ԿարևորՀասարակություն

Պայքար խոսքի ազատությա՞ն, թե՞ ապատեղեկատվության դեմ․ «Ֆեյքերի նախագիծը» կրկին ԱԺ-ում է

Խորհրդարանական մեծամասնության պատգամավորները  շրջանառության մեջ են դրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող նախագիծ, որով, ինչպես հեղինակներն են ասում, փորձելու են պայքարել տեղեկատվության անանուն աղբյուրների տարածած ապատեղեկատվության դեմ։  «Ֆեյքերի նախագիծ» անվանումը ստացած օրենսդրական փաթեթի մշակումը իշխանությունը սկսել էր ավելի վաղ, այն շրջանառության մեջ էր դրվել դեռ նախորդ գումարման խորհրդարանում։ Նախագիծը լրամշակվել է և քննարկման ներկայացվել նոր տարբերակով։ Ընդդիմախոսները, սակայն, լրամշակումից հետո էլ կարծում են, որ նախագիծը սահմանափակելու է լրատվամիջոցների ազատությունը։

Իշխանությունն առաջարկում է պատասխանատվության ենթարկել  այն լրատվամիջոցներին, որոնք չնույնականացվող աղբյուրներին հղում անելով՝  տեղեկատվություն կամ ապատեղեկատվություն են տարածում։ Նախագծի հեղինակներից «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ասում է՝ նպատակը 2003-ին գրված ԶԼՄ-ների մասին օրենքը ներկա իրողություններին համապատասխանեցնելն է։

Հովհաննիսյանի խոսքով՝ լրատվամիջոցները հաճախ հղում են անում մի աղբյուրի, որն անհայտ է կամ հնարավոր չէ նույնականացնել։ Նախագծով առաջարկում են սահմանել «չնույնականացված աղբյուր» հասկացությունը և ամրագրել, որ չնույնականացված աղբյուրին հղում տալու կամ նրա տեղեկատվությունն օգտագործելու դեպքում լրատվամիջոցները չի ազատվում պատասխանատվությունից։

«Մենք այսպիսով զերծ կմնանք մի իրավիճակից, երբ կազմակերպված ձևով ստեղծվում են ֆեյք տելեգրամյան էջեր, ֆեյք ֆեյսբուքյան էջեր և լրատվական կազմակերպությունները վերցնում են այդ ինֆորմացիան ինչ-որ մարդկանց քննադատելու, ինչ-որ խժդժություններ առաջացնելու համար։ Եվ այստեղ մենք շատ լուրջ խնդրի ենք բախվում ազգային անվտանգության և հանրային առողջության շահերը պաշտպանելից»,- ասում է Արթուր Հովհաննիսյանը։

Ընդդիմախոսները, սակայն, կարծում են, որ նախագիծը սահմանափակելու է խոսքի ազատությունը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը վստահ է՝ փոփոխությունները  պայքարելու են ոչ թե ֆեյքերի, այլ լրատվամիջոցների դեմ։

«Իրենք փորձում են պայքարել ֆեյքերի դեմ, ոչ թե պայքարելով ֆեյքերի դեմ, այլ ԶԼՄ-ների դեմ պայքարելով։ Այսինքն՝ ասում են ոչ թե անանուն դոմեյն ունենալն է խնդիր, այլ ասում են անանուն դոմեյնին հղում տալն է խնդիր։ Եթե մենք խոսում ենք այն մասին, որ անանուն դոմեյնի խնդիր կա, ուրեմն պետք է ասենք, որ անանուն դոմեյնն է խնդիրը, ոչ թե ԶԼՄ-ն, որը հղում է տալիս այդ դոմեյնին։ ԶԼՄ-ն իր գործունեության մեջ ազատություն պետք է ունենա։ Ի վերջո, կա Սահմանադրություն, որը երաշխավորում է այդ գործունեության ազատությունը»,-կարծում է Արամ Վարդևանյանը։

Ինֆորմացիայի որևէ աղբյուր պետք է արգելված չլինի լրատվամիջոցի համար՝ պնդում է Խոսքի ազատության և պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ Լրագրողական կազմակերպության ներկայացուցիչը, սակայն, կողմ է նախագծի մյուս դրույթին՝ ԶԼՄ-ն պետք է պատասխանատվություն կրի իր տարածած ինֆորմացիայի համար։

