ԿարևորՀասարակություն

Տեսչական մարմինը քաղաքացիներից նաև անանուն բողոքներ կստանա

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից 2021 թվականի ընթացքում աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտում հարուցվել է 286 վարչական վարույթ, որոնցից  200-ը՝ դիմումների հիման վրա: Դիմում–բողոքների գերակշիռ մասը վերաբերել է աշխատանքային  իրավունքի խախտումներին։ Տեսչական մարմինն օրենսդրական փոփոխություններ է մշակում, որպեսզի հնարավոր լինի քաղաքացիներից ընդունել նաև անանուն բողոքներ։

Ֆլորա Աբրահամյանը Երևանի խոշոր առևտրի կենտրոններից մեկի աշխատակից է։  Հղիության ընթացքում ազատվել է աշխատանքից՝ առանց իր իմացության։ Դրա մասին  իմացել է պատահաբար, երբ հիվանդության վերաբերյալ բժշկի թուղթ է ներկայացրել  աշխատավայր։

«Դա արել էին հաշվապահությունն ու կադրերի բաժինը։ Ես դիմում չէի գրել և շատ ուշ եմ իմացել, որ ազատվել եմ աշխատանքից , այնինչ աշխատանքից ազատված լինելով աշխատել եմ։ Դիմեցի իմ իրավունքների համար ԱԱՏՄ։ Տեսչական մարմինն արագ արձագանքեց։ Եվ աշխատավայրից կանչեցին, զրուցեցինք ու հասկացանք միմյանց»։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այս տարվա ընթացքում  աշխատանքային  օրենսդրության վերահսկողության ոլորտում հարուցել է 286 վարչական վարույթ։  200 դիմում–բողոքներից 197–ը վերաբերել է աշխատանքային օրենսդրության խախտումներին։  Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերաբերյալ ընդամենը երեք դիմում է եղել՝ ասում է տեսչական մարմնի  աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը։

«113–ը վերաբերվել է օրենքով սահմանված կարգով վերջնահաշվարկ չկատարելուն և օրենքով սահմանված ժամկետներում աշխատավարձերը չվճարելուն,  43–ը՝ աշխատանքային պայմանագրերի լուծման կարգը չպահպանելուն , 41-ն էլ՝ աշխատանքային օրենսդրության այլ իրավախախտումներին»։

Տեսչական մարմինը տարբեր իրավախախտումների վերաբերյալ է բողոք–դիմումներ ստանում՝ աշխատանքային պայմաններից մինչև աշխատավարձեր։ Գերակշիռ  մասը, ինչպես կառույցի պաշտոնյան է ասում, վերաբերում է աշխատավարձերին։ Աշխատողները  հիմնականում բողոքում են գործատուների կողմից աշխատավարձի սահմանված կարգով և ժամկետներում չվճարելուց, ինչպես նաև վերջնահաշվարկ չկատարելուց։

«Իրավախախտում հայտնաբերելու դեպքում տեսչական մարմինը գործատուին ժամանակ է տալիս՝ խախտումները վերացնելու համար։ Եթե գործատուի կողմից խախտումները չեն վերացվում, ապա տեսչական մարմինը հարուցում է նոր  վարչական վարույթ և  խախտումներ հայտնաբերելու արդյունքում վարչական պատասխանատվության են ենթարկում գործատուին։ Սկզբնական վարչական պատասխանատվության չափը 80-150.000 է։ Միևնույն արարքը միևնույն տարում կրկին կրկնելու դեպքում 100-200.000 դրամ է»։

Գործատուները դիտավորյա՞լ, թե՞ չիմացության հետևանքով են խախտում աշխատողների իրավունքները։ ԱԱՏՄ աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանի ասում է՝ աշխատանքային օրենսդրության  խախտումները հիմնականում կատարվում են  գործատուների չիմացության  հետևանքով։

«Տեսչական մարմնի հասու բոլոր միջոցներով  իրազեկվում են և՛ աշխատողները, և՛ գործատուներն իրենց իրավունքների և պարտականությունների մասին»։

2021 թվականի հուլիսի մեկից առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին վերապահվել են  նոր լիազորություններ։ Ըստ այդմ՝ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում աշխատանքային պայմանագրերի կնքման կարգի, աշխատաժամանակի և հանգստի ժամանակի տևողությունների պահպանման, օրենքով սահմանված կարգով վնասի հատուցման ենթակա գումարների ժամանակին վճարման, կոլեկտիվ պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարման նկատմամբ, ինչպես նաև անօրինական աշխատողներին հայտնաբերելու ուղղությամբ: Վերջին խախտման դեպքում գործատուները կտուգանվեն 50․000 դրամի չափով։

«Ենթադրենք ԶԼՄ–ներով կամ այլ աղբյուրներից տեսչական մարմինը ստանում է  տեղեկատվություն, որ գործատուն անօրինական աշխատող է պահում, ապա տեսչական մարմինն իրավասություն ունի սեփական նախաձեռնությամբ  ստուգումներ իրականացնել գործատուի մոտ։ Եվ եթե խախտումներ արձանագրվեն, ապա գործատուն յուրաքանչյուր անօրինական աշխատողի համար վճարելու է 50 000 դրամ տուգանք»։

Տեսչական մարմինը ներկայում պատրաստում է օրենսդրական առաջարկություններ՝ անանուն նամակների ընդունելու  հարթակ ստեղծելու նպատակով։ Սրանով կփորձեն հնարավորություն տալ աշխատողներին ավելի անկաշկանդ ներկայացնել աշխատանքային իրավունքի ոլորտում ծագած խնդիրները, ասում է Իգիթ Հակոբյանը։

«Կպահպանվի անձի կոնֆիդենցիալության սկզբունքը։ Եվ վարչարարություն կիրականացվի տվյալ դիմումատուին առանց որպես կողմ ներգրավելու վարչարարության մեջ»։

Հոկտեմբերի մեկից  տեսչական մարմինը գործարկել է աշխատանքային իրավունքի պաշտպանության  Employeeprotect  հարթակը, որը բողոքների ընդունման համար է։ Կառույցի ներկայացուցիչները վստահ են, որ այս կերպ կբարձրացնեն աշխատանքային իրավունքի պաշտպանության համակարգի հզորությունն ու հանրության կողմից տեսչական մարմնի նկատմամբ վստահությունը։

Back to top button