ԿարևորՀասարակություն

Գիրք՝ Հադրութի կարոտի, սիրո ու պատերազմի մասին

44-օրյա պատերազմում երիտասարդ հադրութեցի աղջիկը տունը, մանկության հուշերն ու հայրենիքն է կորցրել։ Կարոտի ու պատերազմում փրկված իր սիրո մասին ապագա բանասեր–գրականագետ Աննա Հակոբյանը գիրք է գրել։ Ասում է՝ գրքում ոչ միայն իր, այլև բոլոր նրանց անունից է խոսում, ովքեր պատերազմում ու պատերազմի հետևանքով կորուստներ ունեն։ Հավատում է ու վստահ է՝ հաջորդ գրքերը միայն սիրո մասին են պատմելու, սիրո, որ փրկեց ու փրկվեց պատերազմում։

Ես Հադրութում չեմ եղել, չեմ ապրել Հադրութում, բայց արդեն այնտեղ տուն ու սեր ունեմ․․․ գրքի էջերում, տողերում, նկարագրություններում ես գտա, զգացի Հադրութը, ու հիմա արդեն այնտեղ ապրում եմ․․․

«Ես Աննան Հակոբյանն եմ Արցախի Հադրութ քաղաքից, 19 տարեկան եմ, շուտով քսանս կբոլորեմ, պատերազմից ու Հադրութից հետո ձեռքբերումներիցս մեկը այս գրքի տպագրությունն է, որտեղ ես զետեղել եմ իմ հուշերը, իմ մտքերը, իմ կարոտը, որով ես սփոփվում եմ»,— ասում է երիտասարդ ստեղծագործող Աննա Հակոբյանը։

Աննայի «Սեր և պատերազմ»  գիրքը  ընդամենը 15  էջ ունի , բայց մի ամբողջ հայրենիք, կյանք ու կռիվ այս գրքում են։

«Այս գրքում երկու թեմա կա՝ սեր և պատերազմ, սրանք միաձուլված են, քանի որ չկա սեր՝ առանց պատերազմի, և չկա պատերազմ՝ առանց սիրո»,- պատմում է հեղինակը։

Սերը ուժեղ է, իսկ պատերազմը այդ սերն ավելի է հզորացնում՝ վստահ է գրքի հեղինակը։ Աննան գիրքը ընկերոջը՝ 44–օրյա պատերազմի մասնակից ժամկետային զինծառայող Նիկոլայ Չակմազյանին է նվիրել։

« Ովքեր զգում են սերը, սիրում են, սիրում են այն հողի վրա, որը մեզանից տղաներ, հարազատներ տարավ»։

Աննան վստահ է՝ պատերազմում ու պատերազմից սիրելիին իր սերն է փրկել։ Աննան սերը փրկել է, բայց մանկությունն ու մանկության ընկերոջն է կորցրել կռվի դաշտում։ Միակ սփոփանքը հիմա Եռաբլուրն է․ այնտեղ է, որ արցունքները թարմ են պահում հիշողությունները։

Եվ դու գնացիր
Կարոտս մնաց
Շատ շուտ գնացիր,
Իսկ ես մնացի՞։
Դարձել եմ ծաղիկ՝
Անջրդի, անշուք։
Կանգուն եմ այսպես,
Կանգուն եմ կարծես,
Նզովյալ կյանքումս
Ապրում եմ ես հեզ։
Ու դու գնացիր
Ու ինձ էլ տարար։

«Գրքի էջերում ես խոսում եմ, պատմում եմ բոլոր այն մարդկանց անունից, որոնք պատերազմից հետո, պատերազմում տուն, սեր ու հարազատ կորցրին։ Ես պատմում եմ Հադրութի մասին, բայց խոսում եմ նաև Շուշիում իրենց տունը կորցրած մարդկանց լեզվով»,– ասում է գրքի երիտասարդ հեղինակը։ Գրքում իր երազի մասին է պատմում, երազում իրենց Հադրութի տունն է տեսել, «տանս դուռը բաց էր, սովորականի պես միշտ բաց, բայց տանս դիմաց մարդ չկար․․․․ Երազս համր էր, կամ էլ ես՝ խուլ»

Հադրո՛ւթ, շտըղը՞ս հըսէ մհենգ,
Մեզ քըցալս սարեր, ձորեր։
Պա մեր բախտը շտը՞ղ մնացավ,
Հա՛, մեր անբախտ բախտը շտը՞ղ մնացավ։
Հադրո՛ւթ, ա իմ քաղցր, Հադրո՛ւթ, իմ ճյուր, իմ հաց, իմ նշխա՜ր։
Էսքան զոհը քիզանա հըռէ,
Բայց քու սըրտըմ Հունցը՞ս պըհլան։
Պա առէ մունք է, մո՛ւնք Հունցը՞ք ըպըրլան։
Է՛հ, իմ Հադրո՛ւթ, Քեզ մինակընք թողա, հա՛,
Մինա սասդ սըրտըռնըմս ա…

Կարոտի ու կորստի մասին պատմող հեղինակն ասում է՝ չնայած իրենց տունը փոքր էր, քարքարոտ ու մոլախոտերով ծածկված բակ ուներ, բայց միակ տեղն էր, ուր ինքը միշտ ապահով էր։

«Հենց դպրոցից գալիս էի, ոտքս դնում էի դարպասից ներս, ինձ վստահ էի զգում, այնտեղ հզորություն կար, Աստծո օրհնությունը կար»,- պատմում է Աննան։

«Ես ապրում էի ու զգում էի ամեն ինչ մինչև անիծված 27-ը․․․ Ամեն ինչ սկսվեց ու ավարտվեց հենց այդ նույն մայրամուտին»,– գրում է հեղինակը «Սեր և պատերազմ»-ում։ Պատմում է՝ Հադրութում մեծ այգի ունեին, սերկևիլի, խնձորի, պոպոքի ու խաղողի, բայց ինքն այդ բերքից չի կերել, չի հասցրել․․․

Կարոտալըմ ես իմ վըղը, կարոտալըմ ես իմ տըղը,
Կարոտալըմ տոնըս, տըղս, տանը տակը ու․․․ մեր բյանդը։
Կարոտալըմ մեր սըհարը, կուտըրատած ծըմըռվա մեր փյադը։
Կարոտալըմ թուփը, ծուպը, Հադրութա քաղցր վըտը
Կարոտալմ մեր Լարիսին թուռնավ հացը․․․
Կարոտալըմ յէրէ թաղը։
Կարոտալըմ մեր ժամեն տոռնը, մեր քըրքարուտ լենջը, բաղը։
Թա՛ շնչավոր, թա՛ անշունչ, կարոտալըմ է ես ծեզ։
Կարոտալըմ քե՛զ, ա իմ քա՛ղցր Հադրութ։

Հավատում է ու վստահ է՝ հաջորդ գրքերը միայն սիրո մասին են պատմելու, սիրո,  որ փրկեց ու փրկվեց պատերազմում։

Աշունն այսքան տխուր չէր եղել,
Աշունն այսքան տերև չէր թափել,
Աշունն այսքան կյանքեր չէր խլել,
Աշունը երբե՛ք աշուն չէր եղել։

Ցուցադրել ավելի
Back to top button