ԿարևորՀասարակություն

Ռազմարդյունբերություն․ չշրջանցելով խնդիրներն ու ռեալ գնահատելով ներուժը

Անցում ինժեներական քաղաքից՝ արտադրականի, ներկրողից՝ արժեք ստեղծողի, մշակումներից՝ իրագործման։ 5-րդ «Ինժեներական շաբաթ»-ն այս անցումների մասին է։ Մեկ դեղատոմս չկա, փոխարենը կա խնդրի գիտակցում և լուծումների փնտրտուք։ Քառօրյա պատերազմը ռազմարդյունաբերական ոլորտին ստիպեց ներս նայել, իսկ 44-օրյա պատերազմը պարտադրեց ապագայի հեռանկարները փնտրել ոլորտի զարգացման մեջ։ «Ռադիոլուր»-ը հետևել է «Ինժեներական շաբաթ»-ի պանելային քննարկումներին ու առանձնացրել ուշագրավ գաղափարները։

Ինժեներական քաղաքից՝ արտադրական քաղաք

Արամ Սալաթյան․ «2001թ․ կառավարությունը ՏՏ ոլորտը ճանաչեց  ռազմավարական ուղղություն , 2017-ին դրվեցին «Ինժեներական քաղաք» գաղափարի հիմքերը։ 2021-ին արդեն այլ ծրագրի անհրաժեշտություն կա․ պետք է «Ինժեներական քաղաք»-ից անցում կատարել «Արտադրական քաղաք»-ին, բարձր տեխնոլոգիական ինժեներությունից՝ բարձր տեխնոլոգիական արտադրություն»։

  • Արամ Սալաթյան, «Նեյշնլ Ինսթրումենթս ԷյԷմ»-ի տնօրեն

Չկրակել սեփական ոտքին

Ավետիք Չալաբյան․ «Ունենք ինժեներական միտք, չունենք կոմպոնենտային բազա։ Կոմպոնենտների ճնշող մեծամասնությունը դրսից է գալիս։ Մատակարարումների շղթան վատ է գործում, մասամբ՝ օբյեկտիվ պատճառներով,  բայց կան նաև սուբյեկտիվ պատճառներ։ Մաքսազերծումը հաճախ ամիսներ է տևում, ինչն էապես դանդաղեցնում է մշակման ցիկլը։ Ինչ-որ իմաստով ինքներս մեր ոտքին ենք կրակում։ Այս խնդրի լուծումն էլ սովորական չէ, քանի որ մի կողմից պետությունը պարտավորություն ունի մաքսանենգություն թույլ չտալու, մյուս կողմից՝ պետք է կարողանանք ճշգրիտ լուծումներ տալ, որ ռազմարդյունաբերական ընկերությունները զարգանան»։

«Նոր ընկերությունները նոր դինամիկա են բերում։ Սակայն պետք է հասկանանք՝ ինչ ենք անում։ Որպեսզի չստացվի, որ ունենք 10 ընկերություն և 10-ն էլ, օրինակ, նույն մոդիֆիկացիայի գրոհային ԱԹՍ են սարքում։ Սա ռեսուրսների անիմաստ վատնում է։ Մրցակցության տեսանկյունից նորմալ է, որ 3-4 ընկերություններ զբաղվում են նույն ոլորտով, բայց եթե բոլորը կենտրոնանում են նույն խնդրի վրա, այն դեպքում, երբ ռազմական ոլորտում խնդիրները բազմաթիվ են և դրանց լուծումները տեխնոլոգիական միտք և կապիտալ են պահանջում, ապա տարօրինակ կլինի, եթե այդ խնդիրների մեծ մասն անուշադրության մատնվի, իսկ մյուս փոքր խումբը, որն, այսպես ասենք,  ավելի «մոդայիկ» է, անհամաչափ իր վրա կենտրոնացնի ողջ կապիտալը, ինժեներական միտքը, կառավարչական ուշադրությունը։ Այդ իմաստով կարևոր է՝ ընկերությունները միմյանց հետ համագործակցեն և աշխատանքի բնական բաժանում տեղի ունենա՝ առանց մրցակցությունը նվազեցնելու, բայց և առանց գերմրցակցության»։

Ավետիք Չալաբյան, «ԱրԱր» հիմնադրամի նախագահ

Ստուգողից՝ օգնող

Մհեր Մարկոսյան․ «Ռազմարդյունաբերությունը զարգացնելու համար դեմոկրատական կառավարման սկզբունքները կարող են վնասել։ Պետությունը պետք է իր մեջ ուժ գտնի և համապատասխան ուղղության վրա առաջատար կազմակերպություն նշանակի, որը զարգանալով  իր հետևից կտանի նոր ստարտափները։ Այսօր կառավարությունը ոչ թե որպես ձեռնարկություններին խրախուսող և օգնող է հանդես գալիս, այլ ստուգողի և վարչարարի դերում է։ Դա բաժանում է արդյունաբերողներին կառավարությունից, ինչն էլ հանգեցնում է լուրջ դժվարությունների և միմյանց չհասկանալուն։

