ԿարևորՀասարակություն

Աշխարհաքաղաքական թեմատիկ քննարկումներ՝ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ում

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի ընթացքում այսօր տեղի են ունեցել գագաթնաժողովի հիմնական երկու թեմաներին՝ աշխարհաքաղաքական փոփոխություններին և տեխնոլոգիական զարգացումներին նվիրված լիագումար նիստերը:

«Գլոբալ վերափոխումներ և քվանտային քաղաքականություն. մարտահրավեր անհայտին» խորագրով լիագումար նիստի ընթացքում քննարկումները ծավալվել են միջազգային հարաբերությունների՝ գոյություն ունեցող համակարգի վերափոխումների և փոփոխվող աշխարհի նոր մարտահրավերների շուրջ:

«Աշխարհաքաղաքական զարգացումները Հարավային Կովկասում» խորագրով լիագումար նիստի թեմաները վերաբերել են արցախյան 44-օրյա պատերազմին և տարածաշրջանում ստեղծված նոր իրողություններին, քաղաքական դերակատարների նպատակներին և կայուն խաղաղության հաստատման հնարավորություններին:

Անդրադարձ է եղել նաև Եվրոպայի և Եվրասիայի, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի և Աֆղանստանի անվտանգային մարտահրավերներին և դրանց հնարավոր ազդեցությանը գլոբալ ու տարածաշրջանային համատեքստում:

Լիագումար նիստերի բանախոսների թվում են եղել Արգենտինայի նախկին նախագահ Մաուրիսիո Մակրին, Ռուսաստանի «Սկոլկովո» հիմնադրամի նախագահ, Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Արկադի Դվորկովիչը, «Սթիմսոն Եվրոպայի» գործադիր տնօրեն Կավա Հասանը, ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը, միջազգային գիտական և փորձագիտական տարբեր կենտրոնների ներկայացուցիչներ։

Գագաթնաժողովի ընթացքում կազմակերպվել են նաև «Ապագայի զրույցներ» խորագրով քննարկումներ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և աշխարհի տարբեր երկրներից քաղաքական, տնտեսական ոլորտների հայտնի ներկայացուցիչների միջև։

Գագաթնաժողովի հիմնական թեմաների շուրջ նախագահ Սարգսյանը տեսակապի միջոցով զրույցներ է ունեցել ամերիկյան Moderna ընկերության համահիմնադիր և նախագահ, Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանի, Google ընկերության գնումների գծով արտադրության տնօրեն Թեդ Սոուդերի, Monthly Barometer-ի գործընկեր Ֆիլիպ Բուրգինյոնի հետ:

«Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակում թեմատիկ քննարկումները կշարունակվեն նաև հոկտեմբերի 24-ին։

Ցուցադրել ավելի
Back to top button