Էվոլյուցիա

Քրիստոսի գալուստո՞վ, թե՞ երկնաքարի հարվածից. աշխարհի վերջը․«Էվոլյուցիա»

Մարդկությունն արդեն մի քանի անգամ սպասել է աշխարհի վերջին, որն այդպես էլ չի եկել։ Վերջին օրինակներից է 2012 թվականը, երբ, ըստ մայաների օրացույցի, պիտի գար աշխարհի վերջը։ Ըստ բուլղարացի պայծառատես Վանգայի էլ` աշխարհը պիտի կործանված լիներ 2020-ի դեկտեմբերի 22-ին։ Աշխարհի վերջի մասին գրված է նաև Աստվածաշնչում, ըստ դրա` աշխարհի վախճանը կգա Քրիստոսի գալստյան հետ։

Աստղագետներն էլ ասում են, որ տիեզերական վտանգներ կան մոլորակի համար, այդ պատճառով էլ մարդկությունը քայլեր է անում այլ մոլորակում կյանք ստեղծելու համար, որպեսզի հարկ եղած դեպքում կյանքն այնտեղ տեղափոխենք։ Բայց որքանո՞վ է դա հնարավոր, ե՞րբ է հավանական, որ կկործանվի աշխարհը և ի վերջո ի՞նչ է նշանակում աշխարհի վերջ՝ կանհետանա՞ մոլորակը, իսկ մարդկությունը կտեղափոխվի այլ մոլորակ, թե՞ կանհետանա մարդկությունը՝ թողնելով մոլորակն առանց բանական էակների։

Ինչպե՞ս է ստեղծվել տիեզերքն ու Երկիր մոլորակը, ոչ մի գիտնական այս հարցին սպառիչ պատասխան տալ չի կարող՝ պնդում է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն, աստղագետ Արեգ Միքայելյանը։ Սկզբում արարչագործություն է եղել, որից հետո աշխարհը ենթարկվում է ֆիզիկայի օրենքներին, ասում է զրուցակիցս։ Մեր մոլորակն այսօր իսկապես կանգնած է մի շարք վտանգների առաջ, Երկրի գործանումը բոլորովին էլ միֆ չէ․

«Տիեզերքի հետ կապված վտանգների թիվը 20-ի է հասնում, օրինակ մթնոլորտի միջով կարող է գիսավոր անցնել և փոխել մթնոլորտի բաղադրությունը, կամ կարող է աստղակերպ հարվածել երկրին, և սա բոլորովին միֆ չէ, պատմական փաստերով է ապացուցված, որովհետև երկրի վրա 180 հսկայական փոսեր են հայտնաբերվել, որոնք առաջացել են հենց աստղակերպի բախումից»,-ասում է Արեգ Միքայելյանը։

Անգամ Սոդոմ և Գոմոր քաղաքները իսկապես եղել են ու փոշիացել են աստղակերպի հարվածից, ասում է Արեգ Միքայելյանը։ Ամերիկյան NASSA-ն և ռուսական Роскосмос-ը լուրջ հաշվարկներ են արել, թե ինչպիսի հնարավոր վտանգների առաջ է կանգնած այսօր Երկիր մոլորակը, ինչպիսի՞ վտանգավոր երկնաքարեր կան նրա շրջակայքում, դրանք ցուցակագրված են, դրանց ուղեծրերի պարամետրերը հաշվարկված են, առկա են բոլոր հնարավոր ռիսկերը, բայց ցանկացած պահի կարող են դրանք շեղվել ուղեծրից և մոտենալ երկրին․

«Որպես կանոն ամենավտանգավորները համարվում են 100 մետր և ավելի մեծ չափեր ունեցող աստերոիդները։ 100 մետրանոց աստերոիդի հարվածից իհարկե Երկիր մոլորակը չի կործանվի, բայց կկործանվի մարդկությունը։ Այդպիսի մոտավոր մի օրինակ եղել է 65 միլիոն տարի առաջ, դա ապացուցված փաստ է, որ դինոզավրերը վերացել են մեծ աստերոիդի հարվածից, անգամ տեղն ունենք ապացուցված, թե որտեղ է ընկել աստերոիդը՝ դա Մեքսիակայի ափերի մոտ ընկած հսկայական աստղակերպ է եղել»,-ասում է աստղագետ զրուցակիցս։

Հաջորդ հնարավոր վարկածներից է այն, որ Երկիր մոլորակը կշեղվի իր ուղեծրից և կտրոհվի։ Սա քիչ հավանական վարկած է, որովհետև խոշոր մարմինները տիեզերքում գործում են վայրկյանի ճշգրտությամբ, ասում է գիտնական զրուցակիցս։

Աշխարհի վախճանի մասին մարդը մտածում է իր ստեղծման պահից ի վեր, այնքան, որ այդ մտածմունքը վերածվել է ուսմունքի։ Վախճանաբանությունը մի շարք կրոնների ուսումնասիրության առարկան է։ Օրինակ` բուդդայականությունն ասում է, որ աշխարհի վերջին օրը Բուդդան կգա երկիր, ըստ Իսլամի՝ Մուհամմադը կգա, հրեշտակները կհնչեցնեն փողերը և բարիք գործած մարդիկ կգնան դրախտ, իսկ չարագործները կուղևորվեն դժոխք։ Քրիստոնեության մեջ էլ աշխարհի վախճանը նույնացվում է Քրիստոսի գալստյան հետ, ասում է Գևորգյան ճեմարանի դասախոս Շավարշ սարկավագ Այվազյանը։ Ըստ Աստվածաշնչի` աշխարհի վերջ նշանակում է մարդկության վերջ․

