ԿարևորՀասարակություն

Մեկնարկել է Բյուրականյան 7-րդ գիտաճամբարը

Համաձայն ավանդույթի՝ Բյուրականի աստղադիտարանը  կազմակերպել է հերթական գիտաճամբարը, որը նախաձեռնել էր ԲԱ կրտսեր գիտաշխատող Սոնա Ֆարմանյանը։ Այս տարի գիտաճամբարին մասնակցում են 12-14 տարեկան շնորհալի երեխաներ Հայաստանի և Արցախի Հանրապետություններից։

Գիտաճամբարի ծրագիրը, ինչպես ամեն տարի, շատ հագեցած է և մշակված այնպես, որ երեխաները համատեղեն հաճելի ժամանցն օգտակարի հետ:

Թեև այսօր ճամբարի դեռ երկրորդ օրն է՝ երեխաները հասցրել են ոչ միայն ծանոթանալ միմյանց հետ, այլև հանդիպել ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանին, աստղացուցարանում դիտել ֆիլմ և այցելել մի շարք տեսարժան վայրեր։ Ամենից հետաքրքիրը, հավանաբար, այցն էր Տառերի պուրակ, որտեղ երեխաները մասնակցել են հայտնի անձանց անունները կրող ծառերի տունկին՝ Ա․ Միքայելյանի հետ միասին տնկելով Վիկտոր Համբարձումյանի անվան ծառը։

Վերադառնալով աստղադիտարան՝ երեխաները շրջել են աստղադիտարանի տարածքում, ծանոթացել Վիկտոր Համբարձումյանի գործունեությանը վերջինիս տուն-թանգարանում և եղան ամենամեծ՝ 2.6մ հայելու տրամագծով աստղադիտակում:

Աստղադիտարանում գտնվելու ընթացքում երեխաներին դեռ շատ բացահայտումներ են սպասվում:

Գիտաճամբարի կազմակերպիչներն են Բյուրականի աստղադիտարանը, Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի Աստղագիտության զարգացման տարածաշրջանային գրասենյակը և Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ)։

Գիտաճամբարը մասնակիորեն ֆինանսավորվում է Հայ օգնության ֆոնդի կողմից:

Ցուցադրել ավելի
Back to top button