Արտադրանքը վաճառելու համար պետք է կարողանանք մրցակցել աշխարհի լավագույն ընկերությունների հետ։ Այդ մրցակցությանը, որպես կանոն, միայնակ դիմակայելը դժվար է։ Դրա համար փորձում ենք ձեռնարկություններով միավորվել և ֆոնդերի միջոցով ներկայացնել մեր արտադրանքը։ Բայց տեսնում եք՝ աշխարհում ինչ է կատարվում։ Նույն Ռուսաստանը, ԱՄՆ-ն կամ Իսրայելը որպեսզի կարողանան զենքը վաճառել, պատերազմներ են հրահրում, զենք են փորձարկում ու այդպես դրանց գովազդն են անում։ Հայաստանն այդ հնարավորությունը չունի։ Ամենալավ հնարավորությունը պատերազմում չպարտվելոն էր, որը բաց թողեցինք։ Հիմա այդ առումով ավելի ծանր վիճակում ենք, որովհետև երբ դրսում խոսում ենք մեր զենքի մասին, միանգամից հարցնում են՝ եթե լավն էր այդ զենքը, ինչո՞ւ պարտվեցիք»։

Մհեր Մարկոսյան, Երևանի կապի միջոցների ԳՀԻ տնօրեն

Կարտոֆիլի ու տեխնոլոգիաների մուտքը երկիր տարբեր ընթացակարգեր է ենթադրում

Արթուր Գալստյան․ «Բաղադրիչների բազան բարձր տեխնոլոգիական ինժեներինգի նավթն է, հիմնական շարժիչը, որն առաջ է տանում։ Եթե որևէ երկրի նկատմամբ սանկցիաներ են կիրառում, բարձրացնում են տեխնոլոգիաների գինը, որ տվյալ երկիրը չկարողանա օգտագործել։ Մենք  պարադոքսալ վիճակում ենք՝ տվյալ բաղադրիչը դրսից բերելն ավելի հեշտ է, քան՝ ներս մտցնելը։ Կազուսային իրավիճակ է, այն բանը, որը պետք է ծափերով ներս բերել, որովհետև տեխնոլոգիա է, որը բերել ես ուղղություն զարգացնելու համար, ստացվում է՝ խնդիր է։ Խաղացողները պետք է մեծանան, որ իրենց ձայնն ավելի լսելի լինի, որ կարողանան բացատրել՝ կարտոֆիլի մուտքը երկիր ու տեխնոլոգիայի մուտքը տարբեր կերպ պետք է իրականացնել»։


Արթուր Գալստյան, «Ինսօլ» ընկերություն, Ավետիք Քերոբյան, «ԱերոԴայնեմիքս»

Դեղատոմսը մեկը չէ

Ավետիք Քերոբյան․ «Ռազմաարդյունաբերությունը շահութաբեր, բայց նաև ռիսկային ոլորտ է։ 10 մշակումից միայն մեկն է դառնում արտադրանք։ Ռազմարդյունաբերական ոլորտում մեր երկրում գործում է գների պետական կարգավորում, այսինքն՝ շահութաբերությունը սահմանափակված է ։ Ձեռնարկությունը չի կարող արտադրանքի արտադրության ժամանակ15 տոկոսից ավելի մեծ շահույթ ձևավորել։ Արտահանման խթանման հարց ևս կա։ Կարևոր է, որ պետությունն օգտագործի իր կարգավորիչ դերը և իրականացնի արտահանումը խթանող միջոցառումներ։ Այսինքն՝ ապահովի ցուցահանդեսներին մասնակցությունը, իր սուվերեն դիրքն օգտագործի այլ պետությունների հետ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում։ Այդ ժամանակ միայն  կարելի է մտածել առևտրի շուկաներում շահութաբերության մասին։ Չկա մեկ դեղամիջոց, որ այդ խնդիրը կլուծի, պահանջվում է ջանքերի համադրում»։

Տաղանդների ներգաղթ՝ մեկ պատուհանով

Հակոբ Արշակյան․ «Սփյուռքի ներուժը կրիտիկական նշանակություն ունի այս ոլորտի զարգացման համար։ Պետք է փաստենք, որ մեծ, ինստիտուցիոնալ ընկերությունների ներկայությունը Հայաստանում մեծապես կախված է Սփյուռքի ներգրավվածությունից։ Տաղանդների ներգաղթի կազմակերպման համար պետական քաղաքականության մշակման կարիք ունենք։ Այս առումով նույնպես օրենսդրական մեծ փոփոխություններ են եղել, որոնք հունվարի 1-ից ուժի մեջ են մտնելու։ Նաև կառավարության որոշումներ փաթեթ է մշակվում, որի շրջանակում  հատկապես պահանջարկ ունեցող մասնագետները հնարավորություն են ունենալու մեկ պատուհանի միջոցով՝ օնլայն, դիմել աշխատելու, ապրելու իրավունքի  համար և պարզեցված կարգով ստանալու  այդ իրավունքները»։

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան Լուս՝ Armenia Engineering Week ֆեյսբուքյան էջի

2015թ-ին բարձր տեխնոլոգիաների ոլորտը 7 հազար աշխատակիցներով և շուրջ 15 մլրդ դրամ շրջանառությամբ ապահովում էր ՀՆԱ-ի 1,2 տոկոսը։ 2020–ին ոլորտի  շրջանառությունը 200 մլրդ դրամ  էր, աշխատակիցների թիվը՝ շուրջ 19 հազար, իսկ ՀՆԱ–ում կշիռը ՝ 3,2 տոկոս։ Կառավարությունը հավակնում է 2025-ին ոլորտի շրջանառությունը 500 միլիարդ դրամի, իսկ ՀՆԱ–ում ոլորտի կշիռը 6,2 տոկոսի հասցնել։ 

Ցուցադրել ավելի
Back to top button