագետ Համլետ Մկրտչյան․ «Կարևոր եմ համարում նշել նաև ներդրումների, հատկապես օտարերկրյա ներդրումների ներգրավման համար առաջնային կարևորություն ունեցող մի քանի դրույթներ՝  երկրում բարենպաստ ներդրումային իրավիճակը, ենթակառուցվածքների հասանելիության  մակարդակը»։

Համլետ Մկրտչյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում  շեշտում է՝ Հայաստանն այժմ հավակնում է Իրանից ու Հնդկաստանից լուրջ ներդրումներ ստանալ, որոնք պետք է ուղղվեն տարածաշրջանային ուղիների գործարկմանը։ 

«Հնդկաստանը պատրաստվում է Իրանի Չաբահար նավահանգստում ներդրումներ կատարել՝ Իրանով ու Հայաստանով միջազգային շուկա հասնելու համար նոր ուղիներ բացելով։ Հայաստանի սահմանները նաև ԵԱՏՄ 180 մլն-անոց շուկայի սահմաններն են Հնդկաստանի, Իրանի ու Չինաստանի համար»։

Սուրեն Պարսյանն ընդգծում է՝ ներդրումներ ներգրավելու համար միայն հարկային վարչարարության բարելավումը բավարար չէ։ Այստեղ կարևոր է անվտանգության խնդիրների  լուծումը, մինչդեռ դրանք այսօր օրախնդիր են։

Back to top button