ԿարևորՀասարակություն

Հայաստանի համար ձեռնտու սահմանազատման քարտեզ կա, հարց է՝ կօգտագործվի՞, թե՞ ոչ

Սկսվել է մի գործընթաց, երբ ռուսական մամուլը՝ վկայակոչելով իր աղբյուրները տարածում է տեղեկություններ, որոնք Հայաստանը պաշտոնապես չի հաստատում։ Ռուսական լրատվամիջոցները գրում են  նոյեմբերի առաջին տասնօրյակում Պուտին– Փաշինյան– Ալիևի հնարավոր  հանդիպման մասին, քննարկում են եռակողմ փաստաթղթեր ստորագրելու հավանականությունը: Լրատվամիջոցների հրապարակումներին արձագանքել են պաշտոնական Երևանն ու Կրեմլը։

 «Այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ», –պարզաբանում է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ հստակեցնելով․«Կան տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, որոնք քննարկման փուլում են»: Ենթադրյալ հանդիպման մասին պարզաբանում «ՌԻԱ Նովոստի»–ին տվել է նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Եթե նման պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք այդ մասին ժամանակին կտեղեկացնենք»,– ասել է։

Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հայտնել էր, որ նոյեմբերի 9-ին Հայաստանը և Ադրբեջանը երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու․ իբրև թե Երևանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը։ Թեև այս տեղեկությունները կողմերը հերքում, են, բայց ամեն դեպքում 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության հիման վրա՝ Հայաստանը ներգրավված է եռակողմ (Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան) աշխատանքային քննարկումներում, որոնք վերաբերվում են տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը: 2021 թվականի մայիսից ի վեր եռակողմ ֆորմատով քննարկվում են նաև ՀՀ տարածքից ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների դուրս բերման, զուգահեռաբար Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան սկսելու հարցերը:

Այս գործընթացի  առնչությամբ արդեն բազմաթիվ անպատասխան հարցեր կան, որոնցից ամենակարևորը թերևս այն է, թե ինչ քարտեզներով է կատարվելու սահմանագծումը։

Իր հարցազրույցներից մեկում Հայաստանի նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հստակեցրել էր, որ Ադրբեջանի հետ սահմանին սահմանապահները տեղակայվում են 1975-1976թթ. խորհրդային ռազմական քարտեզների հիման վրա։ ՌԴ նախագահն էլ  օրերս շատ ավելի հստակ էր  արտահայտվել ՝  նշելով, որ  աշխատանքների համար որպես հիմք ընդունելու են Ռուսաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբում պահվող քարտեզները։ Պարզվում է, անգամ այս դեպքում Հայաստանի համար սկզբունքային է, թե խորհրդային որ շրջանի  քարտեզներն են օգտագործվելու, քանի որ դրանք մի քանիսն են՝ ասում է ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագետ  Ռուբեն Գալջյանը։

«Ռադիոլուր»–ի հետ զրույցում նա պարզաբանում է՝ առաջին քարտեզը  գծագրվել է 20–ական թվականներինն է․ դրա սահամնագծումներն ամենաձեռնտուն են հայկական կողմին։

«Այդ քարտեզներում անկլավներ գոյություն չունեն, Արծվաշենն, օրինակ, ամբողջովին Հայաստանի տարածքում է, որ հետո դարձրեցին անկլավ։ Մեր այդ սահմանները, որ գծված էին 20–ականներին,  Գենշտաբի քարտեզներում են, որոնք կան Մոսկվայում և Թբիլիսիում, բայց Հայաստանում դրանց բնօրինակը չունենք ։ Չեն տրվել Հայաստանին։ 26–27 թթ–ին այդ քարտեզները հրատարակվել են Սովետական մեծ հանրագիտարանում, ինչպես նաև Հայաստանում, որոնք հիմնվերով այդ ժամանակվա Գենշտաբի քարտեզների վրա՝  այդ բոլոր տարածքները՝ Ալ լճերը, Արծվաշենը և այլն, Հայաստանի տարածքի մեջ են ցուցադրում։ Հետո 30–ականներին քարտեզների վրա որոշ տարածքներ Կարմիր Քրդստան ստեղծելու պատրվակով տրվեցին Ադրբեջանին՝ հակառակ ժողովրդի, բնակիչների կամքի։ Գենշտաբի վերջին քարտեզները դրանք այն քարտեզներն են, որոնցով այդ տարածքները տրվել են Ադրբեջանին»։

Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի քարտեզներում վերջին թարմացումներն արվել են  70–ականներին։ Այն ժամանակ արվող փոփոխություններում սովորաբար բնակչության կարծիքը հաշվի չէր առնվում։ Համաձայնությունը տալիս էին Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, ասում է քարտեզագետը՝ նշելով խորհրդային Հայաստանի քարտեզում արված վերջին փոփոխությունները։

«Անկլավներն Ադրբեջանին են տրված դրանց մեջ, ինչը  մեր տեսանկյունից  ընդհանրապես ընդունելի չէ, քանի որ ադրբեջանական անկլավները տեղակայված են մեր մայրուղիների վրա։ Եթե առաջնորդվենք այդ քարտեզներով, մեր մայրուղիներից երկուսը կդադարեն դլինել մայրուղի, կկտրվեն։ Իսկ մյուս շրջանները, որոնք սահմանակից շրջաններն են, կմնան Ադրբեջանին։  Այսինքն՝ եթե դիտարկվեն  ստորագրված վերջին քարտեզները, դրանցով շատ բան կմնա Ադրբեջանին, կմնա նաև Գորիսից–Կապան Շուռնուխի ճանապարհը, որը խնդրո առարկա է։ Ի միջի այլոց, այն գյուղերից մեկը, որ Էյվազլու կոչեցյալն է, որի հատվածում  հայկական մայրուղին 20 կմ մտնում է ադրբեջանական տարածք և դուրս գալիս, այդ շրջանը մինչև 40 թվականը Հայաստանինն էր»։

Այս ուղղությամբ, սակայն, աշխատելու տեղ մասնագետը տեսնում է։ Այս փուլում, կարծում է, գործին պետք է միանան միջազգային իրավունքի մասնագետները։  

«Մենք մենևրելու տեղ ունենք, քանի որ որոշ շրջանները Հայաստանի տարածքից իրավական  տեսանկյունից ապօրինի են տրվել Ադրբեջանին։ Միջազգային իրավունքի մասնագետները պետք է  քննարկեն այդ պայմանագրերը, այդ նամակագրությունը՝ ինչու են այսպիսի փոփոխություններ եղել, ինչու են հանձնվել Ադրբեջանին։ Եթե իրավական տեսակետից սրանք վիճարկելի են, ուրեմն պետք է դատարանը որոշի՝ ինչ է կատարվել և ինչպես»։

Եռակողմ ենթադրյալ կամ հավանական առաջիկա հանդիպմանն անդրադառնալով Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղարը նշել է, որ սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի, ինչպես նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում խորհրդատվական օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահող երկրները՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, ինչպես նաև Եվրամիությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button