Հասարակություն

Սպորտդպրոցում սպասում են իրենց հերոսներին․ նրանցից 26-ը չի վերադառնա

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում 44-օրյա պատերազմում զոհված աշակերտների հիշատակին նվիրված հուշակոթող է բացվել։ Մարզադպրոցի 26 աշակերտ պատերազմից չի վերադարձել։ Հուշակոթողի բացման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ, դպրոցի աշխատակազմն ու սաները, զոհված մարզիկների ծնողներն և հարազատները։ Պատմելու շատ բան ունեն․ տղաները, որ կարող էին հերոս դառնալ մրցադաշտում, հերոսացան պատերազմի դաշտում։

Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում 19 թվին 5 ավարտական դասարան կար։ Բոլոր դասարաններում միասին՝ 186 սովորող, 186-ն էլ տղա։ Ուսուցիչները պատմում են՝ այդ տարի դպրոցի ավարտական բեմն իսկական զորանոց էր հիշեցնում։ Գրեթե բոլոր տղաներին միջոցառումից հետո բանակ էին ճանապարհելու։ Հենց այս սերնդին էր վիճակված պարտադիր զինվորական ծառայության ընթացքում պատերազմ տեսնել։ 5 ավարտական դասարաններից միայն մեկում զոհ չունեցան։ Դպրոցի 26 աշակերտների կյանքն ավարտվեց՝ դեռ չսկսված։

«Համեցեք, սա իմ դասարանն է․․․  Իրենց վերջին զանգի գրատախտակն է, երկու տարի փակ պահել եմ, 29 տղա ուղարկել եմ բանակ։ Ամեն օր պատերազմի ժամանակ բացում էի գրադարանը, աղոթում էի իմ տղաների համար, որ անփորձանք հետ վերադառնան»։

Տիկին Թադևոսյանն այն միակ դասարանի դասղեկն է, որը զոհեր չի ունեցել։ Չգիտեր, որ պատրերազմ է սկսվելու, բայց աշակերտների նկարները վերջին զանգի օրը փակցրեց գրատախտակին ու խոստացավ չբացել այդ գրատախտակն այնքան ժամանակ, մինչև բոլոր աշակերտները ողջ–առողջ չվերադառնան ու իրենց նկարները չվերցնեն։ Պատմում է դասղեկը, որը սպասում է իր հերոսներին․

«Ամեն մեկին, որ նայում էի, չէի  պատկերացնում՝ ինչ ուժի տեր էին, բայց շատ խելացի էին, մեծ մասը ոչ թե ֆիզկուլտ ինստիտուտ ընդունվեց, ընդունվել են իրավաբանական, երկու ինստիտուտ ընդունվողներ ունենք։ Այս տղան դերասան է, և վերջին զանգն ինքն է վարել»։

Տիկին Թադևոսյանի աշակերտները դեկտեմբերին կզորացրվեն, կվերադառնան։ Մյուս դասղեկներին գտա ոչ թե իրենց դասարաններում, այլ դպրոցի բակում՝ 26 աշակերտների անունը հավերժացնող 8 մետրանոց հուշարձանի առաջ։ Պատմում է մանկավարժական 62 տարիներից 32-ը հենց այս դպրոցում անցկացրած պարոն Պալյանը։

«Քիչ էին երևում, իրենց ցույց չէին տալիս, բայց մենք համոզված էինք, որ միշտ իրենք կատարում են այն, ինչ որ անհրաժեշտ է։ Որովհետև բանակային ծառայությունից այդ 32 տարիների ընթացքում ստացել ենք բազմաթիվ շնորհակալագրեր զորամասերից մեր մարզիկների ծառայության համար։ Մեր մարզիկներն առանձնանում էին՝ աչքաբաց, համարձակ, ընկերասեր, օգնող։ Այսօրվա հայ երիտասարդը այդպիսին է, նույնիսկ չի կարելի մտածել հայրենասիրական դաստիարակության մասին, որովհետև այդ դաստիարակությունը նրանք օրորոցից բերում են իրենց հետ։ Ոչ մեկ չի կարող պարծենալ, որ քոլեջն է, դպրոցն է, համալսարանն է։ Ոչ, հայ մայրն առաջին հերթին»։

Հուշարձանը տեղադրելու նախաձեռնությունը Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ, դպրոցը 28 տարի ղեկավարած Դերենիկ Գաբրիելյանինն ու բարերար Հրաչյա Պողոսյանինն են։ Կառուցել են 44 օրում, ճարտարապետը Աշոտ Դալյանն է, որն արցունքն աչքերին է պատմում քար դարձած ցավի մասին։ Հուշարձանի ներքևում Եղիշեի խոսքն է՝ «Մահ ոչ իմացյալ մահ է, մահ իմացյալ՝ անմահություն»,  վերևում  քանդակված են 26 աշակերտների անունները․

«Բարձրացան դարձան խաչ ու մտան խորան, դարձան լույս։ Իսկ էդ տղերքը խոյեր էին, կռվող խոյեր էին, տղա էին, գնացին կռվի, դարձան հրեշտակ,  վերջում էլ՝ երկնքում կրակ»։

«Սա պետք է լինի երդման արարողության տեղ, որ մեր տղաները գան, երդվեն այստեղ, մեկնեն մրցույթների ու հաղթանակներով վերադառնան,– ասում է Օլիմպիական կոմիտեի նախագահ Դերենիկ Գաբրիելյանը,–  Ներողություն եմ խնդրել բոլոր ծնողներից, որ մենք՝ մեծահասակներս, չկարողացանք փրկել մեր զավակներին։ Հազար ներողություն եմ խնդրում»։

Հունան Մանվելյանի մայրը զոհված որդու անունը կրող հուշարձանի բացումից հետո Եռաբլուր է գնալու, Հունանի ծնունդն է, կդառնար 21 տարեկան։ Մայրը պատմում է՝ լավ էր երգում, Կոնսերվատորիա էր ընդունվել։ Հավատում էր, որ որդին հերոս կդառնա սպորտում, երգարվեստում, բայց ոչ կռվի դաշտում․

«Ունի 42 մեդալ, 70-ին մոտ պատվոգիր, գավաթները շատ–շատ են, բրոնզե մեդալակիր է եղել Թուրքիայում, բացի դրանից՝ երգիչ էր, Հունաստան է գնացել, էլի հաղթանակներով եկել»։

26 պատմություններն այսուհետ հուշակոթողի տեսքով տեսանելի կլինեն  քոլեջի տարածքում գտնվող յուրաքանչյուրին։ Ուսուցիչները հույս ունեն, աշակերտները  վստահեցնում են՝ տղաներն իրենց կյանքի, ուսման ու սպորտային հաջողությունների ամենամեծ ոգեշնչումն են լինելու։

Back to top button