ԿարևորՏնտեսական

Իրատեսական, տնտեսական իրողություններին համահունչ․ փորձագետները 2022–ի բյուջեի մասին

Խորհրդարանական հանձնաժողովներում հաջորդ շաբաթ կսկսվեն  2022 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթղթի՝  պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Փաստաթուղթը  կազմելիս ֆինանսների նախարարությունը հիմք է ընդունել ինչպես նախորդ տարիների փաստացի, այնպես էլ ընթացիկ տարվա համար նախապես հաստատված և կանխատեսվող տարեկան ցուցանիշերը: Կառավարությունն ակնկալում է, որ հաջորդ տարի բյուջեի մուտքերն ավելի արագ կաճեն, քան ելքերը: Փորձագետներին մտահոգում է պետական պարտքի ցուցանիշը։ Հաջորդ տարի  պարտքի սպասարկմանն ուղղվելու է բյուջեի շուրջ 23 տոկոսը։ 

Անվտանգության համակարգի բարեփոխում, ենթակառուցվածքների զարգացում, կրթության և գիտության արդիականացում. այս 3 հիմնական առաջնահերթությունների վրա է հենված 2022 թվականի «Պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։  Թվային արտահայտությամբ՝ հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագծում նշված է, որ  պետական բյուջեի եկամուտները կկազմեն 1 տրլն 946 մլրդ  դրամ, ծախսերը՝ 2 տրլն 188 մլրդ դրամ , դեֆիցիտը՝ 242 մլրդ դրամ։ Նախատեսվում է, որ դեֆիցիտը կֆինանսավորվի ներքին աղբյուրներից՝ պե­­տական արժեթղթերի տեղաբաշխումից գոյացող մուտքերից: Գնաճը կտատանվի  4 +/-1.5 տոկոսի շրջակայքում Կառավարությունն ակնկալում է, որ եկող տարի բյուջեի մուտքերն ավելի արագ կաճեն, քան ելքերը՝ ծախսերը: Արդյունքում կկրճատվի դեֆիցիտը: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ թիրախավորվել է երկարատև բարձր տնտեսական աճը ՝ առնվազն 7 տոկոս, բարենպաստ տնտեսական պայմանների դեպքում  կառավարությունը 9 տոկոս աճ է ակնկալում։

«Բյուջեի նախագծով նախատեսվող տնտեսական, ենթակառուցվածքային, կրթական և սոցիալական նշանակության միջոցառումներն ընտրվել են այնպես, որ հանրային ֆինասական ռեսուրսների մասով առկա սահմանափակումների պայմաններում լավագույն միջավայր ստեղծեն 2022 թվականին և հետագա տարիներին վերը նշված տնտեսական թիրախին հասնելու համար»։

Բյուջեի ծախսերի ամենախոշոր ուղղությունը դարձյալ  սոցիալականն է:  Հաջորդ տարի այս ոլորտի ծախսերը կկազմեն 929.3 մլրդ դրամ կամ բյուջեի շուրջ 43%-ը: 2021 թվականի համեմատ աճը համարյա 15 % է: Պաշտպանություն, հասարակական կարգի պահպանման, անվտանգություն ոլորտին հատկացվող գումարը կազմելու է  ծախսերի 24 %-ը՝ շուրջ 11 տոկոսով ավելի  2021–ի ցուցանիշից։  Հանրային ծառայություններին և պահուստային ֆոնդին կուղղվի  500 մլրդ դրամ կամ բյուջեի ծախսերի շուրջ 23%-ը։ Հաջորդ տարի երկու հազար դրամով կավելանա նվազագույն կենսաթոշակը՝ 26 500 դրամի փոխարեն դառնալով 28 600 դրամ։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանը կարծում է, որ նվազագույն կենսաթոշակի բարձրացումը 2 հազար դրամով  սոցիալական խնդիրները չի կարող հաղթահարել, բացատրում է՝ գնաճի տեմպերն ավելի մեծ են։

