ԿարևորՀասարակություն

Ընդդիմությունը կօգտագործի բոլոր գործիքները՝ նոր նոյեմբերի 9-ը կանխելու համար

Փողոցային պայքարը ընդդիմության միակ գործիքը չէ․ նոր հանգամանքներ ի հայտ գալուն պես՝ ծրագրերը կարող են փոխվել։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը արձագանքում է մեղադրանքներին, թե նոյեմբերի 9–ին և 10-ին նախատեսված հանրահավաքները կարող են ուշացած լինել, եթե նպատակը նոր փաստաթղթի ստորագրումը կանխելն է:

«Մեր գլխավոր նպատակն է օգտագործել բոլոր հնարավոր գործիքները մի նոր, ոչ հայանպաստ վիճակ չառաջացնելու և նման գործընթացները կանխելու համար։ Ամեն ինչ միտված է լինելու դրան, ոչ թե փաստը արձանագրենք հետո պայքարենք, այլ կանխենք։ Նույնիսկ եթե ինչ–որ բանակցային պրոցես է ընթանում, ամեն ինչ պետք է լինի հրապարակային, չի կարող իշխանությունը շարունակել իր թաքուն գործելաոճը»,- ասում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Ընդդիմությանը փողոց են հանում հատկապես շրջանառվող լուրերը, թե 2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ուղիղ 1 տարի անց, 2021-ի նոյեմբերի 9-ին իշխանությունը պատրաստվում է նոր փաստաթուղթ ստորագրել։ Նոր փաստաթղթի մասին լուրերին արտգործ նախարարությունը ուղիղ չի արձագանքում, բայց շեշտում է, որ այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ։ Կան տարբեր ձևաչափերով  հանդիպումների առաջարկներ, որոնք, սակայն, քննարկման փուլում են։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյան

Մինչ փողոց դուրս գալը ընդդիմությունը նաև պայքարի խորհրդարանական գործիքները կօգտագործի։ Վաղը մեկնարկող ԱԺ քառօրյային «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները իրենց օրակարգով կմասնակցեն։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասում է՝ առաջարկելու են ստեղծել քննիչ հանձնաժողով՝ «Հայաստան Համահայկական հիմնադրամ»–ի միջոցների օգտագործման արդյունավետությունը և արդար դատաքննության գործընթացում ընդդիմության նկատած խախտումները քննելու համար։ Խորհրդարանական ընդդիմությանը ԱԺ–ում նաև արտահերթ քննարկում է նախաձեռնել․ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասում է՝ քննարկման առանցքում Արցախում ստեղծված իրավիճակն ու սահմանագծման ու սահմանազատման գործընթացն է։

«Երբ անդրադառնում ենք շփման գծում տիրող իրավիճակին, սա միայն ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ վերլուծությունները չեն, այստեղ այլ հարց էլ կա․ պետք է հասկանանք, թե հետպատերազմյան իրավիճակում իշխանությունը ինչ քայլեր է ձեռնարկել Հայաստանի և Արցախի անվտանգային համակարգի վերականգման համար, և որքանով է Հայաստանը պատրաստ հիմա կամ հետագա տարիներին զսպելու ու դիմակայելու այն բոլոր փորձություններին ու սպառնալիքներին, որոնք կարող են լինել»,– ասում է Աբրահամյանը։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյան

Մինչ այս քննարկումը նախկինում ևս ընդդիմությունը տարբեր ձևաչափերով քննարկումներ իրականացնելու առաջարկներ է արել՝ հիշեցնում է Աբրահամյանը, որոնք սակայն իշխանությունը չի ընդունել։ Ընդդիմությունը վստահ է՝ իշխանությունը շարունակում է գաղտնի գործել։

«Շատ կարևոր է, թե ինչ փաստաթուղթ է դրվելու քննարկման․ մեր գերխնդիրն է այս քննարկումների արդյունքում հասկանալ, թե իշխանությունը ինչ մոտեցում է որդեգրել, ինչ սկզբունքներով է առաջներդվում։ Շատ հարցերի պատասխաններ ոչ ընդդիմությունը ունի, ոչ էլ հանրությունը։ Մեր նպատակը հենց այս ինֆորմացիան հանրայնացնելն է, որ չունենանք այնպիսի իրավիճակ ինչպիսինն ունեցանք նախորդ տարի նոյեմբերի 9-ին»,– ասում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը։

Խորհրդարանական ընդդիմության նպատակը նոր նոյեմբերի 9-ը կանխելն է՝ շեշտում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Խաղաղությունը փաստաթղթերով ու պայմանագրերով չի հաստատվում, դա պետք է լինի որոշակի գործընթացների հետևանք՝ վստահ են ընդդիմադիրները։

Ցուցադրել ավելի
Back to top button