ԿարևորՏնտեսական

Պետական կառույցները կլքեն խոշոր հարկատուների ցանկը

2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի 1000 խոշոր հարկատուները  պետական բյուջե շուրջ 10 տոկոսով ավելի գումար են վճարել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։  Նրանց  բաժին է ընկնում  ընդհանուր հարկային մուտքերի շուրջ 77 տոկոսը։ Առաջին տասնյակի վճարած հարկերը նույնպես փոխվել են, բայց  հարկատուների կազմը էական փոփոխություններ  չի կրել․ տասնյակում երեքը հանքարդյունահանող ընկերություններ են։

Երրորդը պաշտպանության նախարարությունն է։  Պետական կառույցներն այս ցանկում հայտնվել են տարեսկզբից։ Հաջորդ տարի, հնարավոր է, խոշոր հարկատուների ցանկում չլինեն, քանի որ  կառավարությունը նոր նախագիծ է մշակել, որով առաջարկում է  խոշոր հարկատուների ցանկում  պետական կառույցները չներառել։

«Գազպրոմ Արմենիա»,  «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», պաշտպանության նախարարություն, «Գրանդ Տոբակո», «Գեոպրոմայնինգ»․ Հայաստանի ամենախոշոր հարկատուների առաջին հնգյակն առաջին ինն ամիսներին անփոփոխ է ՝ ըստ ՊԵԿ-ի ամփոփած տվյալների։  Հազար խոշոր հարկատուներն այս տարվա  ինն ամիսներին  վճարել են  871 մլրդ 241 մլն դրամ հարկ ու տուրք, ինչը   շուրջ 10 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։  Հատկանշական է, որ  տասնյակի ընկերություններից երեքը՝  «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը, «Գեոպրոմայնինգ»-ն ու «Թեղուտ»-ը հանքարդյունաբերական ձեռնարկություններ են։

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ընդգծում է․ «Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Հայաստանի տնեսության կառուցվածքում հանքարդյունաբերությունն էական դերակատարում ունի։ Սակայն, ընդհանուր տնտեսության կախվածությունը միայն այս ոլորտից շեշտակի մեծ չէ։ Այսինքն՝ կան ոլորտներ, որոնք նույնպես զարգանում են, բայց, այդուհանդերձ, Հայաստանի մրցակցային առավելությունները հենց հանքարդյունաբերության  ոլորտում են»։

Խոշոր հարկատուներն այս տարվա ինն ամիսներին ապահովել են ընդհանուր հարկային մուտքերի 76․6 տոկոսը։  Որոշակի նվազում  արձանագրվել է մաքսային վճարներ մասով՝ 15․9 տոկոս նախորդ տարվա  16․5-ի փոխարեն։  Մանուկյանի  դիտարկմամբ ՝  այս փոփոխությունն իր  բացատրությունն ունի․ տեղական արտադրողներն են սկսել ակտիվանալ․

«Սա ռազմական գործողությունների ժամանակ ներմուծման ծավալների մեծացման հետևանք  է, բայց  որոշակի  ակտիվացում  նկատվում է նաև ներքին բիզնես միջավայրում։ Դրա համար հարկերի մասնաբաժնի պահպանման, նաև ընդհանուր միտումների դրական զարգացման շնորհիվ ավելի շատ տեղական ապրանք արտադրողներ են, որոնք կարողացել են գեներացնել նման ծավալի հարկային մեծություններ»։

9 ամսվա տվյալներով՝  խոշոր հարկատուների  ցուցակի առաջատարը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է։ Մինչդեռ նախկինում՝ մի քանի տարի շարունակ, նույն ցանկի առաջատարը «Գրանդ Տոբակո» ընկերությունն էր։ Այդ փուլում իշխանությունը հայտարարում էր, որ տնտեսական միտումները փոխվում են , հանքարդյունաբերությունը  դիրքերը  զիջում է արտադրությանը։ Ինչո՞ւ է փոխվել պատկերը։

«Չմոռանանք, որ այս կառավարության օրոք հակածխախոտային որոշակի քաղաքականություն էր ամրագրվել, որի արդյունքում ինչպես որոշակի հարկային քաղաքականությունը կոշտացվեց, այնպես էլ՝ որոշակի արգելք դրվեց։  Սա չէր կարող  զսպող ազդեցություն չունենալ ծխախոտագործության վրա։ Կառավարությունը փորձում էր բալանսավորել, հակածխախոտային արշավին զուգընթաց նորանոր սեգմենտներ են զարգանում, որի պատճառով չստացված եկամուտների համալրումը տեղի է ունենում այլ ոլորտներում զարգացման շնորհիվ»։

Հարկատեսակների առումով փոփոխություններն էական չեն՝ անուղղակի հարկերի ցուցանիշը գերազանցում է ուղղակի հարկերին՝ կազմելով ընդհանուրի շուրջ  60 տոկոսը։ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արմեն Քթոյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ընդգծում է․  

«Ճգնաժամային դրսևորումներից մեկն էլ այն է, որ ուղղակի հարկերի մասնաբաժինը սկսել է նվազել։ Ճգնաժամը միշտ ֆորսմաժոր է, չգիտես ՝իրականում ոնց կլինի։ Այլ հավասար պայմաններում դրական է, որ ուղղակի հարկերի մասնաբաժին ավելանա»։

Այս տարի առաջին անգամ հազար խոշոր հարկատուների ցանկում ներառվել էին նաև պետական գերատեսչություններն ու մարմինները։  Ավելին՝ պաշտպանության նախարարությունը ցանկում երրորդն էր ։ Պետական կառույցները խոշոր հարկատուների ցանկում ընդգրկող օրենսդրական փոփոխությունը գործում  էր տարեսկզբից։  Այժմ, սակայն, ՊԵԿ-ը շրջանառության մեջ է  նոր նախագիծ, որով առաջարկում է  խոշոր հարկատուների ցանկից հանել պետական գերատեսչությունները։ Տնտեսագետ Արմեն Քթոյանը բացատրում է տրամաբանությունը՝ թափանցիկ կառավարումը ենթադրում է, որ հանրությունը պետք է տեղյակ լինի, թե ովքեր են ամենից շատ հարկ վճարում։   

«Եթե դա արվում է հանրության համար, իսկ հանրությանը դա պետք չէ, կարելի է նաև առանց հանրության անել։ Մինչ այդ ինֆորմացիայի հրապարակումը հանրության ներսում քչերը գիտեին, որ օրինակ ՊՆ-ն խոշոր կազմակերպությունների վճարած հարկերը համադրելի են։ Քչերի մտքով դա կանցներ։ Այդ մասով լրացուցիչ տեղեկատվություն տրամադրվեց»։

Նոր նախագիծը տեղադրված է իրավական ակտերի միասնական e-draft.am կայքում։ Հիմնավորման համաձայն՝  ցանկը հրապարակվում է հարկային մարմնի պաշտոնական կայքում և հասանելի է բոլորի համար, իսկ պետական և համայնքային կառավարչական հիմնարկների կողմից վճարվող հարկերը ուղղակիորեն չեն բնութագրում նրանց գործունեության արդյունքները, այլ պարզապես պետական բյուջեով նախատեսված միջոցների վերաբաշխման արդյունք են: Փորձագետների մի մասն,այդուհանդերձ, մտահոգ է․  կարծում են՝  նախաձեռնությունը  խնդրահարույց է  թափանցիկության ու հաշվետվողականության սկզբունքները պահպանելու առումով։

Ցուցադրել ավելի
Back to top button