ԿարևորՀասարակություն

Փակ քննարկում ԱԺ-ում՝ շփման գծում իրավիճակի և սահմանազատման խնդիրների շուրջ

Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը և ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը խորհրդարանում, դռփակ ձևաչափով այսօր պատասխանել են պատգամավորների հարցերին:

Քննարկվել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակն ու սահմանազատման խնդիրները: Այսպես, Կառավարությունը ընդառաջել է ընդդիմության շաբաթներ առաջ արած առաջարկին:

Խորհրդարանում ներկայացվել է 44-օրյա պատերազմին վերաբերող ևս մեկ հարց․ ստեղծվելու է քննիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի պատերազմի  հանգամանքները։

Ուղիղ մեկուկես ժամ անջատված էր ուղիղ հեռարձակումը ԱԺ նիստերի դահլիճից: Ներսում էին պատգամավորները, Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը և ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը:

Այն, ինչ հայտնի է դռնփակ հրատապ քննարկումից հետևյալն է. պաշտոնյաները խորհրդարանում էին պարզաբանելու Հայաստանի և Ադրբեջանի շփման գծում տիրող իրավիճակն ու սահմանազատման խնդիրները: Հանդիպումից հետո խորհրդարանից հեռանում էին արագ, առանց լրագրողների հարցերին պատասխանելու: ՔՊ-ական պատգամավորները բացատրում էին՝ պաշտոնյաներն ուշանում են և ժամանակ չունեն: 

«Ժողովուրդ ջան, իրոք, շատ շտապում է ինքը»:

Նախաձեռնությունը ընդդիմադիր պատգամավորներինն էր, դեռ շաբաթներ առաջ պահանջում էին այսպիսի քննարկում: Հենց սկզբից՝ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի պնդումներից պարզ դարձավ՝ ոչ բոլոր հարցերի պատասխանները կստանան, քանի որ որոշ պաշտոնյաներ, որոնց ընդդիմությունը ցանկացել էր տեսնել խորհրդարանում, չեն գալու․  

Արծվիկ Մինասյան. «Պարո՛ն Ռուբինյան, Արտաքին գործերի նախարարին էլ էինք առաջարկել ներգրավել, որովհետև բավականին հարցեր վերաբերում էին նաև իր ոլորտին»:

Ռուբեն Ռուբինյան. «Ես ընդդիմության առաջարկը փոխանցել եմ կառավարությանը, և ըստ էության կառավարությունը հարկ է համարել նշյալ պաշտոնյաներին գործուղել ԱԺ այդ քննարկման համար»:

Սպասված ակնկալիքը քննարկումից չստացավ «Պատիվ ունեմ» խմբակցությունից պատգամավոր, Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը: Նա քննարկումից դուրս եկավ՝ այն կիսատ թողնելով․

«Ես խորը հիասթափված եմ, որովհետև որևէ հարցի, ըստ էության, ոչ մի պատասխան չի տրվում, ոչ մի հարցի: Ինչ հարցնում ենք՝ ասում են՝ պետական գաղտնիք է: Սա ուղղակի արհամարհանք է խորհրդարանի նկատմամբ: Ամեն ինչից կիսատեղյակ՝ կամ ձևանում է, կամ այդպիսի հայտարարություններ է անում (ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը- խմբ.) և խուսափում է կոնկրետ հարցերին կոնկրետ պատասխաններ տալուց: Սա ուղղակի անիմաստ քննարկում է»:

Որոշ գաղտնի տեղեկություններ պաշտոնյաներին հաղորդվել են, բայց Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հանդիպումից հետո լրագրողներին զգուշացրեց՝ այդ խնդիրներին չի անդրադառնա: Սահմանային վիճահարույց լուրերը պարզելու համար նա առաջարկել է խառը հանձնաժողով ստեղծել և այցելությունների միջոցով ճշտել իրականությունը: Խոսքը տվյալ դեպքում Փայլասարի հետ կապված խնդիրների մասին է: Ընդդիմադիր պատգամավորները ակնկալում էին խորհրդարանում տեսնել գերատեսչությունների առաջին դեմքերին, որոնք տիրապետում են քաղաքական, ռազմավարական, ռազմաքաղաքական  և իրավական հենքերին: Քանի որ այդ ղեկավարները խորհրդարան չէին գնացել, ընդդիմադիրները շատ հարցերի պատասխաններ այդպես էլ չեն ստացել:

Հրատապ քննարկումից Սեյրան Օհանյանը մի քանի եզրակացություն է արել. «Չստացանք հարցերի պատասխաններ, որոնք ուղղված պետք է լինեին պատերազմից հեւտո իրավիճակի գնահատմանը, դրա շրջանակում մեր պետությունում ռազմավարական վերանայման իրականացմանը: Նկատի ունեմ գնահատումը՝ ամբողջությամբ անվտանգության միջավայր և Հայաստան-Ադրբեջան շփման գծի վիճակը և Հայաստանի կողմից ձեռնարկվող միջոցառումները: Երկրորդ եզրակացությունը՝ որևէ հենք չի եղել, որ հայկական զորքերը հետ քաշվեն այն դիրքերից, որտեղ պատերազմը ավարտվել է, հատկապես Սյունիքի և Գեղարքունիքի հատվածում: Մեր եզրակացությունը մեկն է՝ այդ ամենը իրականացվել է բանավոր կերպով ՀՀ իշխանությունների կողմից: Թե ում կողմից՝ թող իրենք գնահատեն և մեր հանրությանը ներկայացնեն»:

