Հայկական հարց

Փաստաթղթերը հերքում են թուրքական պատմագրության թեզերը․ «Հայկական հարց»

Երբ քեմալականները հարձակվում են Կ․Պոլսի վրա, և արդեն պարզ է դառնում, որ քաղաքն անցնելու էր նրանց ձեռքը, պատրիարք Զավեն Տեր-Եղիայանը հեռանում է՝ իր հետ տանելով Տեղեկատու դիվանի ընդհանուր արխիվը։

Այն ներկայումս պահվում է Երուսաղեմի հայոց պատրիարքարանում։ Այնտեղ կա վիճակագրական բավական հարուստ նյութ Առաջին աշխարհամարտից առաջ ու հետո արևմտահայության վիճակի, թվաքանակի, ժողովրդագրական այլ հարցերի վերաբերյալ։

Ըստ այդմ՝ Արևմտյան Հայաստանում մնացել էին հիմնականում իսլամացված հայեր Խարբերդ, Սեբաստիա նահանգներում, իսկ Բիթլիսը, Վանը, Մուշը, Էրզրումը գրեթե ամբողջությամբ հայաթափվել էին՝ բացառությամբ Սասունի հեռավոր, խուլ գյուղերի, որոնցում նույնպես մնացել էին որոշ քանակությամբ առավելապես մահմեդականություն ընդունած հայերը։

Կ․Պոլսի հայոց պատրիարքարանի աշխատակիցների ահռելի աշխատանքի շնորհիվ պահպանվել են մասնավորապես արևմտահայության թվաքանակին վերաբերող արժեքավոր տեղեկություններ, որոնք, սակայն, իրական վիճակի ամբողջական պատկեր չեն տալիս։

Դրանցից օգտվել են անգամ Փարիզի Խաղաղության համաժողովին մասնակցող արևմտահայերի պատվիրակության անդամները Պողոս Նուբարի գլխավորությամբ։

Առ այսօր ուսումնասիրողները, հենվելով նաև այդ տվյալների վրա, հերքում են թուրքական պատմագրության այն թեզը, որի համաձայն՝ ցեղասպանության տարիներին չէր կարող 1.500.000 հայ զոհվել, քանի որ իբրև թե Արևմտյան Հայաստանում այդքան հայ չէր ապրել։

Թեմային է անդրադառնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Ռոբերտ Թաթոյանը։ «Հայոց ցեղասպանությունը և Արևմտյան Հայաստանի ժողովրդագրությունը»՝ մաս 26-րդ։

Back to top button