ԿարևորՀասարակություն

Մաթեմատիկան ու Սյունիքը՝ առաջատար․ ուսուցիչների ատեստավորման առաջին փուլն ավարտվել է

Ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի առաջին փուլին մասնակցած ուսուցիչների միայն 47, 2 տոկոսն է հաղթահարել անցողիկ շեմը։ Ատեստավորման առաջին փուլին մասնակցել են 5-ից 12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչները՝ 7 առարկաների գծով։ Ամենաբարձր ցուցանիշը գրանցել են մաթեմատիկայի ուսուցիչները․ նրանց 87 տոկոսը  հաղթահարել է շեմը։ Ամենացածր արդյունքները  գրանցվել են քիմիայից  ու աշխարհագրությունից։

Մարզերից առաջատարը Սյունիքն է։ Հաջորդ տարվանից  կամավոր ատեստավորման գործընթացին կմասնակցեն այդ դասարանների բոլոր առարկաների ուսուցիչները։ Կամավոր ատեստավորման ժամանակ ստուգվում են ուսուցիչների առարկայական գիտելիքները, և 80 միավորից բարձր արդյունք ցուցաբերելու դեպքում ուսուցիչը ստանում է հավելավճար։ 

Ախթալայի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության  ուսուցչուհի  Հասմիկ Իսրայելյանը ատեստավորման անցողիկ շեմը հաղթահարել է, բայց գործընթացից դժգոհություններ ունի։ Հարցաշարը մեծ է, տրամադրված  ժամանակը՝  քիչ՝ ասում է «Ռադիոլուրի» զրուցակիցը։  

«Եթե հաշվի առնենք այն, որ հայոց լեզվի և գրականության ուսուցիչը առանց ստուգելու և վերստուգելու չի կարող նախադասությունը շարահյուսական, ձևաբանական վերլուծության ենթարկել, ապա տրվող ժամանակը շատ քիչ էր, իսկ հարցերը՝ շատ»։

Հայոց լեզվի և գրականության ուսուցիչները 3 ժամում պետք է պատասխանեին  38 հարցի՝ իրենց ենթահարցերով։  Ժամանակի սղության  և տեխնիկական  մյուս խնդիրներին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ծանոթ է։ Համակարգը նոր է, շտկումներ կլինեն՝ ասում է։

«Հաշվի կառնենք ուսուցիչների արձագանքը և մեր նկատածը։ Ամեն տարի ավելի կկատարելագործվի այս գործընթացը»։

Հայոց լեզու և հայ գրականություն, հանրահաշիվ, երկրաչափություն, քիմիա, ֆիզիկա, հայոց պատմություն և աշխարհագրություն։ 7-ից 12-րդ դասարաններում  այս առարկաները դասավանդող 996 ուսուցիչ կամավոր դիմել է ատեստավորվելու համար։  Դիմածների 47.2 տոկոսն է հաղթահարել անցողիկ շեմը՝ տեղեկացրեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։  468 ուսուցիչ  գիտելիքների ստուգման արդյունքում հոկտեմբերի մեկից կստանա 30-50 տոկոս հավելավճար՝ կախված հավաքած միավորներից։

01 «Ուսուցչի մեկ  դրույքի միջին աշխատավարձը կազմում է շուրջ 125000 դրամ։ Այսպիսով՝ 30 տոկոս հավելավճար ստացող ուսուցիչների  աշխատավարձը կբարձրանա շուրջ 37.000 դրամով,  40 տոկոս ստացածներինը՝ 50.000 դրամով և 50 տոկոս ստացածներինը՝ շուրջ 61.500 դրամով»։ 

Ամենաբարձր ցուցանիշը գրանցել են մաթեմատիկայի ուսուցիչները։ Մասնակիցների 87 տոկոսը  հաղթահարել է շեմը։ Ամենացածր արդյունքները  գրանցվել են քիմիայից  ու աշխարհագրությունից․ առաջինից նվազագույն շեմը հաղթահարել է մասնակիցների 11 տոկոս, երկրորդից՝ 20 տոկոսը։  Ըստ մարզերի ամենաբարձր ցուցանիշը Սյունիքում է։ 

«Ամենաբարձր  ցուցանիշերը գրանցվել են Սյունիքի մարզում։ Մասնակիցների 56 տոկոսը կստանան հավելավճար։ Այնուհետև Շիրակում 54 տոկոս և Կոտայքում 52 տոկոս»։ 

Ցածր միավորների ցուցանիշերն էլ նախարարությունը կվերլուծի, կմշակի այդ առարկաների կրթական մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր՝ ասում է Վահրամ Դումանյանը։  Ատեստավորում չանցած ուսուցիչներին նախարարությունը ևս առաջարկ ունի։ Կամավոր ատեստավորումը մեկ փուլով չի ավարտվելու։ Այն լինելու է շարունակական։ Ատեստավորում չանցած ուսուցիչները կարող են մասնակցել հաջորդ փուլերին։ Դրանց կարող են մասնակցել նաև  արդեն ատեստավորված  ուսուցիչները, բայց ավելի բարձր չափանիշերով։

«Այսինքն՝ այն ուսուցիչները, որոնք մեկ անգամ արդեն իրենց աշխատավարձն իրենց գիտելիքով բարձրացրել են, նրանք հնարավորություն կունենան ևս մի անգամ արդեն իսկ բարձրացված աշխատավարձը կրկին ատեստավորման միջոցով  բարձրացնել  30-50 տոկոսով»։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին գործընթացի այլ կողմերն էին հետաքրքրում՝ ովքեր են ատեստավորողները, որքանով են արդյունքները։ ԿԳՄՍ նախարարի պարզաբանմամբ՝ ատեստավորումն իրականացվում է հստակ հարցաշարով։ Սուբյեկտիվության  գործոնը հասցվել է նվազագույնի։ Նախարարը չի հերքում, որ բողոքարկումներ նույնպես կան․ մասնակիցների  շուրջ 5 տոկոսը առարկություններ է ունեցել արդյունքների վերաբերյալ։  Գլխավոր դատախազը  օրինակներով է հակադարձում հիմնավորելու համար, որ մարդկային գործոնն ամբողջությամբ բացառել հնարավոր չէ։

«Վերջերս  ԱԱԾ-ի կողմից մի դեպք բացահայտվեց, որ ԳԹԿ աշխատակիցը գումարի դիմաց թեստեր էր տրամադրել։ Այն, որ ատեստավորողներ չկան, այդպիսի դեպքեր չեն լինում։ Դրանցով զբաղվող  անձինք ինչպե՞ս են ընտրվում, որ մենք նման դեպքեր չունենանք։ Ես չեմ հիշում մրցույթների մի ընթացք, որի առնչությամբ գործեր քննած չլինենք»։

Նախարարը համոզված է, որ ԳԹԿ-ում պատասխանատվության չափը գիտակցում են և քաջատեղյակ են  ինֆորմացիայի արտահոսքի ծանր հետևանքներին։ Դատախազի նշած օրինակը, ըստ Դումանյանի, թեստի վաճառքի փորձ էր։ Իսկ թեստերի արտահոսք կենտրոնում չի գրանցվել։ 

Back to top button