Ստարտափ Հայաստան

Սյունյաց կենդանական աշխարհից ընտրված հերոսները` մանկական հագուստի ոճ․ «Ստարտափ Հայաստան»

Երեխաները պետք է կրեն հագուստ, և ակնհայտ լինի, որ դա Հայաստանի արտադրանքն է։ Որոշվեց, որ բրենդի անունը Հայաստանից դուրս հեշտ կարդացվի ու հասկացվի, իսկ, ա՜յ, դիզայնի մասով համարձակ գտնվեցին. ժամանակակից հերոսներ ընտրեցին Սյունյաց կենդանական աշխարհից։

Լուսինեն, ամուսինն ու ամուսնու հորեղբայրը գլուխ գլխի տվեցին ու սկսեցին զբաղվել մանկական հագուստի արտադրությամբ։ Բավականին երկար ժամանակ հարազատները զբաղված էին միայն շուկայի ուսումնասիրությամբ, հետո համարձակություն հավաքեցին և մտան շուկա։ Սա ռիսկային քայլ էր երեքի համար էլ, որովհետև ոլորտի հետ նրանցից ոչ մեկն առնչություն չուներ. պետք է ամեն ինչ զրոյից սկսեին։

Հենց 2018 թվականը, կարելի է ասել, ճակատագրական դարձավ բիզնեսից հեռու Լուսինե Դավթյանի համար։ Որոշվեց՝ բիզնեսով են զբաղվելու ու հենց Հայաստանում։

Ուսումնասիրությունների ժամանակ հասկացան, որ հայկական շուկայում մեծ բաց կա՝ արտահագուստ չկա, կամ եթե կա էլ՝ որակապես ու դիզայնով զիջում է։ Իսկ Լուսինեի համար մեծ պատասխանատվություն էր քմահաճ փոքրիկ հաճախորդների համար հագուստ ստեղծելը։

«Բիզնեսի սկզբնական փուլում դժվարությունները նորմալ են,-ասում է Լուսինեն,- այդ դժվարություններից մի քանիսը մեզ անակնկալի բերեցին։ Չէինք պատկերացնում, որ կարող ենք բախվել այնպիսի խնդիրների, ինչպիսիք են, օրինակ՝ մասնագետների պակասը»։

Սա լուրջ մարտահրավեր էր նոր ձևավորվող թիմում ու, եթե մի պահ հանձնվեին, այդպես էլ չէր ստեղծվի այն, ինչ ունեն այսօր։ Մի խնդիրը լուծելուց հետո միանգամից առաջ եկավ մյուսը։ Հայկական արտադրանք, որի հումքը հայկական արտադրության չէր լինելու, ցավալի փաստ էր, ասում է Լուսինեն։ Ձեռքերը ծալած չնստեցին։ Ավելի նպատակահարմար եղավ դրսից հումք ներկրելն ու արտադրությունը շարունակելը։

«Լալունզի» հիմնադիրները սկզբում չեն մտածել, որ հեշտ կլինի, չեն էլ մտածել, որ կարճ ժամանակահատվածում մանկական հագուստի հայկական բրենդը կարող է սիրվել ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս։ Այդ ամենը փաստում են մշտական հաճախորդները։

Ցուցադրել ավելի
Back to top button