Ժամանակի վկան

Հայկական ազգային կրթությունը Սիրիայում` Կրթասիրաց վարժարանի օրինակով․ Անդրանիկ Պօղոսեան․ «Ժամանակի վկան»

Այսօր իմ հյուրն է Հալեպի Կրթասիրաց Սարգիս Չէմպէրճեան (Ս. Ջեմբերջյան) երկրորդական վարժարանի տնօրեն, սիրիահայ պետական, ազգային, հասարակական գործիչ, Անդրանիկ Պօղոսեանը (Անդրանիկ Սերոբի Պողոս)։

1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո արևմտահայության աշխարհասփյուռ բեկորները տարբեր երկրներում հիմնեցին գաղթօջախներ, որտեղ զարթոնք ապրեց եկեղեցին, հայկական ազգային մշակույթը և կրթությունը։ Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում հիմնված հայկական կրթօջախները առաջնային նշանակությամբ հիմնականում պատսպարաններ էին հազարավոր հայ որբերի համար։ Անցյալ հարյուրամյակի ընթացքում հայկական համայնքերի աշխուժացմանն ու ընդարձակմանը զուգընթաց հիմնվեցին կրթական նոր հաստատություններ, որոնք նշանակալի դեր խաղացին հայապահպանության գործում։

Սիրիայի հայկական կրթօջախները հաղթահարելով դժվարությունները, այսօր էլ շարունակում են հայապահպանության գործը՝ շնորհիվ ազգային մշակութային, հայրենակցական, բարեսիրական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների ու բարերարների։

Կրթասիրաց վարժարանը հիմնադրվել է 1924 թվականին Հալեպի Վեքիլիե թաղամասում՝ Այնթապի Կրթասիրաց միության հովանու ներքո, իսկ 1974 թվականին տեղափոխվել է Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից կառուցված շենքը։ 1999 թվականից Անդրանիկ Պօղոսեանը Կրթասիրաց վարժարանի տնօրենն է։ Հայապահպանությունն օտար երկրում բազմաթիվ մարտահրավերների է բախվում։ Հայկական կրթական հաստատությունները շատ դժվարություններ ունեն, որոնցից մեկն էլ հայ աշակերտների կրթաթոշակների հարցն է, որը Անդրանիկ Պօղոսեանը լուծել է յուրովի։

Քրիստոնյա, ոչ հայ աշակերտներին Կրթասիրաց վարժարան ընդունելով՝ տնօրենը լուծում է ևս մեկ՝ ավելի կարևոր խնդիր․ այն է՝ հայ ժողովրդի բարի կամքի դեսպանների թիվն ամբողջ աշխարհում ընդլայնելը։ Կրթասիրաց վարժարանը Հալեպի ուսումնական հաստատությունների մեջ բարձր համբավ ունի։ Չնայած որ աշակերտների քանակն արդեն համալրվել է, բայց դպրոց ընդունվելու վերաբերյալ նոր խնդրագրերի ու դիմումների հոսքը չի դադարում։ Վարժարանն ունի նաև այլ ներքին դժվարություններ, որոնք, շնորհիվ ճիշտ կառավարման, հնարավոր է լինում կարճ ժամանակում հարթել։

Հետաքրքրվեցի նաև, թե սիրիական պետական ընդհանուր կրթական ծրագրերում որքա՞ն է հայկականի մասնաբաժինը։ Անդրանիկ Պօղոսեանը Սիրիայի նախագահից առաջարկ է ստացել համախմբելու այն բոլոր հայերին, որոնք ցանկություն ունեն վերադառնալու նախկին բնակության վայրերը։ Սիրական կառավարությունը պատրաստ է պետական օժանդակություն ցույց տալու վերադարձողներին։

Գամիշլիում հայկական կրթական հաստատությունները բախվում են նույն խնդիրներին, ավելին՝ նույնիսկ ստիպված են լինում դիմագրավել քրդական որոշ շրջանակների սպառնալիքներին։ Սիրիահայ պետական, ազգային հասարակական գործիչը և մանկավարժն իր հեղինակությունն ու պատիվը վաստակել է ամենօրյա տքնաջան աշխատանքով և ազնիվ կեցվածքով։ Անդրանիկ Պօղոսեան կրթական գործի նվիրյալը չի ընկրկել ոչ մի դժվարության առջև, հպարտ է որ ունի հարյուրավոր աշակերտներ, որոնք մշտապես իր հայրական խնամքի ու հոգատարության ներքո են։

Back to top button