ԿարևորՀասարակություն

Տեխնոլոգիական զարգացումները և դրանց ազդեցությունը տարբեր ոլորտների վրա. քննարկումներ` «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ում

Դիլիջանում աշխատանքները շարունակող՝ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակում հոկտեմբերի 24-ին շարունակվել են տեխնոլոգիական զարգացումներին և ապագայում տարբեր ոլորտների վրա դրանց ազդեցությանը նվիրված քննարկումները:

«Հանրային նոր պայմանագիր արհեստական բանականության, նոր տեխնոլոգիաների և համավարակի ժամանակաշրջանում» թեմայով լիագումար նիստի ընթացքում անդրադարձ է եղել կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած տնտեսական, սոցիալական, առողջապահական ու քաղաքական փոփոխություններին, որոնք հանգեցնում են պետության հետ նոր հարաբերությունների, որտեղ տեխնոլոգիաները հանդես են գալիս որպես շարժիչ ուժ:

«Կրթության և առողջապահություն. հետքովիդյան վերանայումներ» խորագրով լիագումար նիստի ընթացքում հիմնականում անդրադարձ է եղել երկու ոլորտի՝ կրթության և առողջապահության վրա համավարակի ազդեցությանը։ Նշվել է, որ կորոնավիրուսի համավարակի ընթացքում այս ոլորտներն ավելի շատ են ցնցումների ենթարկվել։

Մասնակիցները մտքեր ու գաղափարներ են փոխանակել կանխարգելիչ առողջապահության վրա կենտրոնանալու անհրաժեշտության, տեխնոլոգիաների շնորհիվ հեռավար և որակյալ կրթությունը հասանելի դարձնելու հնարավորությունների շուրջ։

«Գլոբալ մեգամիտումներն ու ֆինանսական աշխարհը» խորագրով քննարկումները ծավալվել են աշխարհում տարբեր ոլորտներում կատարվող փոփոխությունների, ինչպես նաև ֆինանսական աշխարհի վրա դրանց ազդեցության շուրջ։

Քննարկումներին մասնակցել և ելույթներ են ունեցել ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) ներդրումների և ձեռնարկատիրության բաժնի տնօրեն Ջեյմս Ժանը, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի համալսարանական կլինիկայի տնօրեն, ակադեմիկոս Արմայիս Քամալովը, Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Արտեմ Օհանովը, միջազգային գիտական, կրթական կենտրոնների և տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչեր։

Գագաթնաժողովի ընթացքում շարունակվել են նաև «Ապագայի զրույցներ» խորագրով քննարկումները, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը զրուցել է Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի, «Նեսթլե» ընկերության պատվավոր նախագահ Փիթեր Բրաբեք-Լետմաթի, նոբելյան մրցանակակիր Քիփ Թորնի հետ։

Back to top button