ԿարևորՀասարակություն

Covid-19-ը ախտահարում է նաև հոգին․ Հայաստանի բնակչության 60%-ը միջին և ծանր սթրես ունի

Քովիդով վարակված անձանց 60 տոկոսը ապաքինումից ամիսներ անց էլ վարակին բնորոշ սիմպտոմներ ունի՝ թուլություն, մկանային ցավ, կողմնորոշման ու հիշողության խանգարումներ, համի ու հոտի կորուստ կամ աղավաղում։ Տվյալները առողջապահության նախարարության ընտանեկան բժշկության հարցերով խորհրդատու Սամվել Հայրումյանն է ներկայացնում՝ հղում անելով կատարված հետազոտություններին։ ԱՄՆ-ում, օրինակ, դրանք ցույց են տվել, որ 236 000 պացիենտների ավելի քան մեկ երրորդը հիվանդությանը  հաջորդած 6 ամիսների  ընթացքում ուղեղի կամ նյարդերի ախտահարում է ունեցել, 18 տոկոսը՝ տագնապային, շուրջ 2 տոկոսը՝ հոգեբանական խանգարումներ։

«Իսրայելում վարակված-առողջացած 13 000–ից ավելի երեխաների են հետազոտել։ Նույնիսկ այդ տարիքային խմբում 6 ամիս և ավելի նկատվել են որոշակի հետևանքներ՝ ընդհանուր թուլություն, գլխացավեր, հոդացավեր։ Հետաքրքիրն այն է, որ նույնիսկ ասիմպտոմ վարակվածների 3,4 տոկոսի մոտ եղել են հետքովիդային գանգատներ 6 ամիս»։

Քովիդը ամենաագրեսիվ և բարդություններ առաջացնող հիվանդությունն է՝ կարծում է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը։ Նախաքովիդյան առողջությունը պայմանավորում է հետքովիդյան վիճակը։

«Ցանկացած բարդություն պայմանավորված է մարդու օրգանիզմի ռեսուրսներից։ Նույն հագուստով նույն ցուրտ ջերմաստիճանում կանգնած 3 մարդուց մեկին ոչինչ չի լինի, մեկը կհիվանդանա, մեկը կհայտնվի հիվանդանոցում։ Քովիդը կարծես օրգանիզմի թեստ լինի»։

Չնայած շուրջ երկամյա պատմությանը, վարակն առողջապահական համակարգի համար դեռ նոր է։ Հայրումյանն ու Սողոյանը հորդորում են՝ տեղյակ լինել հնարավոր հետևանքներին, իսկ մնացածը վստահել բժիշկներին․

«Ցանկացած դեպքում, երբ մարդն ունի գանգատներ, պիտի դիմի մասնագետի, լավագույն դեպքում ընտանեկան բժիշկներին, որոնք բոլորը պոլիկլինիկայում աշխատում են, ու բացարձակապես անվճար են մատուցում ծառայություններ։ Եթե ունեք խնդիր՝ պետք չի թողնել, որ խնդիրն իրեն իրեն կամ անցնի, կամ բարդանա։ Միգուցե այն, ինչ ներկայացնում է տվյալ քաղաքացին, ինչ–որ վատ բանի առաջին դրսևորումներն են։ Գուցե մտածի՝ հա, կարող է քովիդի բարդություն է, չդիմի, հետո պարզվի, որ իր մոտ ուռուցք է առաջացել, որը սկզբից դիմեր՝ կվիրահատեին, կփրկվեր»։

Սողոյանը ներկայացնում է՝ վարակի առողջական հետևանքների համատեքստում ուսումնասիրել են նաև Քովիդի հետևանքները հոգեկան առողջության վրա։ Քովիդը կարող է հարվածել բոլոր օրգաններին, այդ թվում՝ կենտրոնական նյարդային համակարգին․

«Եթե ախտահարվում է նաև ուղեղը, ապա կարող է տեղի ունենալ հոգեկանի խանգարումներ՝ սկսած ճանաչողական ֆունկցիաների ընկճումից, հիշողության վատացում, եզրահանգումներ անելու դժվարություն, համի ու հոտի աղավաղումներ, ընդհուպ մինչև հալիցինացիաներ»։

Մասնագետները նշում են՝ վարակն ասիմպտոմ անցկացնելու դեպքում վախով պայմանավորված հոգեկան խնդիրներ չեն առաջանա, սակայն այն, ամեն դեպքում, կարող է գործել ու ազդել կենտրոնական նյարդային համակարգի վրա։ Քովիդի՝ հոգեկան առողջությանը հասցված վնասներն առաջին անգամ Հայաստանում ուսումնասիրվել են 2020 թվականի մայիս-հունիս ամիսներին։ Սողոյանը նշում է՝ առաջին ալիքի ժամանակ ամեն օր գրանցվող մահերը մեծամասամբ չէին հասնում տասնյակի, հիմնական խնդիրն անորոշությունն էր ու «մարդը մարդուց հեռու» ապրելակերպը․

«Հետազոտությունները ցույց տվեցին, որ բնակչության 40 տոկոսը գտնվում էր միջին և ծանր սթրեսի ազդեցության տակ, մոտ 35 տոկոսի մոտ դեպրեսիայի նշաններ էին արտահայտվում և 20 տոկոսի մոտ առկա էին հոգեմարմնական խանգարումներ, այսինքն՝ մարմնական գանգատներ, որոնցից շատերը իրենց հիմքում ունեին հոգեբանական խնդիրներ»։

Մեկ տարի անց՝ այս տարվա մայիս-հունիսին կատարված հետազոտությունները ավելի մտահոգիչ են՝ միջին և ծանր սթրեսի ազդեցության տակ է բնակչության 60 տոկոսը, իսկ 30 տոկոսը հոգեմարմնական խնդիրներ ունի։ Իհարկե, մեծ է նաև պատերազմի գործոնը։ Սակայն վարակի պատճառով գրեթե ամեն օր ժամում երկու մարդ է մահանում, ինչի մասին իմանալն անհետևանք մնալ չի կարող։

Back to top button