Պատերազմից հետո Հայաստանի սահմաններին առնչվող հարցերն ու ընդդիմադիր համայնքապետերի պահանջատիրությունը իր տեսանկյունից պարզաբանում էր կալանավայրից գրավով ազատված և պատգամավորի երդումն այսօր տված Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը: Խոսում է համայնքապետերի և պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի հանդիպման մասին:

«Դեկտեմբերի 17-ին մեզ ասում է՝ ձեզ մինչև վաղը 17.00-ը ժամանակ, բոլոր տեղերից պետք է հետ գաք: Այն ժամանակ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներն ասել են՝ ով որտեղ կանգնած է, պետք է մնա այնտեղ: Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ոչ մի տեղ նշված չէ, թե ինչ պայմանագրով, որտեղ է գրված, որ մենք պետք է հետ գանք, նախարարին ինչ հարցնում էինք, ասում էր՝ ես տեղյակ չեմ, վաղը ժամը 17.00-ին բոլորդ պետք է հետ գաք: Այդտեղից են առաջացել մեր մտահոգությունները: Գորիսի, Խնձորեսկի և Զանգեզուր, Կուբաթլուն լրիվ հետ է եկել:

-Այն դիրքերը, որից հետ եք եկել, հիմա այդ հատվածում ադրբեջանական ուժե՞ր են տեղակայված:

Այո:

-Իսկ Սև լճի հատվածո՞ւմ:

Սև լճի տարածքից տեղյակ չեմ»:

Ընդդիմադիր գործիչների «բացահայտումների» անկեղծությանը «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները վերապահումով են մոտենում: Տարբեր հարցազրույցները, նախընտրական արշավներում տարատեսակ լուրեր շրջանառելը մանիպուլյատիվ են համարում խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանն ու պատգամավոր Դավիթ Դանիելյանը․

Նազելի Բաղդասարյան. «Չեղած սահմանային ցանկացած հարցը բերում և սարքում են ինչ-որ օրակարգ, որով այս կառավարությունը «հայրենիք է հանձնում»: Լո՞ւրջ եք ասում: Երբ ձեր լրատվամիջոցները ամեն անգամ մարդկային հույզերի և նյարդի վրա խաղալով փորձում են ասել, որ Գորիսը կորցնում ենք, Զանգեզուրը կորցնում ենք, մի հատ էլ Շիրակից են մտնելու, այդ դուք ո՞ւմ եք ծառայում, այդ ձեզ ո՞վ է վճարում»:

«ՏԻՄ ընտրությունները յուրատեսակ ինդիկատոր էին մեզ համար: Մենք պարզեցինք, որ տարբեր ընդդիմադիր գործընկերներ պատրաստ են հայտարարություններ անել անվտռանգության վերաբերյալ, սահմանային իրադրության վերաբերյալ, չնայած այդ հայտարարությունների մեջ, գրեթե իրականություն չկար, ինչպիսին էր, օրինակ Փայլասարի վերաբերյալ հայտարարությունը»

Թացը չորից զատելու, իրականությունը և պատերազմի հանգամանքները պարզելու համար մոտ ժամանակներս կստեղծվի խորհրդարանական քննիչ հանձնաժողով։ Աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, վճռական քայլերի մասին այս ամսվա սկզբին Քննչական կոմիտե այցի ժամանակ խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Չեմ կարծում, թե այդ պատասխանները պիտի ակնկալենք միայն Քննչական կոմիտեից, որովհետև, ի վերջո, խնդիրն ավելի լայն համատեքստ ունի, և կարծում եմ՝ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովն այդ լայն համատեքստին ավելի ընդարձակ կանդրադառնա: Բայց նաև կարևորում եմ պատերազմի հանգամանքների հետ կապված քրեական գործերի արդյունավետ նախաքննությունը, որպեսզի մեր հանրությունը և մեր նահատակների հարազատները կոնկրետ հարցերին ստանան կոնկրետ պատասխաններ: Ընդ որում, այստեղ որևէ կանխավարկած նկատի ունենալը կլինի ճակատագրական սխալ: Պարզապես պետք է ձևակերպված հարցերն ստանան օբյեկտիվ պատասխաններ, որպեսզի մեղավորության կամ անմեղության մասին պնդումները հիմնված չլինեն անհատական ընկալումների և իրավիճակի ոչ ամբողջական պատկերացման վրա»:

Պատճառը, թե ինչո՞ւ իշխանությունը չզիջեց ընդդիմությանը քննիչ հանձնաժողովի ձևավորման և ղեկավարման իրավունքը, շատ հակիրճ ձևակերպել է նաև Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը.

«Այդ հանձնաժողովի պատասխանները ավելի շատ մեզ են պետք, քան ընդդիմությանը>:

Հանձնաժողովի ձևավորման համար արդեն խորհրդատվական թիմ է աշխատում: Նախատեսել են, որ քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի համեմատ այս մեկի  փորձագիտական թիմը պետք է լինի տասնապատիկ մեծ ու ներառական:

Փորձում են հաղթահարել իրավական խոչընդոտները՝ աշխատանքներին արտախորհրդարանական ուժերին մասնակից դարձնելու համար: Մինչ այս խնդիրների լուծումը՝ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքում գրել է, որ ընդգրկվելու է մասնակցելու է քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։ Հավանական է, որ այդ աշխատանքներին մասնակցեն նաև Սամվել Բաբայանն ու Նորայր Նորիկյանը: Երեքն էլ մասնակցել են վարչապետի և արտախորհրդանական ուժերի խորհրդի նիստին:

Սա նշանակում է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրվելու են տարբեր հարթություններում՝ խորհրդարանում, Քննչական կոմիտեում և Գլխավոր դատախազությունում:

Ցուցադրել ավելի
Back to top button