«Աշխարհի վախճանը վերաբերում է մարդկությանը, մարդը սկսելու է նորից դրախտում ապրել, դրախտային վիճակում է հայտնվելու, իսկ աշխարհի վախճանի մասին ժամանակագրություն չի նշվում, այնպես ինչպես իր մահվան օրը մարդը չգիտի, այնպես էլ աշխարհի վերջի օրը չգիտի, որովհետև եթե իմանար, չգիտենք՝ բարուն կծառայեր դա, թե չարին»,-ասում է Շավարշ սարկավագը։

Իսկ գիտական վարկածն ասում է, որ աշխարհի վերջ նշանակում է Երկիր մոլորակի վերջ։ Այդ է պատճառը, որ մարդն այսօր զբաղված է իր համար նոր բնակավայրի որոնումներով և փորձեր է կատարում, օրինակ, Մարս մոլորակի վրա կյանք ստեղծել։ Մարսում չկա օզոնային շերտ, չկա թթվածին, չկա գրավիտացիոն դաշտ։ Ըստ ֆիզիկոս Լիլիթ Եգանյանի, այս ամենը Մարսում հնարավոր է ստեղծել միայն Երկիր մոլորակի գոյության պայմաններում․

«Եթե խոսքը նրա մասին է, որ պիտի Երկիր մոլորակից ղեկավարվենք, ապա այո, հնարավոր է ստեղծել սարքեր, մատակարարել թթվածին և ջուր, բայց եթե մոլորակը կործանվի, գործնականորեն հնարավոր չի լինի տիեզերքում կյանք ապահովելու»,-ասում է Լիլիթ Եգանյանը։

Ատսղագետ Արեգ Միքայելյանի խոսքով եթե հիմա մեծ քանակությամբ թթվածին տանենք Մարս, ապա այն տարիների ընթացքում շատ արագ կցրվի, այլ մեթոդներ է պետք կիրառել, որոնք մեծ ֆինանասների հետ են կապված։ Մարսը լավ տարբերակ է վտանգի դեպքում մարդկության կյանքը փրկելու, բայց դրանց մարդկությունը դեռևս ֆինանասապես պատրաստ չէ։ Իհարկե Երկիր մոլորակին սպառնացող վտանգի դեպքում կարելի է ժամանակավորապես տեղափոխվել Մարս, այնպես ինչես Նոյը ժամանակավորապես տեղափոխվեց տապան և փրկվել համաշխարհային ջրհեղեղից, համեմատում է զրուցակիցս․

«Մենք կարող ենք արհեստական գրավիտացիոն և մագնիսական դաշտ ստեղծել, ուժ ստեղծել, որը թույլ չի տա մթնոլորտը ցրվել, կամ կարող ենք մանեժի նման ստեղծել թաղանթ  և մթնոլորտով հարստացնել, բայց ինչպիսի ծախսերի մասին է խոսքը»,-ասում է Արեգ Միքայելյանը։

Թեպետ ըստ քրիստոնեության աշխարհի վերջ նշանակում է մարդկության վերջ, բայց եկեղեցին ամեն դեպքում դեմ չէ փրկել մարդկության կյանքը հնարավորության դեպքում, ասում է հոգևորական զրուցակիցս․

«Եկեղեցին չի մերժում աստղագետների այն կարծիքը, որ կյանքը կարող է այստեղ վերանալ և այլ մոլորակում սկսվել, որովհետև օրինակ երբ կարդում ենք Պողոս առաքյալի մեկնությունները, գրված է երրորդ երկինք տեղափոխվելու մասին և հարց է առաջանում, թե դա ո՞րն է»,-ասում է Շավարշ սարկավագը։

Իսկ Մարսը գաղութացնել ցանկացողների ցուցակն արդեն պատրաստ է։ Mars One նախագիծն ընտրել է Երկրի 1000 բնակչի, որոնք կմեկնեն Մարս, անհրաժեշտ բեռները դեպի Մարս կուղարկվեն 2024 թ.-ին, դրանից հետո այնտեղ կմեկնեն առաջին մարդիկ: Փորձագետների հաշվարկով՝ առաջին բնակավայրը կստեղծվի մոտ 2032 թ.:

Անձնակազմում կա ԱՄՆ-ի 300 ներկայացուցիչ, Կանդայի՝ 75, Հնդկաստանի՝ 60, Ռուսաստանի՝ 50-ից ավել քաղաքացիներ։ Իսկ աշխարհի վախճանի համար մարդիկ շարունակում են ամսաթվեր ասել,  որոշ գիտնականներ էլ պնդում են, որ մարդկության վերջը կարող է գալ գլոբալ տաքացման կամ համաճարակի պատճառով։ Իսկ ի՞նչ կլինի աշխարհի վերջին օրը՝ հարություն կառնե՞ն մեռածները, մարդը կհասցնի՞ տեղափոխվել Մարս, միգուցե մոլորակի բախտը բերի ու աստերոիդը անցնի կողքով, ոչ ոք չգիտի և իսկապես, միգուցե բարին հենց այն է, որ եթե անգամ վերջին օրն այսօր է, դրա մասին մարդկությունը տեղյակ չէ։

Ցուցադրել ավելի
Back to top button