ԿարևորՀասարակություն

Կապիտալ ծախսերն ու բյուջեի եկամուտները կավելանան, աշխատավարձերը՝ ոչ․ խորհրդարանում սկսվել են Բյուջե 2022-ի քննարկումները

Խորհրդարանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում սկսվել են հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկումները։ Առաջին նիստին մասնակցել է  նաև Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այս բյուջեն ամուր հիմքեր է ստեղծելու գործադիրի հնգամյա ծրագրի իրականացման համար։ Կառավարության ղեկավարը կարծիք է հայտնել, որ տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը կարող է որակապես փոխել Հայաստանի տնտեսության բովանդակությունը և կառուցվածքը: 2022 թվականին կառավարությունը նախատեսում է 17 տոկոսով ավելի շատ հարկային եկամուտներ հավաքագրել, քան նախորդ տարի,  1․6 տոկոսով նվազեցնել  բյուջեի դեֆիցիտը, 50 տոկոսով ավելացնել կապիտալ ծախսերը։ Խորհրդարանական ընդդիմությունը դեմ չէ  կապիտալ ծախսերի ավելացմանը, բայց մտավախություն ունեն՝ նախորդ տարիների թերի կատարված ծախսերն աչքի առաջ ունենալով։

Տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը կարող է որակապես փոխել մեր երկրի տնտեսության բովանդակությունը և կառուցվածքը` վստահ է Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ այդ գործընթացը լրացուցիչ խթան կարող է դառնալ  ներհայաստանյան ենթակառուցվածքների զարգացման համար՝ ապահովելով երկարաժամկետ ներառական տնտեսական աճ։  

 «ՀՀ քաղաքացիների համար ստեղծելով հավասար պայմաններ տնտեսական գործունեության մեջ ներգրավելու համար, էականորեն բարձրացնելով տնտեսության գրավչությունը տեղական և օտարերկրյա ներդրողների համար։ Տարածաշրջանային զարգացումներին զուգահեռ, մենք հայաստանյան ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ 2022 թվականին ծախսելու ենք 2021–ից 32 տոկոսով ավելի գումար»։

Կառավարությունը 2022 թվականին նախատեսում է 1 տրլն 946 մլրդ դրամ եկամուտ հավաքագրել, որը 2021-ի ցուցանիշից ավելի է 17, իսկ  2020-ից՝ 25 տոկոսով: Ծախսերը 2 տրլն 190 մլրդ դրամ են։ Ցուցանիշը 2021-ից ավելի է 10, 2020-ից՝ 16 տոկոսով: 2022-ի բյուջեում կապիտալ ծախսերին ուղղվելու է  347 մլրդ դրամ, ինչը 2021-ի ցուցանիշը գերազանցում է ավելի քան 50 տոկոսով։

Կապիտալ ծախսերը վերջին տարիներին պարբերաբար թերակատարվել են՝ հիշեցնում են    ընդդիմադիր պատգամավորները։ Նրանք ավելացմանը դեմ չեն, բայց դրանց կատարմանը թերահավատորեն են վերաբերվում։ «Հայաստան» դաշինքից պատգամավոր Թադևոս Ավետիսյանը Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվում է ՝ որքանո՞վ է իրատեսական ցուցանիշի կատարումը։ Հարցնում է նաև, թե  ինչու են կրճատվել զբաղվածության ծրագրերը կամ ինչու աշխատավարձերի, նպաստների բարձրացում կառավարությունը չի նախատեսել նման գնաճի պայմաններում։  

«Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը հատել է 70 հազար դրամի շեմը՝ ամսական կտրվածքով։ Մինչդեռ նվազագույն աշխատավարձը  68 հազար դրամ է, միջին կենսաթոշակի ու անապահովության նպաստի չափերն էլ  շուրջ երկու անգամ պակաս են նվազագույն աշխատավարձից »։

