ԿարևորՀասարակություն

Հայկական ճամփորդություն՝ «Հայաստանի ԴՆԹ-ի հայտնաբերման» նպատակով

Հոկտեմբերի առաջին շաբաթներին Հայաստանում տեղի է ունեցել գաստրոնոմիկ խոշոր իրադարձություն՝ «Հայկական ճամփորդություն» նախագիծը՝ աշխարհահռչակ Noma ռեստորանի համահիմնադիր, շեֆ-խոհարար Մեդս Ռեֆսլունդի մասնակցությամբ:  

Նախագծի շրջանակներում հրավիրվել են 20 երկրների հայտնի լրատվամիջոցների գաստրո ոլորտի լրագրողներ՝ լուսաբանելու այս եզակի իրադարձությունը: Forbes-ը (ԱՄՆ), Frankfurter Allgemeine Zeitung-ը (Գերմանիա), Público-ն (Պորտուգալիա), Fine Dining Lovers-ը (Միացյալ Թագավորություն), Posta ամսագիրը (Ռուսաստան) մասնակցել են խոհարարական և զբոսաշրջային վառ փորձառության:

Նրանք մասնակից են դարձել ոչ միայն Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գլխատուն-ռեստորանում տեղի ունեցող գաստրո ներկայացումներին, այլ նաև ճամփորդել են՝ ծանոթանալու հայկական ժառանգությանը, մշակույթին, արվեստին, խոհանոցին, գինեգործությանը, երաժշտությանը և այլն:

Լրագրողները այցելել են Մատենադարան` տեսնելու խոհարարական բաղադրատոմսերի ձեռագրերը, բացահայտել են Էջմիածնի գանձերը, տարբեր շրջաններում գտնվող գինու գործարաններն ու գողտրիկ ռեստորանները, ինչպես նաև Հայաստանը տեսել են թռչնի թռիչքի բարձրությունից` ճամփորդելով ուղղաթիռով:

Ըստ Քրիստիան Բրասկ Թոմսենի, որը հայտնի խոհարարներ և ռեստորաններ ներկայացնող աշխարհում առաջին խոհարարական դեսպանության՝ Bon Vivant Communications-ի հիմնադիրն է և այս նախագծի համահեղինակը, ուղևորության նպատակը «Հայաստանի ԴՆԹ-ի հայտնաբերումն» էր:

«Հայկական ճամփորդություն» նախագիծն իրականացվել է ԴԱՐ հիմնադրամի համայնքային զարգացման Գագարին նախագծի  և Bon Vivant Communications-ի կողմից՝ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի գինու և խաղողագործության հիմնադրամի և IDeA հիմնադրամի  աջակցությամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button