ԿարևորՀասարակություն

Արցախի Պետական համալսարանը՝ առաջատար բուհերի ցուցակում

Ասպրամ Ավանեսյան
«Արցախ» լրատվական

Արցախի Պետական համալսարանին 4 տարի ժամկետով ինստիտուցիոնալ հավատարմագրում է շնորհվել: Որոշումն ընդունվել է հոկտեմբերի 22-ին Հայաստանի «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից՝ հավատարմագրման հանձնաժողովի նիստում։

«Արցախի Պետական համալսարանն արդեն միջազգային առաջատար բուհերի ցուցակում է․ սա մեծ ձեռքբերում է մայր բուհի համար»,- ասում է ռեկտոր Արմեն Սարգսյանն ու թվարկում հավատարմագրման առավելությունները։

«Նախ և առաջ  հավատարմագրված լինելն արդեն օրենսդրական պահանջ է,   բուհի շնորհած դիպլոմներում այսուհետ  պետք է պարտադիր նշվի հավատարմագրման  ծածկագիրը:  Եվ որ շատ կարևոր  է՝ Արցախի պետական համալսարանի անունը կգրանցվի բարձրագույն ուսումնական հաստատությունների, հավատարմագրված բուհերի գրանցամատյանում, ինչը նշանակում է, որ Արցախի պետական համալսարանում արդեն և եվրոպական, և ամերիկյան, և աշխարհի տարբեր բուհերի հետ կարող է առանց միջնորդության կապեր հաստատել: Դա կվերաբերի գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը, ուսանողների և դասախոսների փոխանակմանը։ Այլ կերպ ասած՝  հավատարմագրվել  նշանակում է ձեռք բերել լիակատար իրավունք՝ կազմակերպելու բարձրագույն ուսումնական գործընթաց»,-ասում է Սարգսյանը։

Ինստիտուցիոնալ հավատարմագրման համար Արցախի Պետական համալսարանը դեռ 2019 թվականի դեկտեմբերի 30-ին էր  հայտ ներկայացրել   Հայաստանի «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն»։ Այս ընթացքում համալսարանն իր ողջ ներուժով  աշխատել է  ապահովել  սահմանված չափորոշիչները:   Հավատարմագրման գործընթացի 2-րդ փուլը, որ  ենթադրում է փորձագիտական ստուգումներ,  հետաձգվել է 2 անգամ։

Առաջին անգամ փորձագիտական խմբին ԱրՊՀ-ն սպասում էր 2020 թվականի մայիսին՝ ասում է համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան Լուսինե Մարգարյանը, ով անմիջականորեն ներգրավված էր այդ աշխատանքներում: «Գործընթացը խոչընդոտվեց նախ   համավարակի պատճառով, ապա՝ պատերազմի:    Միայն  2021 թվականի մարտի 8-13-ը   արտաքին փորձագիտական խումբը հնարավորություն ունեցավ  այցելել  համալսարան՝ սկսելու  հավատարմագրման գործընթացի 2-րդ կարևոր փուլը»։

Հավատարմագրման համար Արցախի պետական համալսարանի կարողությունները գնահատվել են 10 չափանիշով: 

«Ուրախությամբ պետք է ասեմ, որ 10 չափանիշից  համալսարանի մասով դրական  է գնահատվել 8-ը, 2-ը՝ անբավարար:  Վերջինները պայմանավորված էին  Արցախի միջազգայնորեն ճանաչված չլինելով»,-ասում  է ռեկտոր Արմեն Սարգսյանը: 

 Լուսինե Մարգարյանը մանրամասնում է, թե որոնք էին այդ երկու չափորոշիչները. «Գիտության զարգացման   ու միջազգայնացման չափանիշերն էին, որ անբավարար գնահատվեցին։ Դա  ուներ  օբյեկտիվ պատճառներ՝ պայմանավորված արտահամալսարանական իրականությամբ, բայց կան նաև սուբյեկտիվ պատճառներ: Բնականաբար, մենք էլ ունենք թերացումներ:  Մենք պետք է կարողանանք արտահամալսարանական  ոչ բարենպաստ իրականությունն օգտագործել՝ այն  ինչ-որ տեղ դարձնելով շահեկան»,- ասում է Լուսինե Մարգարյանը։

Սրանից զատ՝ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը» բուհը հավատարմագրելու վերջնական որոշումից առաջ գնահատում է նաև բուհի բարելավման ծրագիրը։ Արցախի պետական Համալսարանը հաղթահարել է նաև այս  փուլը։ 

Հավատարմագրման համար դիմել են Արցախում գործող բոլոր բուհերը: Առայժմ հավատարմագրվել է միայն Մայր բուհը:    

Ցուցադրել ավելի
Back to top button