ԿարևորՎերլուծական

Խորհրդային քարտեզների մասին Պուտինի հայտարարությունը փորձագետները հստակ ուղերձ են համարում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն դիտարկումը, թե սահմանային իրավիճակը վերջնականապես կարգավորելն անհնար է առանց Ռուսաստանի մասնակցության, քաղաքագետ Բենիամին Պողոսյանը հստակ ուղերձ է համարում․ խնդիրը հնարավոր է լուծել միայն Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ձեւաչափով, Մյուս տարբերակներն, ըստ վերլուծաբանի,  պարզապես, «օժանդակ ձեւաչափեր» են։

«Հիմքն  այն եռակողմ գործընթացն է, որը վերջին մեկ տարում ընթանում  է՝ առնվազն նոյեմբերի 10-ից։  Միակ աշխատող ձեւաչափն է։ Համենայն դեպս այլ ձեւաչափերով մենք առայժմ ոչ մի կոնկրետ արդյունք չենք տեսնում։ Իհարկե, Նյու Յորքում տեղի ունեցավ արտգործնախարարների հանդիպում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, սակայն, արդյունքները հայտնի չեն։ Կարելի է ենթադրել, որ այդ ձեւաչափով ոչ մի արդյունք էլ ձեռք չի բերվի»։  

Ինչ վերաբերում է Արեւմուտքի ցուցաբերած հետաքրքրությանը եւ հնչող հայտարարություններին,   քաղաքագետի դիտարկմամբ՝ դրանք կարող են շարունակվել, հանդիպումներ էլ կարող են լինել, բայց իրական արդյունքներ ակնկալելը դժվար է։

«Այն, որ Արեւմուտքը ցանկանում է այստեղ ներկայացված լինել եւ կփորձի ինչ-որ պրոցեսներում մասնակցություն ունենալ, միանշանակ է։ Բայց թե որքանով Արեւմուտքի մասնակցությամբ պրոցեսներում կոնկրետ որոշումներ կընդունվեն, որոնք ինչ-որ բան կփոխեն «գետնի վրա», ես դրանում վստահ չեմ», –ասում է վերլուծաբանը։

Ամենակարևորը սահմանին իրավիճակը վերջնականապես կարգավորելն է, դա հնարավոր չէ անել առանց ռուսական կողմի մասնակցության՝ «Վալդայ» ակումբում հայտարարել էր ՌԴ նախագահը։  Վլադիմիր Պուտինը նաև նշել է, թե որ քարտեզներով է Մոսկվան  պատկերացնում գործընթացը։

«Կա շատ պարզ, պրագմատիկ մի բան։ Քարտեզները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է անցել Խորհրդային շրջանում միութենական հանրապետությունների միջև սահմանը, Ռուսաստանի բանակի գլխավոր շտաբում են գտնվում: Հիմնվելով այդ փաստաթղթերի վրա՝ երկու կողմն էլ պետք է հանգիստ նստեն, քննարկեն։ Այնտեղ կան բաներ, որոնք նույնպես փոխզիջումներ են պահանջում. ինչ-որ տեղ ինչ-որ բան հարթեցնել, ինչ-որ տեղ ինչ-որ բան փոխանակել: Միայն այնպես, որ դա ճանաչվի, հասկանալի լինի, որ դա ձեռնտու լինի երկու կողմերին էլ: Կարելի՞ է դա անել, թե՞ ոչ։ Կարելի է»։

Խորհրդային շրջանում սահմանագծման աշխատանքներ արվել են մի քանի անգամ, տարբեր շրջանների քարտեզներն իրարից բավականաչափ տարբեր են՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագետ Ռուբեն Գալջյանը։ Նրա խոսքով՝ խորհրդային քարտեզների մի խումբը գծվել է 20-ականներին՝  Հայաստանի սահմաններում  ներառելով այն տարածքները, որոնք Կարմիր Քրդստան ստեղծելու պատրվակով վերցվել էին Հայաստանից, իսկ հետագայում տրվել Ադրբեջանին։ Անկլավներ այդ քարտեզներում գոյություն չունեն՝ շեշտում է քարտեզագետը։

«Նաեւ ասեմ, որ 26-27 թթ․-ին քարտեզներ հրատարակվել են խորհրդային մեծ հանրագիտարանում, ինչպես նաեւ Հայաստանում, որոնք հիմնվել են այդ ժամանակվա Գենշտաբի քարտեզների վրա։ Այդ բոլոր տարածքները՝ Սև լիճ եւ այլն, բոլորը Հայաստանի տարածքի մեջ են»։  

30-ական թվականների վերջերին Կարմիր Քրդստան ստեղծելու պատրվակով Հայաստանի որոշ տարածքներ անցել են  Ադրբեջանին՝ հակառակ Հայաստանի բնակիչների կամքի՝ նկատում է քարտեզագետը։

«Այսօր ունեցած խորհրդային քարտեզներում կամ Գենշտաբի վերջին քարտեզներում այդ տարածքներն արդեն Ադրբեջանի տարածքում են։ Այսինքն՝ խորհրդային ամենավերջին ՝ 80-ականներին հրատարակված քարտեզներով Ադրբեջանին տրված են անկլավներ, որոնք գտնվում են մեր մայրուղիների վրա։ Այդ քարտեզներով առաջնորդվելը հայկական տեսանկյունից ընդհանրապես ընդունելի չէ»։

Անդրադառնալով Պուտինի այն դիտարկմանը, թե երկու կողմերից փոխզիջումների անհրաժեշտություն կա, քարտեզագետը նկատում է՝ եթե նման փոխզիջումներ արվեն 20-ական թթ.-ի քարտեզների հիման վրա, ապա մենք կարող ենք ունենալ շահեկան հատվածներ։  Իսկ  եթե 80-ական թթ.-ի քարտեզների մասին է խոսքը, ապա դրանց շուրջ քննարկումը հայկական կողմի համար այնքան էլ շահեկան չէ։

Գալջյանի խոսքով՝  80-ականների քարտեզները թեև վավերացվել են Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կողմից, բայց քննարկելի են․  եթե ուզում ենք սահմանագծում իրականացնել, նշանակում է՝ սահմանի հետ կապված խնդիրներ կան, և դրանք պետք է քննարկվեն մինչեւ փոխադարձ ընդունելի համաձայնությունների կայացումը ։ Քարտեզագիրը համոզված է, որ Հայաստանը մանեւրելու տեղ ունի, քանի որ Հայաստանից որոշ տարածքներ իրավական տեսակետից ապօրինի են տրվել են Ադրբեջանին։ Դա, սակայն, ըստ նրա, միջազգային իրավունքի խնդիր է։ Ըստ քարտեզագրի՝ խնդիրը եւ՛ քաղաքական է, ե՛ւ մասնագիտական։           

Back to top button