ԿարևորՀասարակություն

9 ամսում՝ 48 դատական գործ լրագրողների և ԶԼՄ–ների դեմ

Վերջին եռամսյակում լրագրողների և լրատվամիջոնցների դեմ 15 դատական գործ է հարուցվել։   Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի տեղեկացմամբ՝ դատական  հայցերը հիմնականում ներկայացրել են պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները։ Կոմիտեն նաև  լրագրողների հանդեպ բռնության դեպքերն է  արձանագրել։ Եռամսյա վիճակագրությունն Աշոտ Մելիքյանը մտահոգիչ է համարում։

«Լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնության դեպքերը 3-ն են վերջին եռամսյակում, ԶԼՄ-ների և նրանց աշխատակիցների վրա ճնշումների 20 դեպք ենք արձանագրել, իսկ տեղեկություններ տարածելու և ստանալու իրավունքի խախտումները 37-ն են, ընդհանուր առմամբ այս տարի ՝ 9 ամիսների ընթացքում, արձանագրվել է 18 ֆիզիկական բռնության դեպք,  83 տարատեսակ ճնշումների դեպք ԶԼՄ-ների և լրագրողների նկատմամբ և տեղեկություններ տարածելու և ստանալու իրավունքի 67 խախտում»,-ասում է Աշոտ Մելիքյանը։ 

Աշոտ Մելիքյանի գնահատմամբ՝ մտահոգիչ են հատկապես լրատվամիջոցների նկատմամաբ կիրառվող այն սահմանափակումները, որոնք ամրագրվում են։ Օրենսդրական նախաձեռնություններով, նորմատիվ իրավական ակտերով  կամ պարզապես գործողություններով։ Ամենաթարմ օրինակը  «Զանգվածային լրատվության մասին» օրենքում խորհրդարանական մեծամասնության պատգամավորների առաջարկած փոփոխություններն են։ Նախագծով պատասխանատվություն է սահմանվում անանուն աղբյուրներին հղում անելու կամ դրանց տեղեկությունները տարածելու համար։ Հեղինակներն ասում են՝  փորձում են պայքարել տեղեկատվության չնույնականացվող կամ ֆեյք աղբյուրների տարածած ապատեղեկատվության դեմ։ Ընդդիմախոսները համոզված են, որ նախագիծը սահմանափակելու է լրատվամիջոցների ազատությունը։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի և լրագրողական այլ կազմակերպությունների ջանքերով նախագիծը ուղարկվել է եվրոպական կառույցներ՝ փորձագիտական գնահատման։

 «Ի ուրախություն մեզ, խորհրդի ուղարկած պատասխանում նշվում էր, որ օրենքի այդ նախագիծը դեմ է խոսքի ազատության եվրոպական չափանիշներին»,-ասում է Մելիքյանը։

Օրենսդրական մտահոգիչ մյուս փոփոխությունն էլ ծանր վիրավորանքի քրեականացումն է։ Մելիքյանը կարծում է, դրա հետևանքով ավելանալու են լրագրողների և լրատվամիջոցների դեմ դատարան ներկայացվող հայցերը։

«Ծանր վիրավորանքի, այդ թվում և հայոհյանքի համար սահմանվեցին տուգանքներ, ընդհուպ մինչև ազատազրկում։ Հայհոյախոսությունը չենք խրախուսում իհարկե, բայց ծանր վիրավորանքի տակ ընկալվում է շատ դեպքերում նաև սուր քննադատությունը, մանավանդ պաշտոնյաների և քաղաքական գործիչներիր կողմից և սա հնարավորություն է լրագրողին կամ ԶԼՄ-ի հետ դատարանում հաշիվ մաքրելու։ Այստեղ մի խախտում էլ կա, ըստ այդ օրենքի փաթեթի, վիրավորանք ստացածները խմբերի են բաժանվում, առաջին խմբում ուղղակի քաղաքացիներն են, իսկ երկրորդում պաշտոնյաները, հանրային դեմքերը, քաղաքական գործիչները, ինչն անհասականլի է  և անհավասար, մանավանդ երբ ըստ եվրոպական խորհդի չափանիշների պաշտոնյաները պետք է ենթարկվեն ավելի շատ քննադատությունների, քան հասարակության մյուս անդամները»,-ասում է Մելիքյանը։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը արձանագրում է նաև հուլիսի 2-ին e-draft հարթակում  տեղադրված նախագիծը՝ մշակված ԱԱԾ-ի և ԲՏԱ-ի կողմից։ Ըստ դրա՝ կառավարություն այլևս չի հրապարակայնացնի  տեղեկություններ պաշտոնյաների ուղևորությունների, դրանց վերաբերող ծախսերի և նպատակների վերաբերյալ։ Մելիքյանի խոսքով՝ առաջարկը  հակասում է ոչ միայն Սահմանադրությանը, այլև բաց կառավարման գործընկերության շրջանակում Հայաստանի ստանձնած պարտավորություններին։

Interviewing businessman on press conference

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ բացասականի հետ  մի քանի դրական փոփոխություններ էլ է արձանագրում․

«Սեպտեմբերի 16-ին կառավարությունը հաստատեց ու ԱԺ ուղարկեց գովազդի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով արգելվում է առհասարակ շահումների, խաղերի մասին գովազդ, այդ թվում և օնլայն հարթակում, ինչը նաև լրատվականներին է վերաբերում»,-ասում է Մելիքյանը։

Թեև այս փոփոխությունը ևս լրատվամիջոցներից շատերի դժգոհության առիթ էր դարձել, բայց  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը համոզված է, որ այն  դրական է ազդելու  հասարակության ու լրատվադաշտի վրա։

Ցուցադրել ավելի
Back to top button