ԿարևորՀասարակություն

Համատեղ ծրագրեր՝ ուղղված աշխատաշուկայում արցախյան պատերազմի մասնակիցների կայուն զբաղվածության ապահովմանը

Տեխնոոլորտում աշխատանք փնտրող մասնագետների և գործատուների միջև ծանոթության և գործակցության հաստատման համար՝ Գյումրիի ՏՏ Կենտրոնն անցկացրել է «HRmeetUp. հանդիպենք աշխատանքային վերելքի համար» խորագրով միջոցառումը, որին մասնակցել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Միջոցառմանը ստորագրվել է նաև գործակցության հուշագիր՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԳՏՏԿ-ի միջև, որի շրջանակում նախատեսվում են համատեղ ծրագրեր՝ ուղղված 2020-ի արցախյան պատերազմի մասնակիցների և նրանց ընտանիքների մասնագիտական ուսուցմանն ու վերապատրաստմանը, աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը և կայուն զբաղվածության ապահովմանը։

 «Նախարարության համար առաջնային է մեր հայրենակիցների, և մասնավորապես՝ պատերազմի մասնակիցների կայուն զբաղվածության ապահովումը, այդ  նպատակով ակտիվ գործակցում ենք մի շարք ընկերությունների հետ, որպեսզի համատեղ ջանքերն ուղղենք վերջիններիս մասնագիտական ուսուցմանն ու աշխատանքով ապահովմանը։Այդ համատեքստում կարևորում եմ նաև այս հուշագրի կնքումը, որը հնարավորություն կտա ծրագրավորման դասընթացները հաջողությամբ ավարտած անձանց ներգրավել զբաղվածության ծրագրերում և աջակցել աշխատանք գտնելու հարցում»,-նշել է նախարարը։

ԳՏՏԿ գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը ևս շեշտել է գործակցության կարևորությունը, նշել, որ հուշագիրը հնարավորություն կտա պատերազմի մասնակիցների և գործատուների միջև կապ հաստատող հարթակ ստեղծել։ Անդրադառնալով «HRmeetUp. հանդիպենք աշխատանքային վերելքի համար» միջոցառմանը՝ վերջինս նշել է,  որ ըստ կազմակերպության ուսումնասիրությունների՝ բուհերի նորավարտ երիտասարդները տարբեր տեխնոընկերություններում աշխատանքի անցնելիս ոչ միայն վերապատրաստման կարիք են ունենում, այլև երբեմն ոչ լիարժեք պատկերացում են ունենում աշխատանքի ընդունվելու գործընթացի մասին․ 

«Լինում են դեպքեր, երբ աշխատանք փնտրողի ակնկալիքները չեն համապատասխանում գործատուի պահանջներին: Սա նկատի ունենալով՝ մենք հրավիրել ենք տեխնոլոգիական ոլորտի մարդկային ռեսուրների կառավարիչներին, որոնք հարցազրույցներ են վարում աշխատանքի ընդունվողների հետ, որպեսզի անձամբ ներկայացնեն տեխնոոլորտում աշխատանք գտնելու բոլորը փուլերը։ Սա մասնակիցներին հնարավորություն կտա դառնալ ավելի պատրաստված, ճիշտ ռեալիզացնել հմտությունները»։

Հուշագրի կնքումից հետո տեխնոոլորտի մասնագետները միջոցառման մասնակիցներին ներկայացրել են ցանկալի աշխատանք գտնելու եղանակները, մանրամասնել անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button