Աշխատավարձ ու նպաստ չի բարձրանա, բայցՀայաստանում 2022-ի հունվարի 1-ից հետո ծնված ամեն երրորդ և հաջորդ երեխան պետության կողմից կստանա  ամսական 50 հազար դրամ աջակցություն՝ մինչև 6 տարեկանը լրանալը։  Վարչապետը  կարծում է, որ այս քայլով  կառավարությունը կարևորագույն խնդիր է լուծելու։

 «Մեր նախընտրական խոստման համաձայն՝ 2022-ի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված ամեն  3-րդ և հաջորդ երեխային ՀՀ կառավարությունը կաջակցի ամիսը 50  հազար դրամով, և այդ աջակցությունը կշարունակվի մինչև երեխայի 6 տարեկանը լրանալը: Այս ծրագիրը մեկնարկում է»։

Կապիտալ ծախսերի թերակատարման ռիսկ կա՝ ասում է ֆինանսների նախարարը, բայց նաև խոստանում՝ ամեն ինչ կանեն, որ նախատեսված գումարը նախատեսված ուղղությամբ ծախսվի։ Այլ ռիսկեր էլ կան,  դրանցից ամենամեծը համավարակն է, գլխավոր հարցը, թե որքանո՞վ արագ աշխարհը կհաղթահարի այն։ Տիգրան Խաչատրյանը կարծում է, որ գնաճի պատճառով հաջորդ տարի բոլորն են վատ ապրելու։

«Կարևոր կետն այն է, որ ընթացիկ ծախսերը չգերազանցեն եկամուտները, որովհետև դա կնշանակում է, որ աշխատավարձի, նպաստների ավելացումը կատարվում է պարտք վերցնելու հաշվին։ Հետո  դուք էլ արդարացի հարցնում եք, բա որ էդքան պարտք եք վերցնում, չէի՞ք մտածում, որ տոկոսներով կարող ենք աշխատավարձ բարձրացնել։ Իհարկե մտածում ենք»։

Իսկ հաջորդ տարի պարտքի սպասարկմանն ուղղվելու է բյուջեի 23 տոկոսը։ Առաջիկա տարիներին այդ գումարն  ավելանալու է։ 2022–ին նախատեսվում է, որ պարտքի 30 տոկոսը ներքին, 70 տոկոսն էլ արտաքին պարտքն է կազմելու։ Այժմ այդ հարաբերակցությունը   25/75 է։ Ֆինանսների նախարարն ընդգծում է՝  արտաքին պարտքի մեծ մասը արտարժութային է, ուստի փոխարժեքի տատանումները անմիջական ազդելու են  դրա ծավալի վրա։

Տնտեսական ռիսկերը, մասնավորապես պարտքի բեռը  չմեծացնելու ամենաուղիղ  ճանապարհը տնտեսական աճի ապահովումն է։  Հաջորդ տարի կառավարությունը 7 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում  նկատում  է՝ կառավարությունը տնտեսական բարձր աճի նախադրյալ համարում է  Ամուլսարի հանքի շահագործումը։

«Միայն Ամուլսարի հույսով մենք չենք կարող  5  տարի 7 տնտեսական աճ ապահովել։ Մեզ այլ ծրագրեր ու գաղափարներ են պետք՝ երկարաժամկետ, որոնք թույլ կտան տնտեսության որակը փոխել, ակտիվացնել ու մրցունակ դարձնել։ Նման ծրագրերի համար տարիներ են պետք։ Դրանք պետք է սկսված լինեին  2018 թվականին, որ 2022–2023–ին արդյունքներ տային։ Այս պահին կառավարության հույսը միայն Ամուլսարի վրա է, այլ խոշոր ծրագրեր նրանք չունեն»։ 

Տնտեսական աճի թիրախավորված ցուցանիշը կառավարությունում իրատեսական են համարում։ Հայտարարում են՝  մեկնարկել են մի քանի խոշոր ներդրումային ծրագրեր, որոնց առաջնային թիրախը Հայաստանը հանքահումքային ռեսուրս արտահանող երկրից ուժեղ մետալուրգիա եւ մետաղի վերամշակման հնարավորինս երկար շղթա ունեցող երկիր դարձնելն է:

Ցուցադրել ավելի
Back to top button