ԿարևորՀասարակություն

Ամանորին հանգստյան օրերը 5-ով կպակասեն, բայց տնտեսությունն օգուտ կունենա․ նախագիծն Ազգային ժողովում է

2022 թվականից ոչ աշխատանքային կլինեն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և հունվարի 6-ը։ Մնացած օրերը կլինեն աշխատանքային։ Սա կառավարության ներկայացրած օրենքի նախագիծն է, որը 5 կողմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ Հայաստանում վճարվող ոչ աշխատանքային օրերն ավելի շատ են, քան զարգացած եւ  զարգացող երկրներում։

Նախարարն ասում է՝ տոնական, ոչ աշխատանքային օրերը իրենց ազդեցությունն են թողնում համախառն ներքին արդյունքի, արտադրանքի թողարկման, արտահանման եւ ներմուծման ծավալների, տեղական եւ օտարերկրյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման վրա․

«Էկոնոմիկայի նախարարությունը փորձել է գնահատել տնտեսության եւ առանձին ճյուղերի վրա 5 հանգստյան օրերի՝ որպես աշխատանքային օրեր սահմանելու ազդեցության չափը: Գնահատման արդյունքներով համախառն ներքին արդյունքը կավելանա 123 մլրդ դրամով, որից առևտրի թողարկումը կավելանա 47.5 մլրդ դրամով, արդյունաբերության թողարկումը՝ 35.4 մլրդ դրամով, ծառայությունների թողարկման ծավալը՝ 33.9 մլրդ դրամով: Գյուղատնտեսության եւ շինարարության թողարկման ծավալները կավելանան համապատասխանաբար 3.5 եւ 2.9 մլրդ դրամով»,-ասում է նախարարը:

Նախարարի ներկայացրած թվերին արձագանքեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ Հետաքրքվեց, թե կոնկրետ ո՞ր ուսումնասիրությունների արդյունքում են դուրս բերվել տնտեսական աճին վերաբերող  այդ հաշվարկները։ Նախարարն ասաց՝ փորձագետները թվերը հաշվարկել են վիճակագրական, մաքսային և հարկային տվյալների  վերլուծության արդյունքում։

Խմբակցությունից մեկ այլ պատգամավոր՝ Արամ Վարդևանյանը, օրենքի նախագիծը որակեց «ծայրահեղություն»։ Նրա կարծիքով՝ փոփոխությունները պետք է փուլերով արվեին․

«Նույն հաջողությամբ կարելի է ասել, որ շաբաթ-կիրակի հանգստյան օրերը կարող ենք հանել և տնտեսական աճ կգրանցենք։ Պետք է հաշվի առնվի միջազգային փորձը։ Նույն հաջողությամբ, օրինակ, եվրոպական երկրներում հունվարի 2-ից աշխատանքային է, բայց շղթայական մի քանի օրեր նրանք չեն աշխատում դեկտեմբերին, քանի որ Սուրբ ծնունդը նրանք այդ ամսին են նշում»,-ասում է Արամ Վարդևանյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Վիգեն Խաչատրյանն էլ, պարզվեց, դեմ է Նոր տարուն ու հատկապես տոնական օրերին հատուկ կերուխումին։ Ասաց՝ տոնը արհեստական է մտել մեր առօրյա, դրանից պիտի հրաժարվենք ու վերադառնանք մեր ակունքներին․

«Նոր տարին բեռ է դարձել հասարակության համար, մարդիկ ամաչելով են պատրաստվում այս տոնին, վարկի տակ են մտնում, հազար ու մի այլասերվածություններ կան, կներեք արտահայտությանս համար։ Դրա համար մենք այս Նոր տարվա կերուխումից պիտի հետ քաշվենք, որովհետև այն ավելի շատ ձևական է, քան բովանդակային։ Ես նախագիծն ավելի շատ ոչ թե տնտեսական աճի, այլ հենց այս գործոնների համար եմ ողջունում»,-ասում է Վիգեն Խաչատրյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը կոչ արեց հունվարի 2-ն անպայման ներառել ոչ աշխատանքային օրերի ցանկում։ Արամ Վարդևանյանն էլ ավելացրեց նաև հունվարի 7-ը, որպես հանգուցյալների հիշատակի օր՝ մեռելոց։ Մեռելոցի օրը ոչ աշխատանքային դարձնելը քիչ հավանական  է, բայց հունվարի 2-ի հարցը կքննարկեն, վստահեցրեց նախարարը։ Օրենքի նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի առաջիկա  լիագումար նիստերի ընթացքում, որոնք կսկսվեն հոկտեմբերի 26-ին։

Back to top button