ԿարևորՀասարակություն

Դեսպան Ներսեսյանը հանդիպել է ՄԹ խորհրդարանի անդամներ Քեթրին Ուեսթի եւ Ջեյմս Մարեյի հետ

Հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել դեսպան Վարուժան Ներսեսյանի հանդիպումը ՄԹ խորհրդարանի Համայնքի պալատի Լեյբորիստական կուսակցության եւ ՄԹ-ՀՀ բարեկամական խմբի անդամներ Քեթրին Ուեսթի եւ Ջեյմս Մարեյի հետ։

Հանդիպման ընթացքում դեսպանը նախ շնորհակալություն է հայտնել պատգամավորների կողմից Հայաստանին եւ Արցախին՝ հատկապես պատերազմի ժամանակ, մշտական աջակցություն ցուցաբերելու, եւ ՄԹ խորհրդարանում Հայաստանի մոտեցումները բարձրաձայնելու եւ սատարելու համար։

Դեսպանը մանրամասն ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները, Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ շարունակական ագրեսիվ գործողությունները եւ բանակցային գործընթացի վերսկսման հնարավորությունները։

Վարուժան Ներսեսյանը հատուկ կարեւորել է Բաքվում մինչ օրս գտնվող ռազմագերիների հայրենիք վերադարձի հարցը, որոնք պահվում են ադրբեջանական բանտերում հակառակ բոլոր միջազգային մարդասիրական նորմերի։

Դեսպանը ներկայացրել է նաեւ Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը՝ ընդգծելով այս հարցում միջազգային գործընկերների հստակ դիրքորոշում արտահայտելու կարեւորությունը։

Կողմերը քննարկել են նաեւ Թուրքիայի գործոնը եւ տարածաշրջանում բացասական ազդեցությունը, որի վառ արտացոլումն էր Արցախում անցած տարվա պատերազմում անմիջական ներգրավումը։

Դեսպանը եւ ՄԹ Համայնքների պալատի անդամները կարեւորել են հայ-բրիտանական հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով այդ գործընթացում խորհրդարանական դիվանագիտության դերը եւ երկու երկրների խորհրդարանների միջեւ կապերի ակտիվացումը, փոխադարձ այցերի կազմակերպումը եւ միջազգային հարթակներում տարբեր հարցերի շուրջ փոխգործակցությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button