ԿարևորՀասարակություն

Հակոբավանք՝ Արցախի ոսկեղենիկ շղթայի վերջին օղակը

Հոկտեմբերի 21-ին գնում էինք Ստեփանակերտ՝ 18 հոգանոց խմբով։ Արցախ մտնելիս և դուրս գալիս՝ 2 անգամ մեքենայում մեզ հաշվեցին ու մեր անձնագրերը ստուգեցին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ոստիկանները, ռուս խաղաղապահները բավարարվում էին ընդամենը վարորդին հարցնելով՝ քանի՞սն են, մեքենայում օտարերկրացի կա՞, թե՞ ոչ։  Մինչև Ստեփանակերտ նրանց կողմից հսկվող անցակետերը 4-5–ն էին։ Ոչ մի տեղ սպասելու կարիք չեղավ․ հատուկենտ մեքենաներ էին երթևեկում ճանապարհով։ Ճանապարհին ադրբեջանացիներ տեսանք  միայն մեկ անգամ․ հսկում էին մուտքը Շուշի։ Այս հատվածում նաև ադրբեջանական ու թուրքական դրոշներ կային։ 

Մեր խմբում լրագրողներ էին ու «ռեԱրմենիա» համագործակցության և դրամահավաքի հարթակի ներկայացուցիչները։ Այցն Արցախ՝ «Հակոբավանքի վերածնունդ» ծրագրի շրջանակում էր։ Պատերազմի հետևանքով Արցախը կորցրել է 122 եկեղեցի, 13 վանական համալիր։ Կորցրածի համեմատ «Հակոբավանքի վերածնունդ» ծրագրի իրականացումը փոքր, ցավից ու կորուստներից հետո արված խորհրդանշական քայլ է, նաև կարևոր է, որովհետև շուրջ երեք դարյա ընդմիջումից հետո վերանորոգվելու է Հակոբավանքը։  Ծրագիրն իրականացնում է «Հայ ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը»՝ Արցախի կառավարության և Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի հետ։ Մարտակերտի Քոլատակ գյուղում գտնվող սուրբ Հակոբավանքի վերականգնման համար «ռեԱրմենիա» համագործակցության հարթակը դրամահավաք է կազմակերպելու։

Քոլի տակ՝ գյուղ, քոլի գլխին՝ վանք 

Ղարաբաղի բարբառով «քոլը» անտառն է․ անտառի փեշին Քոլատակ գյուղն է, անտառի գլխին՝ Հակոբավանքը։ 44–օրյա պատերազմից առաջ գյուղում բնակչության թիվը 200–ից ավելին էր, պատերազմից հետո՝ 300–ից ավելին․ գրավված գյուղերից տեղահանվածները Քոլատակում շատ են։ Գյուղից վանք ձգվող 1.5կմ զառիվեր ճանապարհն առանց ասֆալտ է ու տեղ–տեղ քարքարոտ։ Հակոբավանքը վերջին անգամ վերանորոգվել է 18-րդ դարում, իսկ 19–րդ դարի վերջից չի գործում։ Այսօր փլուզման եզրին է․ վանքի պատերը ճաքած են, հատակը քանդված, տանիքը թուլացած ու ծածկված բուսականությամբ, բայց  մարդիկ գյուղից բարձրանում են վերև ու մատաղ անում, աղոթում։

Դադիվանք, Գանձասար, Գտչավանք, Հակոբավանք՝ ոսկեղենիկ շղթայի վերջին օղակը

Եպիսկոպասանիստ և կաթողիկոսանիստ Հակոբավանքը եղել է վանական համալիր՝ հիմնադրված 5-7–րդ դարերում։ Տարածքում կան 40-ից ավել վիմագրեր, խաչքարեր, արձանագրություններ։ Վանքի պատերի ներսում հայտնաբերվել է հայկական խաչքարի ամենահին պատվանդանը (853 թ.)։ Վանքի բակում  կաթողիկոսների և եպիսկոպոսների տապանաքարեր կան։  

Հակոբավանքի վերականգնման նախագիծը ճարտարապետ Սամվել Այվազյանինն է։ Նա վանքեր վերականգնելու հարուստ՝ 30 տարվա փորձ ունի, զբաղվել է Դադիվանքի, Սաղմոսավանքի, Թադեի վանքի, Ծործորի վանքի, Հին Ջուղայի Հովվի եկեղեցու վերականգնողական աշխատանքներով։ Ասում է՝ ճարտարվեստի տեսնակյունից անգնահատելի արժեք ունեն Հակոբավանքի կամարները, բեմաճակատները, դռների երեսակալները։  Վանական համալիրում  աշխարհիկ կառույցներ էլ են եղել՝ ուխտավորների համար կացարաններ, մթերանոցներ, սեղանատուն, ախոռներ, թոնիրներ ու ջրավազաններ։

«Հակոբավանք վանական համալիրի վերականգնումը իրականացվելու է փուլերով։ Նախ կվերականգնենք հոգևոր կառույցները՝ հյուսիսային և արևելյան եկեղեցիները, հետո գավիթն ու սյունասրահը։ Նախատեսել ենք նաև պեղման ու մաքրման աշխատանքներ, կոպիտ հաշվարկով՝ ամբողջ վանական համալիրը հնարավոր է 10 տարում վերականգնել»,–ասում է Սամվել Այվազյանը։ 

Առաջիկա երեք տարում նախատեսված է վերականգնել համալիրի հոգևոր կառույցները՝ եկեղեցիները, գավիթն ու սյունասրահը։ Ընդհանուր արժեքը 110 000 000 դրամ է։ Դրամահավաքը կմեկնարկի առաջիկա օրերին, աշխատանքները կսկսվեն 2022թ․ ապրիլին։