«Մենք ունենք մի իրավիճակ, երբ  պետությունն, ըստ էության, նախատեսում է որոշակի սոցիալական ծախսերի աճ, բայց մարդիկ իրենց անցյալ տարվա թոշակով, նպաստով ավելի շատ ապրանք կարող էին գնել, քան հաջորդ տարվա «բարձրացրած նպաստով ու թոշակով։ Կառավարության 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված սոցիալական ծախսերի աճը չի կարող  լուծել այն բոլոր սոցիալական խնդիրները, որոնք առաջացել են 2021թ․–ի ընթացքում»։

Հաջորդ  տարվա ընթացքում կառավարությունը նախատեսում է բարելավել   հարկեր/ՀՆԱ ցուցանիշը՝ այն 2022-ի ավարտին հասցնելով  23,4 տոկոսի։ 2022–ին գործադիրը  նախատեսում  է 350 մլրդ դրամի կապիտալ ներդրումներ իրականացնել։ Սա, վարչապետի դիտարկմամբ, աննախադեպ ծավալ է երրորդ հանրապետության պատմության մեջ։

«Այս նպատակի իրագործումը կախված է երկու խոշոր սուբյեկտից: Առաջին սուբյեկտը կառավարությունն է, երկրորդ սուբյեկտը մասնավոր հատվածն է:  Նախարարությունները պետք է սկսեն  2022 թվականի բյուջեով նախատեսված ծրագրերի իրագործման գործընթացը, մասնավորապես՝ կապիտալ ներդրումների մասով»։

Բյուջեի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի շուրջ 3 տոկոսը, իսկ պետական պարտքը՝ 60 տոկոսը։ 2022թ. պետական բյուջեի նախագծով կառավարությունը նախատեսում է պարտքն ավելացնել 520 մլրդ դրամով կամ առնվազն 1 մլրդ դոլարով։ 2022թ. վերջին պարտքը կանցնի 5 տրիլիոն դրամից կամ կկազմի 10,2 մլրդ դոլար։   Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ընդգծում է 

«Ութ ամիսների հաշվարկով 1 մլրդ դոլարով ավելացրել ենք մեր պարտքը։ Գումարների մեծ մասը չենք ծախսել, պահեստավորել ենք, վերցրել դրել ենք կողքի վրա՝ ֆինանսական կայունության համար»։

Տնտեսագետն արձանագրում է՝ ավելի շատ անհանգստացնող է ոչ թե նոր պարտքի ներգրավումը, այլ՝ դրա սպասարկումը։ Հաջորդ տարի  պարտքի սպասարկմանն ուղղվելու է բյուջեի շուրջ 23 տոկոսը։  

«Տարեցտարի ավելանում է մեր պարտքի սպասարկման գումարը։  2022 թվականի համար պարտքի սպասարկմանն ուղղվելու է մեկ մլրդ դոլար, որը կազմում է բյուջեի մոտ 23 տոկոսը։ Հաջորդ տարի 1 մլրդ դառնալու է 1․1 , 2025 թվականին՝ 1․4 մլրդ դոլար։  Խնդիրն այն է՝ արդյո ՞ք մեր տնտեսությունը կկարողանա  այդքան գումար գեներացնել»։

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանի դիտարկմամբ՝ 2022 թվականի պետական բյուջեն արտացոլում է տնտեսական  առկա իրողությունները, ցույց է տալիս, թե որքան եկամուտ է հնարավոր հավաքել ու ծախսել։  

«Մենք այսօր կարող ենք հավաքել այնքան եկամուտ, ինչքանի հնարավորություն տալիս է մեր տնտեսությունը․ ոչ ավել, ոչ պակաս։ Այս առումով բյուջեն իրատեսական է, արտացոլում է  այն իրողությունները, որոնք կան։ Նախատեսված է կապիտալ ծախսերի ավելացում, սա կարելի է դրական համարել, ներքին աղբյուրների հաշվին դեֆիցիտի ֆինանսավորում, սա նույնպես կարևոր է։ Եթե պարտք, ապա՝ ներքին, քանի որ այն ավելի հեշտ է կառավարելը»։

Կառավարությունում տրամադրված են առերեսվել բոլոր մարտահրավերներին՝ նպատակ ունենալով Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացել: 

Ցուցադրել ավելի
Back to top button