«Հիմա ասվում է՝ դու կարող ես վերցնել այդ ինֆորմացիան և անանուն աղբյուրից, բայց այդ դեպքում դու ես քո վրա վերցնում պատասխանատվությունը։ Հղում կարող ես տալ, կարող ես չտալ, կարող ես օգտվել այդ աղբյուրից կարող ես չօգտվել, բայց պատասխանատուն դու ես քանի որ դու ես լրատվամիջոցը կամ լրագրողը որը մատուցում է այս ինֆորմացիան։ Մենք այս դրույթի մսիով որևէ առարկություն չունենք քանի որ հանրության հետ աշխատելիս, այո որևէ մեկը պետք է պատասխանատվություն կրի»,-ասում է Աշոտ Մելիքյանը։

Աշոտ Մելիքյանին մտահոգում է նաև այն, որ կհատվեն «չնույնականացվող աղբյուր» և «անանուն աղբյուր» հասկացությունները։ Հիշեցնում է՝ լրագրողն իրավունք ունի չբացահայտելու իր աղբյուրը, կասկածում է, թե նախագծի ընդունումից հետո  ինչպես են տարբերակվելու անանուն և չնույնականացվող աղբյուրները։

«Այն ժամանակ օրենքի նախագծով սահմանված էր՝ անանուն աղբյուրների վրա հղում չանելը, մենք բացատրում էինք որ դա անհնարին է չի կարելի լրագրությունից հանել «անանուն աղբյուր» եզրույթը, հատկապես երբ խոսքը գնում է օրինակ, հետաքննող լրագրության մասին։ Դրանից հետո դա փոխեցին և ձևակերպեցին «չնույնականացվող աղբյուր», ինչը մեր կարծիքով գրեթե նույն բանն է»,-ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը։

Հեղինակներն առաջարկում են  նաև սահմանել, որ եթե լրատվամիջոցը չի ներկայացրել նույնականացման տվյալներ և չի հրապարակել տարեկան ֆինանսական հաշվետվությունը, ապա զրկվում է պետական մարմիններում հավատարմագրվելու իրավունքից։

«Մենք այսպիսով նրանց բերում ենք թափանցիկության դաշտ, ասում ենք, որ գրեն նույնականացման թվերը, ցույց տան մեր քաղաքացիներին՝ որտեղից են իրենց ֆինանսները, և, ըստ այդմ, հավատարմագրվեն պետական կառույցներում ու կատարեն իրենց մասնագիտական պարտականությունը»,-ասում է նախագծի հեղինակը։

Խոսքի ազատության և պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այս առաջարկն անընդունելի է համարում, կարծում  է՝ լրագրողների հավատարմագրումը որևէ դեպքում չի կարող խոչընդոտվել։ Ընդդիմադիրներն էլ ասում են՝  փոփոխությունները լրագրողական համայնքի հետ չեն քննարկվել։ Քննադատությանն ի պատասխան, սակայն, նախագծի հեղինակ Արթուր Հովհաննիսյանը պնդում է․

 «Նախագիծը շրջանառության մեջ դնելու հենց հաջորդ օրը ես հայտարարել եմ, որ բաց ենք առաջարկությունների համար։ Որևէ առաջարկ չեմ ստացել, հետևաբար քննարկում լրագրողների հետ տեղի չի ունեցել։ Բայց կարծում եմ, որ մեր առաջարկած փոփոխությունները քննարկելի էլ չեն»,-ասում է Հովհաննիսյանը։

Ընդդիմադիրների համար փոփոխությունները ոչ միայն քննարկելի են, այլև սպառնում են խոսքի  և լրագրողների ազատությանը։ Իշխանության ներկայացուցիչներին հիշեցնում են «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» վերջին մրցանակաբաշխությանը «ժանգոտ կողպեք» մրցանակը ստացել է Ազգային ժողովը՝ լրագրողների իրավունքները սահմանափակող իրավական կարգավորումներ մշակելու և ընդունելու համար։

Ցուցադրել ավելի
Back to top button