ԿարևորՀասարակություն

Մխիթար Զաքարյանը կմնա կալանքի տակ

Երեքշաբթի մեկնարկած Ազգային ժողովի նիստում ընդդիմադիր պատգամավորները ծափահարություներով դիմավորեցին «Հայաստան» դաշինքի պատգամավոր, Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանին, ում կալանքը Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ փոխարինվել է գրավով։

Նույն խմբակցության մեկ այլ պատգամավորի՝ Մեղրի համայնքի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանի խափանման միջոցը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը չի փոխել։

Ինչպե՞ս է կազմվել Մեղրի համայնքի գլխավոր հատակագիծը, կառավարության համապատասխան որոշումով հստակ սահմանված է, թե համայնքին պատկանող որ տարածքները կարող են օտարվել, որոնք՝ ոչ։ Եթե մարզպետը, որպես վերադաս, հանձնարարում է կազմել օտարման թույլտվություն ենթադրող որևէ փաստաթուղթ, և օրերից մի օր պարզվում է, որ նրան սխալ եզրակացություն են ներկայացրել՝ ո՞վ է պատասխան տալու։

Այս և նման մի շարք հարցեր Մեղրի համայնքի նախկին ղեկավար, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ուղղեց դատարանում հենց Մխիթար Զաքարյանի գործի լսման ժամանակ։ Հարցերի մի մասին պատասխանում էր գործով վկա՝ Սյունիքի  մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մուշեղ Կոստանդյանը, որը համայնքին պատկանող կոնկրետ հողատարածքի օտարման վերաբերյալ մարզպետին տվել է բացասական եզրակացություն։ Եւ չնայած վերջինին՝ Մեղրիի քաղաքապետն, այնուամենայնիվ, հողի օտարման թույլտվություն է տվել։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ շարունակվում է Մխիթար Զաքարյանի դատաքննությունը։ Զաքարյանն ու նրա երկու գործընկերները մեղադրվում են Մեղրի համայնքի գլխավոր հատակագծում որպես արգելոց նշված հողատարածքն օտարելու մեջ, ինչի հետեւանքով պետության և համայնքի իրավունքներին ու օրինական շահերին անզգուշությամբ պատճառվել են ծանր հետևանքներ։

Նախաքննական մարմինը քրեական գործի համար հիմք է ընդունել նաեւ Սյունիքի մարզպետի գրությունը, որ Մեղրիի համայնքապետն իրավունք չուներ նման որոշում կայացնել։ Դատակոչված վկային պաշտպանական կողմը մոտ մեկ ժամ հարցեր էր տալիս՝ փորձելով պարզել, թե վկան՝ Մուշեղ Կոստանդյանը, ինչո՞ւ է նույն գործի հետ կապված երկակի տեսակետ հայտնել։

Մարզպետի հետ որևէ ազգակցական կապ ունե՞ք։

Ոչ։

Էդ դեպքում ինչպե՞ս եք բացատրում Ձեր երկակի մոտեցումը հետևյալ հարցին։ Եթե համայնքի ղեկավարն է ստորագրել, ուրեմն պատասխանատուն է համայնքապետը, իսկ եթե մարզպետի գրությունն է, ապա պատասխանատուն ասացիք դուք  եք, ինչո՞ւ չասացիք մարզպետարանը»։

Մուշեղ Կոստանդյանը շեշտեց, որ Սյունիքի գրեթե բոլոր մարզպետերի հետ աշխատել է, ուստի մարզպետի ով լինելն իր համար որոչիշ չէ, ինքը պարզապես իր գործն է անում իր լիազորության շրջանակում։

Եվ իմ համար նշանակություն չունի, թե ով է մարզպետը և ինչ է մտածում, ես իմ գործն եմ անում։

Այստեղ տեղի տվեցին ամբաստանյալ Մխիթար Զաքարյանի նյարդերը․

-Ով ինչ ասել է, արել ես։

Վկաներին լսելուց հետո Զաքարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատարանին միջնորդեց գրավ կիրառել և փոխել խափանման միջոց կալանքը։

Երեմ Սարգսյան. «Մենք էսօր հարցաքննեցինք բոլոր վկաներին։ Փաստաթղթերի հետազոտման փուլն ավարտվեց։ Եթե խոչընդոտ կար, որ Մխիթար Զաքարյանը, մնալով ազատության մեջ, կարող էր ազդել վկաների վրա, ապա այժմ այդ հանգամանքը վերացել է։ Եթե նույնիսկ չնչին կասկած էլ կա, հարգելի դատարան, ակնհայտ է, որ դա էնքան է նվազել, որ կալանքն այստեղ որևէ նշանակություն չունի»։

Դատախազն առարկեց միջնորդության դեմ՝ պատճառաբանելով, որ ամբաստանյալները դեռ չեն հարցաքննվել, ինչը նշանակում է, որ Զաքարյանը, հայտնվելով ազատության մեջ, կարող է խոչընդոտել գործի հետագա ընթացքը։

Դատավոր Նապոլեոն Օհանյանը մոտ մեկուկես ժամից, դուրս գալով խորհրդակցական սենյակից, մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը։ Ազգային ժողովի պատգամավոր Մխիթար Զաքարյանը կշարունակի մնալ կալանքի տակ։  

Ի դեպ, գործով անցնող 3 ամբաստանյալներն էլ՝ Մխիթար Զաքարյանն ու իր երկու գործընկերները, հրաժարվեցին ցուցմունք տալուց։ Դատական հաջորդ նիստը նոյեմբերի 16-ին է։ Դրա ընթացքում կհրապարակվեն նախաքննական մարմին ամբաստանյալների տված ցուցմունքները։

Ցուցադրել ավելի
Back to top button