ԿարևորՀասարակություն

Միտքը՝ պետության «հումք»․ մեկնարկել է «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը

Հայաստանը ոչ միայն համաշխարհային մտքին հաղորդակից, այլև՝ այդ միտքը միավորող ու գեներացնող։ «Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովը» պատասխանն է այն հարցի, թե ինչի շուրջ է մտորում համաշխարհային միտքը։  Պանելային քննարկումներում ներկայի մարտահրավերներն ու ապագայի լուծումներն են։ Դրանք սկսվում  են քվանտային քաղաքականությունից ու հասնում Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականություն՝  չշրջանցելով արհեստական բանականությունն ու նորագույն տեխնոլոգիաները։

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյան․ «Հայաստանի ապագան կապված է լինելու նոր տեխնոլոգիաների, գաղափարների և գիտության հետ։ Որովհետև այս երկրի ամենամեծ հաստությունը տաղանդավոր մարդիկ են։ Ոչ նավթը, ոսկին, քարը, այլ՝ մարդիկ։ Մարդկանց պետք է աջակցել, որ զարգանան, և դրա լավագույն ձևը երիտասարդ սերնդին կրթել և քաջալերելն է, որ իսկապես դուք ապագա ունեք թե Հայաստանում, թե աշխարհում»։  

Ապագայի կոնֆերանսը հուշում է՝ ապագան գիտությանը և տեխնոլոգիաներինն է։ Հայաստանի վարչապետն առաջարկում է մոդելավորել աշխարհաքաղաքականությունը՝ մեզ հետ և մեր կողքին կատարվող գործընթացներն առավել հասկանալի և կառավարելի դարձնելու համար։

«Աշխարհաքաղաքականությունը որոշակի մոդելավորման կարող է տրվել, որովհետև այն շատ նման է մակընթացությունների և տեղատվությունների, որոնք անընդհատ և պարբերաբար տեղի են ունենում։ Չմոդելավորված աշխարհում մարդիկ չէին հասկանում՝ ինչն ինչու է տեղի ունենում, իսկ մոդելավորված աշխարհում այդ ամենն արդեն դառնում է կանխատեսելի»։

«Մտքի հայկական գագաթնաժողով»-ին մանրամասներ են ներկայացվում Հայաստանում առաջին անգամ անցկացվող գիտական փառատոնի՝ Starmus -ի մասին։ Starmus-ն աշխարհում երկու անգամ լավագույնը ճանաչված գիտական փառատոն է։ Ռոքն ու աստղագիտությունը միավորող փառատոնը բանաձև է չեզոքացնելու հասարակության ու գիտության միջև եղած անջրպետը։ Թեև այն սկսվել է որպես աստղագիտության փառատոն, սակայն այժմ փառատոնի 70 տոկոսը գիտության այլ ճյուղերինն է ։ Տնտեսությունը ժամանակակից աշխարհում գիտությունն է շարժում՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է Starmus-ի հիմնադիր Գարիկ Իսրայելյանը։

«Հիմա, փառք Աստծո, մենք այնպիսի դարում ենք ապրում, որ մարդիկ գիտելիքով, նոր հայտնագործությունով կարող են ամբողջ երկիրը հարյուր տարի առաջ  գցել։ Այնքան բանաձևեր կարելի է մտածել, որ միանգամից թռիչք լինի աշխարհում։ Միանգամից, միայն մարդու գաղափարի, գիտելիքի միջոցով ։ Դրա համար պետք չեն գործարաններ, միայն գիտելիքով էլ է հնարավոր անել։ Մենք այն դարում ենք ապրում, որ կարող ես շատ լավ գիտելիքներով ու գաղափարներով այնքան բան անել, որ ոչ ոքի մտքով չի անցնի»։

Այս տարի փառատոնը կրելու է «50 տարի Մարսի վրա» խորագիրը։ Ըստ Իսրայելյանի՝ մարդկության առջև դրված բարդ խնդիրները որքան էլ տիեզերքին են առնչվում,  նախ և առաջ նպաստում են երկրագնդի քաղաքակրթության զարգացմանը։ Հայաստանը՝ իբրև այդ քաղաքակրթության մաս, հավակնում է զբաղվել աշխարհին հուզող հարցերի լուծմամբ։ ԲՏԱ նախարար Վահագն Խաչատրյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ընդգծում է՝ նախարարության հիմնական խնդիրը դաշտում կարգավորումների հստակեցումն է։

«Մենք հիմա տիեզերական գործունեության նոր գաղափարն ենք փորձում իրականացնել։ Բոլորիս թվում է՝ տիեզերքը արբանյակի թռիչքն է և վերջ, բայց իրականում դա շատ ավելի շատ ճշգրիտ գիտություն է՝  սարքաշինություն, մեքենաշինություն, ծրագրավորում։ Ժամանակակից ցանկացած արտադրանք, որից մենք օգտվում ենք, պահանջում է նոր տեխնոլոգիա, գիտելիք և ինժեներիա։ Մեր խնդիրն է, որ կարողանանք դաշտում կարգավորումները հստակեցնել։ Չենք ուզում մտնել բիզնեսի մեջ, այն իմաստով, որ դրանով զբաղվենք, բայց ուզում ենք բիզնեսին օգնել, որ կարողանա ավելի հեշտ այդ տեխնոլոգիաները ձեռք բերել»։

ԲՏԱ նախարարը շեշտում է՝ կառավարությունը բաց է քննարկել ցանկացած նախագիծ և աջակցել դրա կայացմանը։ Անհրաժեշտ է օգտագործել հայության ողջ ներուժը՝ համագործակցելով Սփյուռքի հետ։ Այդ նպատակով այժմ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակն արտերկրում բնակվող գիտնականների բազա է կազմում՝ նրանց հետ համագործակցելու հեռանկարով։

Ցուցադրել ավելի
Back to top button