ԿարևորՀասարակություն

Կրթությունը՝ առողջապահությանը «զոհ»․ որոշ բուհեր անցնում են հեռավարի

Դպրոցներում արձակուրդները ևս մեկ շաբաթով կերկարացվեն, իսկ բուհերին առաջարկվել է դասերն, ըստ անհրաժեշտության, կազմակերպել հեռավար։ Կարգավորումը ԿԳՄՍ նախարարությանն է, առաջարկը՝  առողջապահությանը։

Հիմք ընդունելով COVID-19 համավարակի տարածմամբ ՀՀ-ում ստեղծված համաճարակային իրավիճակը և վերջին օրերի ընթացքում հիվանդացության կտրուկ ավելացման միտումը՝  առաջարկվել է հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 15-ը բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը կազմակերպել առցանց։

Դասացուցակները չեն փոխվի, իսկ  դասապրոցեսը կիրականացվի նախապես հաստատված և հրապարակված դասացուցակներով։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում դասերը հոկտեմբերի 26-ից հեռավար են։ Սա առաջին բուհերից է, որն  անցնում է հեռավարի ու մինչև նույեմբերի 15-ը առցանց կկազմակերպի ուսուցումը։ Առցանց դասերի կազմակերպման Zoom-ի հղումները ուսանողներին կտրամադրեն դասախոսները։ Բուհի գրադարանն աշխատանքային օրերին ու ժամերին բաց է լինելու,  սպասարկելու է անխափան՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը։ Բուհն իր նորագույն տեխնոլոգիաներով փորձելու է ապահովել արդյունավետ հեռավար կրթություն, սակայն պրոռեկտորը միաժամանակ ընդունում է՝ սա չի կարող լիարժեք  փոխարինել առկա ուսուցմանը․ սա խնդիր է ոչ միայն հայաստանյան բուհերում, նույն խնդիրն ունեն նաեւ աշխարհի առաջատար բուհերը։

«Հեռավար կրթության ընթացքում, բնականաբար, որոշակի խնդիրներ կան։ Դասախոսության ընթացքում ուսանող-դասախոս անմիջական շփումը լսարանում շատ ավելի արդյունավետ է, քան՝ երբ դու համակարգչից այն կողմ ես։ Շատ դեպքերում ուսանողները մի փոքր բարդութավորվում են չհասկացածը հարցնել էկրանից այն կողմ գտնվող դասախոսին։ Որակապես էլ հեռավարը չի կարող ապահովել այն նույն մակարդակը, ինչը հեռավարն է ապահովում»։

Հեռավա՝ առցանց ուսման է անցնում նաև Մայր բուհը։ Անցյալ տարվա փորձը շատ օգտակար է եղել, այս անգամ շատ ավելի պատրաստված են անցնում հեռավարի՝  հավաստիացրեց ԵՊՀ մամուլի խոսնակ Ազնիվ Գրիգորյանը։

«Անցյալ տարվա փորձը ցույց է տվել, որ ուսանողերի 80 տոկոսից ավելին մասնակցում էր դասապրոցեսներին։ Նշանակված էին պատասխանատուներ, որոնք հետևում էին, որ հեռավար դասապրոցեսը  պատշաճ իրականացվի։ Արդյունավետության վերաբերյալ գնահատականներ  այս պահին չեմ ցանկանում տալ»։

Կրթական գործընթացում պարտադրված այս փոփոխությունները մտահոգում են կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանին։ Հեռավար կրթությունը կարող է լրացնել, ոչ թե փոխարինել՝ նկատում է։  Թեև նորագույն տեխնոլոգիաները բավականին օգտակար են և ավելի ճկուն են դարձնում դասապրոցեսը, միևնույն է՝ առկա ուսուցումը շատ ավելի արդյունավետ է՝ ասում է Խաչատրյանը։

«Եթե նախորդ ալիքը շատերի համար փորձարկման պես էր, ուզում էին հասկանալ՝ հեռավարն ինչպե՞ս կարդարացնի իրեն, այժմ երբ արդեն հստակ է, որ ամեն դեպքում առկան է ավելի արդյունավետ։ Վերադարձը հեռավարին շատերի համար լինելու է հիասթափեցնող։ Անշուշտ նաև  ազդելու է կրթության որակի վրա։ Հայտնվեցինք նորից մի իրավիճակում , երբ պետք է կրթությունը զոհաբերենք հանուն առողջության»։

COVID-19-ով հիվանդացության կտրուկ ավելացմամբ մտահոգ՝ առողջապահության նախարարությունը մասնագիտական կրթության և ուսուցման, բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատություններին առաջարկել է անցնել հեռավար կրթության։ Նույն հիմքով դպրոցներին էլ առաջարկվել է ևս մեկ շաբաթով արձակուրդները երկարաձգել։ Արդյո՞ք սահմանափակումները վերաբերելու են նաև  նախադպրոցական ուսումնական հաստատություններին։  

Կրթության նախարարության Հանրակրթության վարչության հանրակրթական և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը տեղեկացնում է՝ «Մանկապարտեզների մասով նման առաջարկ չի եղել, նպատակահարմարության վերաբերյալ գրություն չենք ստացել և չենք քննարկում»։

Կրթական գերատեսչության  պաշտոնյան փոխանցեց՝ նպատակահարմար չի համարվել անգամ դպրոցների առցանց ուսուցմանը անցնելը։ Դեռ արձակուրդն է մեկ շաբաթով երկարաձգվում՝ հետագայում բաց թողնվածը լրացնելու պայմանով։ Կրթական գործընթացին առնչվող որոշումները կարող են փոփոխվել՝ ըստ համավարակով պայմանավորված իրավիճակի, իսկ մինչ այդ առողջապահգական ոլորտի մասնագետներն են զգոնության իրենց կոչ-հորդորն ուղղում բնակչությանը, որպեսզի կրթությունը «զոհ» չդառնա առողջապահական խնդիրներին։

Ցուցադրել ավելի
Back to top button