ԿարևորՀասարակություն

Կյանք՝ հետմահու․ գնդապետներ Արթուր Սարգսյանի եւ Սերգեյ Շաքարյանի հիշատակի միջոցառում ՝ Եռաբլուրում

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Սարգսյանի և Արցախի հերոս, Պաշտպանության բանակի գնդապետ Սերգեյ Շաքարյանի մահվան տարելիցին նվիրված հիշատակի արարողություն: 

«Այսօր ռազմաճակատում թշնամին կրել է մեծ կորուստներ»․ Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանն է, ով գրեթե ամեն երեկո  Արցախի  տեղեկատվական շտաբից  ներկայացնում էր  ռազմաճակատում տիրող իրավիճակը։ Հոկտեմբերի 4-ին՝ Շուշիի մշակույթի տանը վիրավորում ստանալուց հետո, անտեսելով  առողջական վատ վիճակը, կրկին վերադարձավ  շարք։ 

44-օրյա պատերազմի ամենաթեժ օրերն էին։ Հոկտեմբերի 25-ին նա  զոհվեց  Մարտունու հրամանատարական կետում։

«Սահմանի ողջ երկայնքով, դիրքից դիրք անցնելով պայթող արկերի ու ռումբերի տակ, անձամբ զրուցել  է շարքայինի, պահեստազորայինի ու կամավորականի հետ, հավատացել ու բոլորի մեջ սերմանել վերջնական հաղթանակ  կերտելու հավատը»,–ասում  է Պաշտպանության բանակի հրամանատարի  բարոյահոգեբական  ապահովման գծով տեղակալ  Նորայր Մկրտչյանը։

Մարտունու հրամատարական  կետում  նույն օրը զոհվեց նաև գնդապետ Սերգեյ Շաքարյանը։ Նրա հայրը ՝ Սլավիկ Շաքարյանը,  1990-ականների Արցախյան ազատագրական շարժման առաջամարտիկներից էր, ով  զոհվել է 1993 թվականի ճիշտ նույն օրը՝ ճիշտ նույն տարիքում:

«Հակառակորդի հարձակվող ստորաբաժանումներին պատճառելով մեծ կորուստների Հադրութի պաշտպանական շրջանի  դիրքերը  շաբաթներ շարունակ մեկ մետր չեն նահանջել»։ 

Սարգսյանն ու Շաքարյանն արդեն մեկ տարի հանգչում են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ կողք-կողքի։

«Գնդապետ Շաքարյանը հրամանատարական կետում կատարում էր իր առջև դրված մարտական խնդիրը, իսկ գնդապետ Սարգսյանը տվյալ հրամանատարական կետ ներկայացել էր առանձին խնդրով։ Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը նրանք հրամանատարական կետում հերոսաբար զոհվել են հակառակորդի հրթիռից»,–ասում է  Նորայր Մկրտչյանը։  

Շաքարյանները  Հադրութից էին, նրանք կորցրել են ամեն ինչ։ Արդեն զինվորական պանթեոնում  հնչում է  Շաքարյանի որդու խոսքը։

«Ես կորցրել եմ տունս, հայրենիքս ու ամենաթանկը՝ հորս: Մարդկային կյանքն է, որ չի կարելի հետ բերել: Հողը հետ կբերես, տունը կկառուցես, բայց մարդկային կյանքից միայն հուշ է մնում: Թեկուզ թշնամու վերահսկողության տակ է Հադրութը, մեկ է՝ մեր հայրենիքն է: Թեկուզ ունենք փոքր Արցախ, մասնատված Արցախ, որը շատ սպիներ ունի, բայց պետք է բուժենք ու հետ վերադարձնենք մեր հայրենիքը։ Ու առանց մարդկային զոհերի, առանց պատերազմի», — լրացնում է Սլավան,-«Նրանք, որ էլ մեզ հետ չեն, երազում էին ազատ ու անկախ Արցախի, զարգացած Հայաստանի մասին: Մենք պարտավոր ենք իրենց գործը շարունակել»:

Արթուր Սարգսյանի հորեղբայրը՝ նախկին զինվորական Սլավիկ Սարգսյանը,   ներկաներին հիշեցնում է, որ պատերազմը դեռ չի ավարտվել, ու տղաների գործը մնացել է կիսատ։

«Պատերազմը դեռ չի ավարտվել։ Այս տղաները, որ հեռացել են, ծնկած ու պարտված  չեն հեռացել։  Հայը ծնկի  է իջնում միայն աղոթելիս։ Հայը ապրելու ուժ է գտնելու,  ու ոգին հաղթելու է  նյութին։ Պատերազմը դեռ չի ավարտվել, քանի դեռ լուծված չէ արցախահայության հարցը, քանի դեռ արցախահայության խաղաղ  ու իր պապենական հողում ապրելու հարցը չի լուծվել։ Պարտավորվածություն  եմ զգում անել ամեն ինչ, որպեսզի նրանց արած գործը կիսատ չմնա»։

Պն նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասում է, որ ռազմական տերմինաբանության մեջ կա կորուստ՝ անվերադարձ և վերադարձվող։  Անվերադարձ կորուստները զոհերն են և ծանր վիրավորները։

«Այս պարագայում ես հրաժարվում եմ «կորուստ» բառն ասելուց։ Մենք չենք կորցրել իրենց, մենք գտել ենք քաջարի հմուտ հրամանատարների  և զինվորների, ովքեր իրենց կյանքը տվել են մեր շարունականության համար։Այդպիսին էին գնդապետներ Արթուր Սարգսյանը եւ  Սերգեյ Շաքարյանը»,-ասում է Օհանյանը։

Գնդապետ Սերգեյ Շաքարյանը հետմահու արժանացել է  «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը,իսկ գնդապետ Արթուր Սարգսյանը հետմահու պարգևատրվել է   «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

Ցուցադրել ավելի
Back to top button