ԿարևորՀասարակություն

30 հզ դրամ տուգանք՝ պոլիէթիլենային տոպրակով ապրանք վաճառելու դեպքում․ օրենքն ուժի մեջ կմտնի 2022-ի հունվարի 1-ից

Անցած գարնանը՝ ապրիլին, Ազգային ժողովը փոփոխություն կատարեց «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում։ Համաձայն փոփոխության, 2022 թ. հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում արգելվում է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը։ «Ռադիոլուր»-ի զրուցակիցը Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանն է։

«Միայն մինչև 50 միկորն հաստության տոպրակներն են արգելվելու, դրանք այն տոպրակներն են, որոնցով սպառողը ապրանքը տուն է բերում։ Դրանից հաստ տոպրակների օգտագործումը արգելված չէ, որովհետև դրանք ենթակա են բազմակի օգտագործման։ Չեն արգելվելու նաև կշռափաթեթավորման համար նախատեսված պարկերը, որոնք բռանկներ չունեն, սանիտարական նպատակով են օգտագործվում, օրինակ՝ բրինձ, ալյուր և այլ ապրանք փաթեթավորելու համար։ Նշեմ նաև, որ այս չափորոշիչները վերցրել ենք միջազգային փորձից»,- ասում է Լուսինե Ավետիսյանը։

Էկոլոգիական տեսանկյունից՝ վնասակար, մինչդեռ կենցաղում պոլիէթիլենային տոպրակները շատ սպառողներ համարում են հարմար և պիտանի։ Մեր հարցմանը մասնակիցներից մենկ ասում է՝ գործնականում դեռ չի պատկերացնում, թե ինչով են փոխարինվելու դրանք, բայց եթե առաջարկվի խելամիտ այլընտրանք, պատրաստ է վճարել:

«Իհարկե, շրջակա միջավայրին պոլիէթիլենային տոպրակները վնաս են հասցնում, բայց դրանք հարմար են առօրյայում օգտագործելու համար։ Մարդիկ սովորել են դրան, և շատ կարևոր է, թե ինչ այլընտրանք է առաջարկվելու»։

Սոֆի Թովմասյանի կարծիքով էլ շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարությունը շատ ավելի խորքային խնդիր է։ Օրենքը թղթի վրա՝ մի բան է, կիրառումը կյանքում՝ մեկ այլ բան։

 «Կարծում եմ, որ մինչ այս փոփոխության կիրառումը ունենք այլ խնդիր, այն է՝ մարդուն կրթելը ու թեմայի հետ ծանոթացնելը։ Ես ինքս արդեն 3 տարի է տեսակավորում եմ աղբը, և ցավալի է տեսնել, թե ինչպես է մարդը վարվում աղբի հետ։ Ես դրական եմ վերաբերվում այս փոփոխությանը, վաղ թե ուշ պիտի գայինք դրան, ուղղակի եթե մեր պետությունն ուզում է, որ այս փոփոխությունը շուտ կյանքի կոչվի, պետք է սկսի իրազեկել»,-ասում է Սոֆի Թովմասյանը։

Հայաստանում տարեկան մոտ 12 տոննա պոլիէթիլենային տոպրակ է սպառվում։ Դրանց և՛ արտադրությունը, և՛ սպառումը վնաս են հասցնում  շրջակա միջավայրին, ասում է Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը։ Լուսինե Ավետիսյանի խոսքով՝ պոլիէթիլենային տոպրակներին այլընտրանք կարող են լինել կենսաքայքայվող տոպրակները և էկո պայուսակները։ Օրենքի փոփոխությունը  պոլիէթիլենային տոպրակ արտադրողների սրտով չէ։ Կառավարությունը նրանց առաջարկել է անցնել կենսաքայքայվող հումքով արտադրության, արձագանք դեռ չկա։

«Հայաստաում կա մոտ 40 պոլիէթլիենային տոպրակ արտադրող։ Խոշոր արտադրողները 10-ն են, և այս օրենքն իրենց համար այդքան էլ ընդունելի չէ, որովհետև այն ծավալը արտադրանքի, որ ունեին, էլ չեն կարողանալու արտադրել։ Բայց մենք նրանց հետ քննարկումներ են ունեցել, առաջարկել ենք կենսաքայքայվող հումքով տոպրակներ արտադրել, և դրանց արտադրությունը  նոր սարքեր, նոր տեխնոլոգիաներ չի պահանջում, ուղղակի գինն է տոպրակի թանկանալու, ինչի կիրառելությունն էլ միայն ապագայում կարող ենք տեսնել»,- ասում է Լուսինե Ավետիսյանը։

2022 հունվարի 1-ից առևտրի կետերում պոլիէթիլենային տոպրակ օգտագործելու համար նաև վարչական պատասխանատվություն է սահմանվում՝ 30 հազար դրամի չափով։ Պոլիէթիլենային տոպրակներից հետո՝ հաջորդը Շրջակա միջավայրի նախարարության թիրախում մեկանգամյա օգտագործման պլաստիկ  սպասքն է։

Back to top button