Կարևորությամբ ու հոգևոր–մշակութային դերակատարմամբ Հակոբավանքը համեմատվում է Դադիվանքի, Գանձասարի, Ամարասի ու Գտչավանքի հետ, բայց ի տարբերություն սրանց, անցած տասնամյակներում Արցախի ղեկավարությունը չհասցրեց այն վերականգնել, դարձնել գործող հոգևոր կառույց ու զբոսաշրջային ակտիվ ուղղություն։ «ռեԱրմենիա»–ի գործառնական տնօրեն Արտակ Գրիգորյանն ասում է՝ հիմա միասնական ուժերով՝ կառավարություն, անհատներ, կազմակերպություններ, ուզում են տարածքն ակտիվացնել․

«Սկսել ենք Հակոբավանքից, բայց կառավարության զբոսաշրջության զարգացման  ծրագրում, Հակոբավանքից բացի, պատմամշակութային այլ տարածքներ են ընդգրկված՝ Կաչաղակաբերդ, Կոշիկ անապատ։ Արդեն իսկ կան դեպի Կաչաղակաբերդ տանող հայտնի քայլուղիներ։ Կարևոր է ժամանակի ընթացքում, Հակոբավանքի վերականգնմանը զուգահեռ, նոր քայլուղիների մշակումը»։

Արցախի սրբավայրերը ուխտավորի կարիք ունեն

Հոկտեմբերի 22-ին ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես սրբազանը Հակոբավանքում աղոթք արեց, խնդրեց, որ Աստծու օրհնությամբ գա օրը, երբ Հակոբավանքում սուրբ պատարագ կմատուցվի, ուխտավորներ կգան, ու մեկով կավելանա Արցախի գործող եկեղեցիների թիվը։ 

Հակոբավանքի վերականգնումը Վրթանես սրբազանին ոգեշնչում է։ Ասում է․ «Այստեղ դարեր շարունակ աղոթական վիճակ ու վանական կյանք է եղել, շարունակել այդ ամենը՝ կնշանակի ցույց տալ, որ Արցախը պիտի ապրի, որ ունի վաղվա օր, թեկուզ այսօրն անորոշ է։ «Հույսը երբեք չի ամաչեցնում»՝ ապագայի համար մեջբերելով աստվածաշնչյան խոսքը՝ սրբազանը փորձում է հասկանալ ներկան, որտեղ փակուղիներ են ու պատասխան չունեցող հարցեր։ Ցավով է խոսում բանակի վիճակի մասին ու ափսոսանքով՝ որ ամառային զորակոչին Հայաստանից Արցախ զորակոչիկներ չեկան։ Ասում է․

«Այսօր մեզ պետք է բանակն ուժեղացնել։ Պետք է զենք ու զորք ունենալ։ Վանքը կսպասի, վանքը հետո էլ կկառուցենք, այսօր Արցախի անվտանգության, գոյության խնդիր կա։ Բանակը մարմինը պահողն է, մարմինն ապահովենք, հետո՝ հոգին։ Հոգին առանց մարմին, ու մարմինն առանց հոգու՝ անզոր են»։

Իրականում, Արցախն այսօր նաև հոգևոր անվտանգության խնդիր ունի։ Եկեղեցիներն ուխտավորի ու հոգևորականի կարիք ունեն։ Պատերազմից հետո, երբ Ամարաս գնալը դարձավ խնդրահարույց, հատուկ ավտոբուս հատկացվեց, որպեսզի հավատացյալներն ամեն կիրակի գնան Ամարաս ու մասնակցեն Սուրբ Պատարագի։ Սրբազանն ասում է՝ մեկ տարվա ընթացքում պարզ դարձավ, որ վանք գնացողները միշտ նույն մարդիկ են, ու նրանց թիվը մեծ չէ։ Մինչև պատերազմը Արցախում գործող եկեղեցիներն ու վանքերը մոտ 7 տասնյակ էին, խոնարհված ու չգործողների թիվը մի քանի հարյոր էր։ Պատերազմից հետո մնացել է գործող 7 եկեղեցի։ Կան նաև չգործողները․ կանգուն են, բայց Պատարագ չի մատուցվում։ Հոգևոր սպասավորները քիչ են՝ ընդամենը 13–ը, ներառյալ նաև Դադիվանքում ծառայող   հոգևորականները։

Արդեն 8 ամիս՝ առանց ուխտավորի է մնացել նաև Դադիվանքը։ Վանքում ծառայող 6 հոգևորականներն ամեն կիրակի այստեղ Սուրբ Պատարագ են մատուցում։ Պատահել է՝ ուդիներն են խմբով եկել Դադիվանք, կատարել իրենց հոգևոր արարողությունն ու հեռացել։ Հայ ուխտավորների առաջ Դադիվանքի ճանապարհը բացելու համար Արցախի թեմը ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցում է ադրբեջանական կողմի հետ։ Երբ բանակցություններն արդյունք կտան, պարզ չէ։

Տեր Հովհաննեսը, որ մինչև պատերազմը ծառայում էր Դադիվանքում, այսօր Մարտակերտի շրջանի հոգևոր հովիվն է, լինում է հիմնականում Գանձասարում։ Նա էլ էր եկել Հակոբավանք։  Ասաց՝ հավատում է, որ Հակոբավանքը կվերականգնվի, հավատում է, որ մեր ներսը մաքրելուց հետո կկարողանանք նաև երկիրը մաքրել։ Հավատում է նաև, որ մի օր նորից պատարագելու է Սուրբ Դադիվանքում։ 

Լուսանկաները՝ Լիլիան Գալստյանի

Ցուցադրել ավելի
Back to top button