ԿարևորՔաղաքական

Միացյալ Թագավորության կառավարությունը պատերազմից հետո չի շնորհավորել կողմերից որևէ մեկին․ Ջոն Գալագեր

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը Հանրային ռադիոյին տված բացառիկ հարցազրույցում մի քանի առանցքային ճշգրտում է արել  44–օրյա պատերազմի ժամանակ Միացյալ Թագավորության կեցվածքի և դրա շուրջ  ձևավորված կարծիքի վերաբերյալ։

Դեսպանի հետ զրուցել ենք տարածաշրջանային  զարգացումների, դրանց նկատմամբ Մեծ Բրիտանիայի դիրքորոշումների, նաև Հայաստանում նախատեսվող  ծրագրերի ու նախաձեռնությունների մասին։ Մեր բացառիկ հարցազրույցն ամբողջությամբ  հասանելի կլինի Հանրային ռադիոյի  կայքէջում։ Այսօր այդ զրույցից առանձնացրել ենք 2020–ի արյունալի պատերազմին և Միացյալ Թագավորության դիրքորոշումներին առնչվող հատվածը։    

Մեծ Բրիտանիան այն պետությունը չէր, որը 44–օրյա պատերազմի ժամանակ տապալեց ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի բանաձևը՝ Հանրային ռադիոյի հետ զրույցում նշել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը։ Միացյալ Թագավորության կեցվածքը 44–օրյա պատերամի ընթացքում անգամ բրիտական մամուլում՝ «The Sanday Taimes»-ում և «The Guardian»-ում քննադատվեց, հոդվածներից մեկում մեծ Բրիտանիայի լռությունը նույնիսկ որակվեց «ամոթալի»։ Իրականում, Միացյալ Թագավորությունը «ձեռքերը ծալած» չի նստել պատերազմի օրերին՝ վստահեցնում է դեսպան Գալագերը։

«Միացյալ Թագավորությունը վստահաբար լուռ չի եղել այս հարցում։ Մենք մտահոգված էինք տարածաշրջանային խաղաղության մասին։ Մենք պարբերաբար հորդորել ենք խաղաղ կարգավորում գտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով և լիակատար աջակցություն ենք ցուցաբերել այդ հարթակին՝ որպես ճիշտ ուղի՝ գտնելու փոխզիջում, որը կբերի տևական խաղաղություն։ Եվ ես կարող եմ նշել, որ Միացյալ Թագավորությունը թե՛ նախարարների մակարդակով, թե՛ կառավարության այլ ներկայացուցիչների մակարդակով Բաքվում և Երևանում հետնաբեմում բավական ջանքեր է գործադրել, օգնելու ստեղծել պայմաններ, որպեսզի հնարավոր լինի հասնել հրադադարի, ինչը ի վերջո տեղի ունեցավ, և մենք խրախուսել ենք հրադադարի հաստատումը։ Ես կասեի՝ Միացյալ Թագավորությունն ակտիվորեն աշխատել է հետնաբեմում, Հայաստանի և Ադրբեջանի հետ առանձին-առանձին, փորձելով խնդրի խաղաղ կարգավորում գտնել։ Մենք ջանացել ենք նպաստել խաղաղ կարգավորմանը նաև Միացյալ Ազգերի Կազմակերպության հարթակում։ Ես գիտեմ, որ թյուրըմբռնում կար, թե իբր Միացյալ Թագավորությունը ոչ օգտակար դերակատարում է ունեցել ՄԱԿ-ի հայտարարության թողարկման առումով։ Սակայն ես կարող եմ վերահաստատել, որ դա իրականությանը բացարձակապես չի համապատասխանում։ Միացյալ Թագավորությունը սատարում էր հայտարարության ընդունմանը, բայց ցավոք դա տեղի չունեցավ»։

