ԿարևորՀասարակություն

Այսօր պոլիոմիելիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է․ պատվաստումների շնորհիվ այն գրեթե վերացել է

Հայաստանը, ի թիվս եվրոպական տարածաշրջանի այլ երկրների, հռչակվել է «պոլիոմիելիտից ազատ» երկիր։ Այսօր՝ պոլիոմիելիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ արված գրառման մեջ նշել է ԱԺ պատգամավոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։

Ըստ Թորոսյանի՝ ամբողջ աշխարհում տասնամյակներ շարունակ պոլիոմիելիտի դեմ իրականացվող պատվաստումների շնորհիվ հիվանդությունն աշխարհում գրեթե վերացել է։

«Միայն Աֆղանստանում և Պակիստանում է դեռևս շարունակվում է վայրի պոլիովիրուսի շրջանառությունը: 1988թ.-ից վայրի պոլիովիրուսի դեպքերի թիվը իջել է 99%-ով` 350.000-ից իջնելով 175 դեպքի 2019թ.-ին»,-գրել է պատգամավորը: 

«Հայաստանի Հանրապետությունում 1995թ.-ից չի արձանագրվել պոլիոմիելիտ հիվանդությունը, որը նախկինում տարեկան առնվազն 2-3 երեխայի կայուն հաշմանդամության պատճառ էր դառնում: 2002թ.-ին Հայաստանը, ի թիվս եվրոպական տարածաշրջանի երկրների, հռչակվել է «պոլիոմիելիտից ազատ» երկիր և առ այսօր, շնորհիվ պատվաստումների բարձր ցուցանիշի, հաջողությամբ պահպանում է այդ կարգավիճակը: 

Պոլիոմիելիտի դեմ պայքարի գործում մեծ կարևորություն ունի կենդանի թուլացված վիրուսով բերանային պոլիոմիելիտի պատվաստանյութի փոխարինումը ինակտիվացված վիրուսով պատվաստանյութով և այս նպատակով 2019թ.-ի փետրվարից մեր երկիրը փոխարինել է կենդանի բերանային պոլիոմիելիտի պատվաստանյութը ինակտիվացված պատվաստանյութով ՝ վեցավալենտ պատվաստումների մեկ դեղաչափի ներդրմամբ, որը միանգամից պաշտպանում է հետևյալ հիվանդություններից` դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, հեմոֆիլիա Բ, հեպատիտ Բ և պոլիոմիլեիտ»,-գրել է Թորոսյանը:

Պոլիոմիելիտը բարձր վարակելիությամբ վիրուսային հիվանդություն է: Այն ախտահարում է նյարդային համակարգը՝ առաջացնելով կայուն հաշմանդամություն, երբեմն՝ մահ: Հիմնականում հիվանդանում են 2-ից 5 տարեկան երեխաները։

Back to top button