ԿարևորՔաղաքական

Ո՞վ է ղեկավարելու Գորիսը․ քաղաքական ուժը հայտնի է, անձի դեպքում հարցականներ կան

Սյունիքի մարզկենտրոն Կապանում նոյեմբերի 14-ին կանցկացվեն ավագանու ընտրություններ։ Քարոզարշավն արդեն մեկնարկել է։ Մարզի մի քանի համայնքներում ավագանու ընտրություններ էին նաև անցած կիրակի։ Դրանց վերջնական արդյունքները կամփոփվեն հոկտեմբերի 24-ին։

Հոկտեմբերի 17-ին Սյունիքի մի քանի համայնքներում առաջին անգամ համամասնական ընտրակարգով անցկացվեցին  ավագանու ընտրություններ։  Համաձայն Ընտրական օրենսգրքի՝ քվեարկության արդյունքներն ամփոփվում և դրանց վերաբերյալ որոշումն ընդունվում է քվեարկության 7-րդ օրը։ Այս դեպքում՝ առաջիկա կիրակի՝ հոկտեմբերի 24-ին։ Պարզ չէ, սակայն, թե երբ կկայանան նորընտիր ավագանիների առաջին նիստերը։ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով՝ նորընտիր ավագանու առաջին նիստն օրենքի ուժով գումարվում է ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո՝ նախորդ ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման օրը:

Սյունիքի մարզում նախորդ ավագանու լիազորություններն ավարտվել են մեկ ամիս առաջ, արդյունքում ստացվում է օրենսդրական բաց։

Սյունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և գործադիր մարմինների վարչության պետ Սեյրան Ավետիսյան․ «Հարցը բարձրացված է, սպասում ենք մեթոդական օժանդակություն  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ Ստանալուց հետո կներկայացնենք համապատասխան համայնքներին։ Ըստ իս, դրանից հետո համայնքի ղեկավարների որոշմամբ  պետք է կայացվեն վարչական ակտեր՝ առաջին նիստերի նշանակման օրերի մասին»։

Սեյրան Ավետիսյանի կարծիքով՝ նորընտիր ավագանու  նիստերը պիտի նշանակվեն  նոյեմբերի 1-ից հետո, հնարավոր են, որ այդ ընթացքում մանդատից հրաժարվողներ լինեն․ «Կուսակցություններին ժամանակ է պետք, որպեսզի շտկումներ մտցնեն, վերանայեն  իրենց ցուցակները, որոշեն՝ ովքեր են մանդատները վերցնելու, դրանից հետո նորընտիր ավագանիների անդամները կստանան իրենց մանդատները, հետո, ըստ համայնքի պատրաստվածության վիճակի, համայնքի ղեկավարները  կկայացնեն որոշումներ՝ առաջին նիստերի օրերի վերաբերյալ»։

Պարտադիր չէ, որ բոլոր համայնքներում նորընտիր ավագանիների առաջին նիստերը կայանան նույն օրը, նույն ժամին։ Նիստերին կարող են ներկայացուցիչներ լինել կառավարությունից, մարզպետարանից, Հայ առաքելական եկեղեցուց, ուստի, առաջին նիստի օրը որոշում է համայնքի ղեկավարը։ Առաջին նիստը վարում է ավագանու տարիքով մեծ անդամը։ Եթե կա ընտրողների քվեների մեծ մասն ստացած ուժ, ապա նիստը բացելուց ու անդամներին ներկայացնելուց հետո, իրավունքի ուժով, այն շարունակում է վարել այդ ուժի ցուցակի առաջին համարը։ Գորիսի ընտրություններում «Առուշ Առուշանյան» դաշինքի օգտին քվեարկել է 6268 ընտրող՝ ընտրողների մեծամասնությունը, և ցուցակը գլխավորող Առուշ Առուշանյանը համարվում է ընտրված համայնքի ղեկավար։ Նա նաև Գորիսի գործող  համայնքապետն է, և պաշտոնավարման ժամկետը լրանում է 1 տարի հետո։ Առուշանյանը, սակայն, այս պահին կալանավորված է։

Սեյրան Ավետիսյան․ «Օրենքը հստակ սահմանում է, որ համայնքի ղեկավարը չպետք է համատեղի այլ պաշտոն։ Հիմա տվյալ անձը պիտի կամ հրաժարվի համայնքի ղեկավարի պաշտոնից, կամ ավագանու անդամի մանդատից։ Եթե համայնքի ղեկավարից է հրաժարվում, ապա նա համարվում է ընտրված համայնքի ղեկավար»։

Իսկ ի՞նչ է որոշել Առուշ Առուշանյանը։ Դաշինքի լիազոր ներակացուցիչ Իրինա Յոլյան․ «Նախնական տեղեկություններով, որը, թերևս, կլինի նաև վերջնական, Առուշ Առուշանյանը կհրաժարվի համայնքի ղեկավարի պաշտոնից, կվերցնի ավագանու մանդատը, ինչը նշանակում է որ առաջիկա 5 տարում նա է ղեկավարելու Գորիսը»։

Ինչ վերաբերում է Տաթև և Մեղրի համայնքներին, ապա հոկտեմբերի 17-ի ընտրությունների արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական ուժերը դեռ բանակցում են ավագանիում կոալիցիա կազմելու շուրջ։

Ցուցադրել ավելի
Back to top button