ԿարևորՀասարակություն

Նոր մարզադաշտ-խաղահրապարակ Գորիսում

Գորիս համայնքի Անկախության 2 և Մաշտոցի 1 հասցեների բազմաբնակարան շենքերի հարակից տարածքում տեղի է ունեցել հիմնանորոգված մարզադաշտի և նոր մանկական խաղահրապարակի պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա են եղել Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Քոչարյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, ծրագիրն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ այդ թվում ԱՄՆ պետդեպարտամենտի բնակչության, փախստականների և միգրացիայի հարցերով բյուրոյի տարածաշրջանային համակարգող տիկին Ռենե Լարիվիերին, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով պաշտոնյա տիկին Քրիստինա Հանսելը, Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ՓԳՀ ներկայացուցիչ Աննա Կարին Օստը, ՄԱԿ-ՓԳՀ միջազգային աշխատակից Ռասել Ֆրեյզերը, ինչպես նաև ՄԱԿ-ի փախստականների գործակալության արտաքին կապերի պատասխանատու տիկին Անահիտ Հայրապետյանը, և համայնքի բնակիչներ:

Մինչ բացման արարողությունը հյուրերը հանդիպում են ունեցել Գորիսի համայնքապետարանում, որի ընթացքում քննարկվել են նախկինում իրականացված ծրագրերը, համայնքում առկա խնդիրները, ինչպես նաև հետագա համագործակցության համար հնչեցին նոր ծրագրային առաջարկներ:

Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Քոչարյանը Ռենե Լարիվիերիին հանձնել է շնորհակալագիր արդյունավետ համագործակցության համար։ Համայնքապետարանի հետ համատեղ իրականացված ծրագրերից է նաև մարզադաշտի վերանորոգումն ու խաղահրապարակի կառուցումը:

Բացման արարողությունը սկսվել է «Վահե Մելքումյան» պարային ստուդիայի սաների գեղեցիկ կատարումով, այնուհետև հյուրերին ողջունել է Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի պետ Արմինե Հովակիմյանը:

Գորիսի մանկապատենական մարզադպրոցի սաները վերանորոգված մարզադաշտում հանդես են եկել ցուցադրական ելույթներով, իսկ Գորիս համայնքի մանկական գրադարաններում գործող զարգացման կենտրոններ հաճախող երեխաներն իրենց ձեռքի աշխատանքները նվիրել են հյուրերին՝ հայտնելով իրենց շնորհակալությունն ու գոհունակությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button