ԿարևորՀասարակություն

Բաքուն «կոտրվելու է», եւ այդ պահը հեռու չէ․ ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ

Հայ ռազմագերիների «հարկադիր անհետացման» վերաբերյալ 16 նոր գործ է  ներկայացվել ՄԻԵԴ։  Գործընթացը  նախաձեռնել է Վաշինգտոնում տեղակայված «Արդարադատության եւ մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը», որը համագործակցում է Երեւանում «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» և ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի հետ։  ՄԻԵԴ–ում  հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ասել է, որ հայկական կողմն ակնկալում  է, որ ՄԻԵԴ-ն այս հարցում  վերահսկողական դերակատարում կունենա, ինչը թույլ կտա պարզել հարկադիր անհետացած հայ զինծառայողների ճակատագրերը։ Մանրամասնում է Աննա Նազարյանը։

Ադրբեջանական գերության մեջ գտնվելու ժամանակ 20 զինծառայողներ անհետացել են։ Վաշինգտոնում տեղակայված «Արդարադատության եւ մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը», Միջազգային և համեմատական իրավունքի  երևանյան կենտրոնի հետ համագործակցելով,   հիմնավոր ապացույցներ է ներկայացրել ՄԻԵԴ։ Դրանք փաստում են, որ այդ անձինք Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ կալանավորվել և գերեվարվել են ադրբեջանական ուժերի կողմից, սակայն Բաքուն նրանց կարգավիճակի մասին առ այսօր որեւէ տեղեկություն չի հրապարակում ։ Միջազգային հումանիտար իրավունքի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համաձայն՝ այդ անհետացումները «հարկադիր անհետացման» միջադեպեր են։ Ադրբեջանը պարտավոր է հետաքննել այդ դեպքերը ու հրապարակել այդ անձանց վերաբերյալ տեղեկություններ՝ նշվում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրության  մեջ: Այս գործերով ՄԻԵԴ է ներկայացվել  16 նոր հայց։ ՀՅԴ Հայ դատի ու քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ասաց, որ իրենք աջակցում  են նախաձեռնությանը՝ փաստերը հավաքելու, քարոզչական ու ֆինանսական հարցերում։ Նպատակը  սպանվածների ոտնահարված իրավունքները վերականգնելն է՝ ընդգծում է Մանոյանը։

«Ակնկալում ենք, որ ոչ միայն գերիներին շուտ ազատ արձակեն, այլեւ նաեւ սպանվածների  ոտնահարված իրավունքները վերականգնեն»։

Իրավական այս գործընթացի նպատակը ապացուցելն է, որ Ադրբեջանը տիրապետում է այդ անձանց մասին տեղեկություններին, բայց չի ճանաչում նրանց գերությունը և այդ տեղեկությունները չի փոխանցում զոհվածների ընտանիքներին: ՄԻԵԴ ներկայացված նոր բողոքներն Ադրբեջանին կպարտադրեն հետաքննել այդ անձանց անհետացումները։

Եվս երկու նոր գործ ՄԻԵԴ  ներկայացվել  է Ադրբեջանում 10 հայ ռազմագերիների սպանության  հարցով։ Հավաքված  անհերքելի ապացույցների համաձայն՝ 10 հայ զինվորական գերի է վերցվել ադրբեջանական ուժերի կողմից, հայտնի են անգամ այդ անձանց անունները։

ՄԻԵԴ–ում  հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը «Ռադիոլուր»–ին ասաց, որ ՄԻԵԴ–ից ակնկալում են փաստերի ստուգում եւ հետաքննություն, որը կհանգեցնի ճշմարտության բացահայտմանը։

«Քանի որ Ադրբեջանը համագործակցող կեցվածք չունի եւ անգամ տեղեկատվություն չի տրամադրում եղելությունը պարզելու եւ ընտանիքների ցավը մեղմելու համար, միակ միջոցը մնում են միջազգային ատյանների հարկադրանքի ներքո հետաքննությունն ու փաստերի վեր հանումը։ Դատական այս գործերի նպատակը  իրավունքների խախտումների արձանագրումն է եւ հետաքննությունը, որի միջոցով ճշմարտությունը կպարզվի»։

Ըստ Սիրանուշ Սահակյանի՝ կան նաեւ հարակից հարցեր՝ փոխհատուցումներն ու պետության միջազգային պատասխանատվությունը, ինչի արդյունքում  քաղաքական մարմինների ներգրավմամբ, ենթադրվում  է, կվերահսկվի Ադրբեջանի վարքը՝ հայ քաղաքացիների նկատմամբ։

«Մեր հաշվարկներով 300 հայեր ենթարկվել են խոշտանգումների ու սպանությունների։  Դա Ադրբեջանի զինվորականների վերահսկողության տակ հայտնված հայերի բռնի բնաջնջում է»։

Սահակյանը մատնանշում է նաև  դրական տեղաշարժերը՝  արդեն ընդունվում են դատական ակտեր, որոնք հաստատում են, որ 2004 թվականից, երբ Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են անդամակցել Եվրոպայի խորհրդին, ծրագրվել  եւ իրականացվել են հայերի խոշտանգումներ ու սպանություններ՝ էթնիկ խտրականության հիմքով։ Իրավապաշտպանը  վստահ է, որ հետագա դատական ակտերը եւս պատշաճ նախադրյալ են դառնալու, որ ՄԱԿ–ի դատարանն օբյեկտիվ քննի վիճակը և Բաքվի կողմից իրագործվող հակահայկական քաղաքականությունը։

«Կարծում եմ, որ Բաքուն ժամանակի վրա է խաղում, ուզում են իրենց քաղաքական խնդիրները իրագործեն։ Սակայն մենք այժմ հասել ենք մի բեկումնային կետի, երբ այդ դատական ակտերը կայացվել են տասնյակ տարիներ անց։ Կան իրավական առումով անբեկանելի փաստեր, եւ Բաքվի չկատարելու քայլերը նվազում են։ Ինչ-որ մի կետում Բաքուն կոտրվելու է, եւ այդ պահը հեռու չէ»։

Մինչև ՄԻԵԴ–ի վճիռների կայացումը, ինչը կտևի մի քանի տարի, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում սպասվում է  հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ որոշումը։  Այն  ակնկալվում է մեկ ամսվա ընթացքում։

Ցուցադրել ավելի
Back to top button