Նոր իրողություններում դեսպանը չի ընդունում պնդումը, թե աշխարհը թույլատրեց ուժի կիրառումը՝ ստորադասելով ազգերի իքնորոշման սկզբունքը։ Դիվանագետի կարծիքով՝ ԵԱՀԿ ՄԽ–ը դեռ անելիք ունի․ Միացյալ Թագավորությունը թեև համանախագահ երկիր չէ, բայց ակտիվորեն աջակցելու է կառույցին։

«Միացյալ Թագավորությունը կշարունակի լինել Հայաստանին աջակցող գործընկեր։ Ինչպես նշեցի, կան շատ ոլորտներ, որտեղ, ես կարծում եմ, առկա են ընդհանուր հետաքրքրություններ և համագործակցության հնարավորություններ։ Մեր նպատակն է, որ տարաշրջանը լինի խաղաղ և բարեկեցիկ։ Մենք ուզում ենք հնարավորինս կառուցողական դեռ խաղալ։ Խաղաղության համաձայնագրի հասնելու համար, հավատացած ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ճիշտ ձևաչափ է։ Միացյալ Թագավորությունը Մինսկի խմբի անդամ չէ, սակայն մենք իրապես հավատում ենք Մինսկի խմբի առաքելությանը և որ այն խաղաղ կարգավորման հասնելու ուղին է, որը պայմաններ կստեղծի տարածաշրջանի հետագա անվտանգության, կայունության և բարեկեցության համար»։

Հունվարին ադրբեջանական մամուլը գրում էր, թե Ադրբեջանում Միացյալ Թագավորության դեսպան Ջեյմս Շարպը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ շնորհավորել է Ադրբեջանին պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ և պատրաստակամություն է հայտնել աջակցել այդ երկրին՝ հետպատերազմյան հետևանքները վերացնելու հարցում։ Այս տեղեկատվության մեջ Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանը անճշտություններ է նշում․

«Նախ՝ նշեմ, որ որևէ փուլում Միացյալ Թագավորությունը չի շնորհավորել կողմերից որևէ մեկին։ Ես չգիտեմ, թե որտեղից է այդ տեղեկությունը, մեր ներկայացուցիչներից որևէ մեկը նման բան չի ասել։ Մենք հետևողականորեն նշել ենք, որ պատերազմը չի կարող ճիշտ լուծում լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակասությունների համար։ Մենք չենք ողջունել ո՛չ պատերազմի, ո՛չ էլ դրանում որևէ կողմի հաղթանակի հանգամանքը։ Միացյալ Թագավորությունը օժանդակում է պատերազմի հետևանքների վերացմանը՝ աջակցելով Հայաստանի սահմանամերձ տարածքների բնակչությանը և Ադրբեջանի կողմից հետ վերցված տարածքների ականազերծմանը։ Միացյալ Թագավորությունը գլոբալ մակարդակով աջակցում է ականազերծմանը։ Կարծում եմ՝ լավ է ականազերծել և ապահով դարձնել տարածքները։ Սա մի ոլորտ է, որում մենք փորձում ենք դրական փոփոխություն բերել հետկոնֆլիկտային տարածքներում»։

Դեսպան Գալագերը Հայաստանում իր լիազորությունները ստանձնեց մի քանի ամիս առաջ, ինչը համընկավ Հայաստանի համար բարդ, իսկ տարածաշրջանի համար՝ «պատմական» փուլի հետ։ Պատերազմի հետևանքով փաստացի փոխվել են տարածաշրջանային իրողությունները։ Մեծ Բրիտանիան ցանկանում է բիզնես հետաքրքրություններ գտնել նաև Հայաստանում։ Նախանշվել են այն ոլորտները, որտեղ հայ–բրիտանկան համագործակցությունը կարող է հեռանկարային լինի։ Դեսպանն այս հարցում առանձնացնում է Հայաստանի աշխարհագրական դիրքը, որը տարածաշրջանի համար բացառիկ է համարում՝ հատկապես այլընտրանքային էներգետիկայի զարգացման համար։

Ցուցադրել ավելի
Back to top button