ԿարևորՀասարակություն

Կարմիր Կատար լեռը ներառվել է բնության հուշարձանների ցանկում

Կարմիր Կատար լեռը ներառվել է բնության հուշարձանների ցանկում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

Ըստ նախարարի՝ ամիսներ առաջ իր առաջարկով Շրջակա միջավայրի նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` Կառավարության համապատասխան որոշման նախագիծ էր ներկայացրել, որով առաջարկվում էր Գեղամա լեռնաշղթայի Կարմիր Կատար (Թառ) լեռը ներառել բնության հուշարձանների ցանկում։ 

Սյսօր Կառավարության նիստում հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի № 967-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։ 

«Նախագծի մշակման նպատակը Թառ կամ հանրության մոտ առավել հայտնի Կարմիր Կատար հրաբխի ներառումն է բնության հուշարձանների ցանկում, քանի որ հանդիսանալով մոնոգեն հրաբխականության յուրահատուկ արտահայտություն՝ այն ունի գիտաճանաչողական և ռեկրեացիոն մեծ նշանակություն։ Գտնվելով Գեղարքունիքի մարզի, Գեղամա լեռնաշղթայի կենտրոնական-ջրբաժանային հատվածում, Աժդահակ հրաբխից հարավ-արևմուտք՝ այն իրենից ներկայացնում է խարամալավային կոն’ 3530.0մ բացարձակ բարձրությամբ, իսկ գագաթային հատվածում ունի 300մ. տրամագծով խառնարան, որտեղ առկա է խառնարանային լիճ:Հիմնականում կազմված է օքսիդացած խարամներից, պեմզաներից:

Այն ունի նաև զբոսաշրջային մեծ նշանակություն և համարվում է բազմաթիվ լեռնագնացների ու էկոզբոսաշրջության սիրահարների սիրելի վայր։  

Նախագծի ընդունմամբ հնարավորություն է ընձեռնվում ապահովել որպես բնության հատուկ պահպանվող տարածքի՝ բնության հուշարձանի պահպանությունը, պաշտպանությունն ու իրավական կարգավիճակը, արտաքին գեղագիտական և երկրաբանական անխաթար տեսքը և որպես երկրաբանական արժեքավոր տարածք։ Եվ վերջում կցանկանայի ևս մեկ անգամ արշավական խմբերին և մեր հարգելի քաղաքացիներին հորդորել բնության հուշարձան այցելելիս դրսևորել բարձր քաղաքացիական գիտակցություն և սրտացավ ու հոգատար մոտեցում ցուցաբերել մեր բնական հարստությունների նկատմամբ»,-ասված է Պետրոսյանի գրառման մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button