ԿարևորՀասարակություն

Հայաստանում գյուրզայի հակաթույն են մշակել

Հայաստանն օձի խայթոցների դեմ «անտիգյուրզեն» հակաթույնն այսօր ձեռք է բերում Ուզբեկստանից՝ բավական թանկ գնով։ Մինչդեռ Գիտությունների ազգային ակադեմիայի Ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտաշխատողները գտել են հակաթույնը օձի խայթոցի դեմ։ Թունավոր հետազոտությունների մասնագետներն այն արդեն փորձարկում են, իսկ հետո կանեն քայլեր արտադրելու ուղղությամբ։

«Սա է մեր լաբորատորիան, համեցեք»: Սա այն բացառիկ լաբորատորիան է, որտեղ Ֆիզիոլոգիայի ինստիտուտի  գիտնականները ստացել են գյուրզայի հակաթույնը։ Դրանով պայքարելու են մեր տարածաշրջանում ամենաշատ տարածված խայթոցների ենթատեսակի դեմ: Այսօր Հայաստանում օձերի խայթոցների դեմ կիրառվում է Ուզբեկստանից ներկրվող հակաթույնը, որն այս դեպքում ամենաարդյունավետ միջոցը չէ, իսկ իմունոլոգիապես ծանր արտադրանք է։ Թունաբանական հետազոտությունների լաբորատորիայի երիտասարդ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Արսեն Քիշմիրյանն ասում է՝ ուզբեկական արտադրանքից օգուտը քիչ է, գինը՝ բարձր։

 «Դրա արդյունավետությունն ավելի քիչ է, կասկածի տակ կարելի է դնել։  Դրա համար մենք փորձեցինք մեր արտադրանքն ստանալ։  Երկու տարեկան արու խոյ ենք գնել։ Հետո ստացված արտադրանքի արդյունավետությունը փորձարկում ենք առնետների, մկների վրա»։

Ճագարների վրա փորձարկումները դրական արդյունք են տվել, հիմա  անցել են ոչխարներին։  Փորձարկումների համար նախատեսված կենդանին պահվում է ինստիտուտի հարևանությամբ։ Ոչխարն այժմ իմունիզացման փուլում է։ Ամեն շաբաթ նրան օձի թույն են ներարկում՝ աճող չափաքանակով։ Իմունիզացումը կտևի մոտ 4 ամիս։ Հակամարմինների բավարար քանակի դեպքում կարձանագրեն՝ ոչխարը պատրաստ է արյուն հանձնելուն․ 

«Ոչխարից վերցվածը գալիս է, արյունից անջատվում է, մշակվում է, մաքրվում է, խտացվում է, այնուհետև փորձարկումներ մկների ու առնետների վրա։ Սովորական թույնի դեպքում մաշկին արյունազեղման հետքեր են, իսկ հակաթույնը ներարկելուց դա կամաց–կամաց վերանում է։ Մեր նախատիպը 100 տոկոս արդյունավետություն է տալիս»։

Ինստիտուտը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի կողմից հետազոտությունների համար դրամաշնորհ է ստացել։ Ոչխարից կանցնեն ձիերին։ Սմբակավոր այս կենդանուց կփորձեն ստանալ հակաթույն։ Այս դեպքում կենդանիների տարբերությունը միայն իմունիզացումից հետո վերցվող արյան քանակության մեջ է։ Որակական որևէ տարբերություն չկա, ասում է լաբորատորիայի գիտաշխատող Արսեն Քիշմիրյանը․

«Պետք է լինելու որոշակի տարածք, որտեղ հնարավոր կլինի պահել ձիեր, իմունիզացնել, անհրաժեշտ կլինի անասնաբույժ, որը կհսկի նրանց առողջությունը։ Իսկ մեր գործողություններից հետո ձիերին որևէ վտանգ չի սպառնում։  Նրանք ավելի պաշտպանված են լինում, ինչպես պատվաստանյութերի դեպքում»։

Գրանցումից հետո գյուրզայի հակաթույնը կներկայացվի ներքին և արտաքին շուկայում: Իր էֆեկտիվությամբ այն չի զիջում միջազգային արտադրանքին՝ ասում է հետազոտական աշխատանքների մասնակիցը։ Ավելին՝ դրա մասին արդեն գիտական հոդվածներ են հրապարակվել հեղինակավոր գիտական հանդեսներում․

«Հնարավոր է մոտ ապագայում լինի արտադրանքը։ Մեր ծավալները կմեծանան։ Ստատիստիկա կհավաքենք, որոշակի սարքավորումներ են պետք, ու արդեն պատրաստ կլինենք արտադրանքի»

Հետազոտությունները պարզել են՝ գյուրզայի թույնը յուրահատուկ հակաքաղցկեղային և հականեյրոդեգեներատիվ հատկություններ ունի։ Դրա մեջ օբտուստատին ցածրամոլեկուլյար սպիտակուց կա, որը կարող է կանգնեցնել ուռուցքի աճը՝ խախտելով կապը մետաստազների բջիջների միջև։ Հակաթույնի հիմքով հնարավոր է նաև դեղորայքի նոր տեսակներ մշակել։

Ցուցադրել ավելի
Back to top button