ԿարևորՀասարակություն

Հայաստանը տարածքներ նվաճելու մտադրություն չունի, իսկ ազատագրելու մտադրություն ունի՞

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրել է 2022թ.-ի պետական բյուջեի նախագիծը։ Հաջորդիվ այս փաստաթուղթը ոլորտ առ ոլորտ  քննարկվելու է խորհրդարանի գլխադասային հանձնաժողովներում, հետո լիագումար նիստերի դահլիճում։ Վարչապետի ելույթից առանձնացրել ենք պաշտպանության ոլորտին վերաբերող հատվածը։ Հատկացումներն այստեղ ավելացել են 11%-ով` կազմելով 345 մլրդ դրամ։ Նիկոլ Փաշինյանից հետո, սակայն, լայնորեն քննարկվում է ոչ թե բյուջետյին հատկացումների մասը, այլ բոլորովին այլ հատված։ Աիդա Ավետիսյանին լսենք։ 

Հայաստանի Հանրապետությունը տարածքներ նվաճելու մտադրություն չունի,–Ազգային ժողովում 2022 թվականի բյուջեի նախագիծը ներկայացնելիս ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը․

«Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ցանկացած խաղաղասեր  պետություն, զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ  ագրեսիայից պաշտպանվելու համար»։

Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը՝ տարածաշրջանային փորձագետ Կարեն Հովհաննիսյանը նկատում է՝ Հայաստանը երբեք նվաճողական քաղաքականություն չի վարել, այլ ստեղծել է անվտանգության գոտիներ, որոնք անհրաժեշտություն էին բնակչության խաղաղ կենսագործունեության համար։ Ըստ փորձագետի՝ վարչապետի հայտարարությունից ստացվում է, որ  Հայաստանը  նախկինում գրավել է  տարածքներ, ուստի Արցախում և Հայաստանում կորցրած տարածքների  հարցում այսօր պահանջատիրությամբ հանդես գալ չենք կարող․

«Մենք պետք է առաջին պլան բերենք և՛ Շուշիի, և՛ Հադրութի, և՛ Քարվաճառի հարցը։ Քարվաճառում վերաբնակեցվել են Շահումյանից տեղահանվածները։ Այն Շահումյանից, որն Ադրբեջանն օկուպացրել էր  1990–ականներին»։ 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2022 թվականի պաշտպանական բյուջեն նախորդ տարվա համեմատ  կավելանա 11 տոկոսով՝ կազմելով ավելի քան 345 մլրդ դրամ։ Երկրի սահմանների պաշտպանությունը կարևոր առաջնահերթություններից է, և իշխանությունը խնդիր է դրել, որ սահմանները պահպանող սահմանապահ զորքերի թիվը տարեցտարի ավելանա, իսկ ապագայում սահմանները կպահեն միայն սահմանապահ զորքերը։ Նիկոլ Փաշինյան․

 «Մենք հետևողականորեն շարժվելու ենք Հայաստանում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհով, բայց դա անելու ենք սահուն, մտածված  քայլերով՝ քայլ առ քայլ մեծացնելով  զինվորական ծառայության գրավչությունը, բարել ավելով սպայի և սպայական ծառայության կերպարը, զարգացնելով ու բարելավելով ՀՀ պաշտպանական դոկտրինը»։  

 Նիկոլ Փաշինյանի  խոսքով՝ անվտանգության  համակարգի զարգացման իմաստով  կարևոր են բանակի պաշտպանական կարողությունների արդիականացումը և Հայաստանի շուրջ բարենպաստ  արտաքին միջավայրի ձևավորումը։ Վարչապետի ձևակերպումը՝ «պաշտպանական կարողությունների  արդիականացում», ռազմական փորձագետները տեղին չեն համարում։ Մինչև ռազմական  ղեկավարությունը չհասկանա, թե այս պատերազմում, որոնք էին պարտության հիմնական սխալները, չվերլուծի դրանց պատճառները,  բանակաշինությունը ճիշտ ուղղությամբ չի զարգանալու։ «Ռադիոլուրի» հետ զրույցում ռազմական փորձագետ Վան Համբարձումյանն ասում ՝ Ադրբեջանը վարում էր 5–րդ սերնդի անհպում պատերազմ, իսկ Հայաստանը չի կարողացել վերլուծել, թե որն է այդ պատերազմի կոնցեպցիան և ինչպե՞ս պետք է հակազդել դրան․

«Անհպում պատերազմի ամենակարևոր կոնցեպցիան  անօդաչու թռչող սարքերն էին՝ հրետանային կրակը հայտանբերելու և հայկական կողմին հարվածներ հասցնելու համար։ Եթե հայկական կողմը, իրոք, ճիշտ վերլուծեր և ճիշտ ուղղությամբ շարժվեր, ապա հայկական կողմը ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների վրա ակցենտը կդներ։ Իրականում, այս պատերազմը ցույց տվեց, որ անօդաչու թռչող սարքերին լավագույնս հակազդել են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները»։

 Պետք է հասկանալ, թե իշխանությունը բանակն ուժեղացնելու համար որ ուղղությունն է ընտրել,– ասում է ռազմական և տարածաշրջանային փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։ Նոր իրողություններով պայմանավորված՝ նոր դիրքերի, բնագծերի կահավորման լուրջ խնդիրներ կան։ Կահավորումն այս պահին, նրա խոսքով, հավուր պատշաճի չի իրականացվում։

«Պետք է հաշվի առնել, որ առջևում ձմեռ է, և  բարձր լեռնային հատվածներում անցանելիության խնդիրներ ունենք։ Այս առումով մեր աշխատանքները թերի են, և շատ բան կա անելու»։

Բանակն ամրացնելու հարցում առաջին հերթին պետք է  ընտրել  ճիշտ սպառազինությունն ու դրանով առաջ շարժվել,– ասում է «Ռադիոլուր»–ի զրուցակիցը։  

«Բանակաշինությունը որպես այդպիսին, եթե գնահատելու լինել, պիտի ասեմ, որ շատ թույլ է»։

Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև հանրապետության  տարածքից, հատկապես, Սոթք–Խոզնավար հատվածից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման խնդրին։ Ասել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի  ու դեմարկացիայի գործընթացի մեկնարկը բարենպաստ պայմաններ կստեղծի այս խնդրի լուծման համար։ Տարածաշրջանային փորձագետ Կարեն Հովհաննիսյանի մեկնաբանմամբ՝ սահմանագծումն ու սահմանազատումը կարևոր քայլեր են, սակայն վտանգավոր։ Սահմանազատման ու սահմանագծման հիմքում պետք է դրվի Արցախի ու արցախահայության կարգավիճակի հարցը, և կարևոր է, թե ինչ քարտեզներով են գործընթացներն իրականացվելու։

Back to top button