ԿարևորՔաղաքական

Օրինականությունից՝ սրիկայություն․ քննիչ հանձնաժողովի ճակատագիրը պարզ կլինի վաղը

Ընդդիմության ներկայացուցիչները հիմնավոր կասկածներ ունեն, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից  44–օրյա պատերազմի օրերին հավաքված և  պետական բյուջե փոխանցված 52 մլրդ դրամը ծախսվել է ոչ արդյունավետ։ Կասկածի տակ են այդ միջոցներով կատարված գնումների արդյունավետությունը և առհասարակ դրանց անհրաժեշտությունը։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյան.

«Իմ գրավոր հարցմանը «Հայաստան» համահայկական հիմնադրամից պատասխանեցին , որ աուդիտի արդյունքները Հոգաբարձուների խորհրդի նիստից առաջ չեն կարող հրապարակվել։ Հիշեցնեմ, որ մարտին կայացած Հոգաբարձուների խորհրդի նիստին հենց հոգաբարձուների խորհրդի անդամների կողմից էր տրվել հանձնարարարական իրականացնելու աուդիտ և տեղեկացնելու հանրությանը դրա արդյունքների մասին։ Ուստի՝ դրա չհրապարակումն ինձ համար տարակուսելի է»։

ԱԺ կանոնակարգի համաձայն՝ քննիչ հանձնաժողովը ստեղծվում է պատգամավորների ¼-ի պահանջով, ինչը նշանակում է, որ 27 պատգամավորի ստորագրությունը բավարար է իրավունքի ուժով հանձնաժողով ձևավորելու համար։  Բայց հանձնաժողովը կգործի, եթե խորհրդարանական մեծամասնությունը կողմ քվեարկի դրա անդամների թիվը սահմանող որոշման նախագծին։

Հեղինակները կարծում են, որ հանձնաժողովը պետք է 10 անդամ ունենա։ Իշխանությունն առաջարկում է անդամների թիվը 11-ի հասցնել։ Ընդդիմությունը նկատում է՝ ըստ համամասնության այդ մեկ հոգին էլ է իշխանության շարքերից լինելու, այդուհանդերձ, առարկություն չունի։ Հայկ Մամիջանյանը, իր իսկ ձևակերպմամբ, «ներքին հույս» ունի, որ հանրությունը հիասթափվելու առիթ չի ունենա, սակայն արդեն իսկ առկա տվյալներն այլ բան են հուշում։

«Այս պահին՝ դեռևս մինչև քննիչի ստեղծումը, իմ ունեցած տվյալներով, կարծում եմ, մենք շատ ու շատ նոր սրիկայություններ կբացահայտենք»

Սրիկայությունների մասին հիշատակումը քննարկման հաջորդող հատվածն այլ ընթացքով տարավ։ Պատգամավորները հերթով  սկսեցին սահմանել սրիկայության մասին իրենց պատկերացումները։

«Հիմնադրամը վարկաբեկելու քաղաքականություն է վարվում։ Մարդկանց մոտ անվստահություն  է սերմանվում, որ չարժի գումարներ վստահել հիմնադրամին, որովհետեւ չարաշահվում է։ Այ սա ես համարում եմ սրիկայություն»։

Սա ՔՊ-ական պատգամավորՎիգեն Խաչատրյանի սահմանումն էր, մինչդեռ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանն այլ ձևակերպում  է տալիս։

«Սրիկայությունը շատ օրինակներով կարելի է ասել, բայց Արցախն ուրացողը դավաճան է»։

Այս հայտարարությունից հետո քննարկումն, ըստ էության, այլևս չշարունակվեց։ Մանուկյանին անվտանգության աշխատակիցները հեռացրին ԱԺ ամբիոնի մոտից, նիստն ընդմիջվեց։

Պատերազմի օրերին «Հայաստան»  հիմնադրամի իրականացրած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքի ընթացքում հավաքվել էր ավելի քան 170 միլիոն դոլար։ Նոյեմբերին Հիմնադրամի և ՀՀ-ի միջև կնքված նվիրաբերության պայմանագրերի հիման վրա, որպես նվիրաբերություն, պետբյուջե էր փոխանցել ավելի քան 52 միլիարդ դրամ։

Պատերազմից հետո հանրային քննարկումներ սկսվեցին հիմնադրամի հավաքած գումարների ծախսման արդյունավետության ու հասցեականության շուրջ։ Քննադատություններ հնչեցին նաև հոգաբարձուների խորհրդի անդամներից, թե գումարը ոչ նպատակային է ծախսվել: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը կառավարությունից պահանջեց կատարված ծախսերի վերաբերյալ մանրամասն, թափանցիկ և հրապարակային հաշվետվություն ներկայացնել։

Մարտին՝ Հոգաբարձուների խորհրդի անդամները վստահություն հայտնեցին, որ պատերազմի ընթացքում հավաքագրված գումարները նպատակային են օգտագործվել, բայց և որոշեցին  ստեղծել աշխատանքային խումբ, որը միջազգային աուդիտորական ընկերության հետ կուսումնասիրի հավաքված  գումարների օգտագործումը։

Ընդդիմադիրների պնդմամբ՝ խնդիրն ունի հանրային մեծ նշանակություն և հետաքրքրություն։ Ուստի հանձանժողովի միջոցով փորձելու են ուսումնասիրել պետական բյուջե փոխանցված միջոցներով ֆինանսավորված կոնկրետ ծախսերը և միջոցառումները, ինչպես նաև դրանց՝ հիմնադրամի կանոնադրական նպատակներին համապատասխանելը։

Ցուցադրել ավելի
Back to top button