ԿարևորՔաղաքական

Թուրքիան առանցքային դերակատարում է ունեցել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանին աջակցելու գործում․ Եվրահանձնաժողով

Թուրքիան առաջատար դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ջանքերին աջակցելու գործում՝ ռազմական օգնություն, հետախուզական ծառայություններ և զենք տրամադրելով և, ինչպես հաղորդվում է, օտարերկրյա զինյալներ մատակարարելով՝ Թուրքիայի վերաբերյալ 2021 թ․ զեկույցում նշել է Եվրոպական հանձնաժողովը։

Արդյունքում, Հայաստանի հետ հարաբերությունները չեն բարելավվել՝ նշվում է զեկույցում։ Հանձնաժողովը նաև հիշեցնում է, որ Կանադան չեղարկել է դեպի Թուրքիա ռազմական ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման թույլտվությունները, երբ հետաքննությունը հաստատեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից կանադական տեխնոլոգիաների օգտագործումը։

Զեկույցում նշվում է, որ ատելության խոսքը և ատելության հիման վրա կատարվող հանցագործությունը շարունակում են լուրջ խնդիր մնալ փոքրամասնությունների համար: Շեշտվում է փոքրամասնությունների պաշտամունքի վայրերի և գերեզմանատների նկատմամբ վանդալիզն ու ավերածության գործողությունները հետաքննելու անհրաժեշտությունը։

Նշվում է, որ հայկական, հունական և հրեական թերթերին սուբսիդավորում պետք է տրամադրվի։

Հրանտ Դինքի սպանությանն հետաքննության մասին ասվում է․ «Սպանությանը մասնակից պետական պաշտոնյաների դեմ դատական գործը ավարտվեց 2021թ․-ի մարտին՝ 77 մեղադրյալներից 37-ի արդարացմամբ։ Իսկ Թուրքիայից փախած 12 մեղադրյալների գործերն առանձնացվել են, քանի որ չէին կարող քննվել այդ գործընթացում»։

Հանձնաժողովը նաև շեշտում է, որ Թուրքիան պետք է մեծացնի ջանքերը՝ Սիրիայի, Իրաքի, Իրանի, Հայաստանի սահմաններին, ինչպես նաև Թուրքիայի ներսում ականապատ տարածքները մաքրելու համար:

Ցուցադրել ավելի
Back to top button