Մոռացված ֆիլմերի ստվերները

Գլխավոր հերոսի երկու դերակատար ունեցող «Օդապարուկի օրը»․ «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Դեռահասների խնդիրների ու առօրյայի մասին պատմող «Օդապարուկի օրը» գեղարվեստական ֆիլմը դարձավ կինոռեժիսոր Գենադի Մելքոնյանի նկարահանած վերջին լիամետրաժ աշխատանքը։ Նկարահանված էր ֆիլմի գրեթե կեսը, երբ Մոսկվայի պետկինոյի պատասխանատուներն ստիպեցին կինոռեժիսորին փոխել գլխավոր հերոսուհու դերակատարին։ Դա սառը ցնցուղ էր ստեղծագործական խմբի համար։

1985 թվականի գարնանը կիոնռեժիսոր Գենադի Մելքոնյանը սկսեց հավաքել «Օդապարուկի օրը» ֆիլմի դերասանական կազմը։ Փորձառու դերասանների կողքին ֆիլմում ընդգրկվեցին նաև պատանիներ։ Ի սկզբանե գլխավոր հերոսուհու՝ Անիի դերակատարման համար ընտրվել էր հայտնի երգչուհի Մայա Մարգարյանը։

Ֆիլմի նկարահանումներին զուգահեռ՝ ընդունված կարգի համաձայն, դեռևս չմշակված, հում դրվագները պարբերաբար ուղարկվում էին Մոսկվա՝ միջանկյալ հաստատման։ Մայա Մարգարյանը պատմում է, որ Մոսկվան կարծես չէր առարկում։ Բայց երբ արդեն նկարահանված էր ֆիլմի գրեթե կեսը, կենտրոնական հեռուստատեսությունը պահանջեց փոխել գլխավոր դերակատարուհուն։

Մայա Մարգարյան

«Երբ ինձ այդ դերում հաստատեցին, ուրախությանս չափ չկար: Բայց մոսկովյան պետկինոյի պատասխանատուները փոխեցին իրենց որոշումը՝ պատճառաբանելով, թե իմ արտաքինն ավելի շատ ռուսական է, քան` հայկական»,-ասում է Մայա Մարգարյանը։ Այս որոշումից հետո նկարահանող խումբը ստիպված է լինում փնտրել ֆիլմի նոր գլխավոր հերոսուհի։

Թագուհի Վարդանյանը Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցի աշակերտուհի էր, երբ դպրոց այցելեցին «Օդապարուկի օրը» ֆիլմի նկարահանող խմբի անդամները։ Այդ ժամանակ Թագուհու մտքով չէր էլ անցնում, որ նա լիամետրաժ գեղարվեստական ֆիլմում պիտի հանդես գա գլխավոր հերոսուհու դերում։

«Դպրոցում դասի ժամանակ նստած էինք, երբ ներս մտան նկարահանման խմբի անդամներն ու ասացին, որ ֆիլմի նկարահանման համար պատանիներ են պետք։ Ես էլ բավականին ակտիվ աղջնակ էի, սիրում էի երգել, պարել, ասմունքել և երևի դա էլ նպաստեց, որ հետագայում ինձ հաստատեցին գլխավոր հերոսուհու դերում»,- վերհիշելով տարիներ առաջ տեղի ունեցածը` պատմում է Թագուհի Վարդանյանը։

Թագուհի Վարդանյան

Հոգեբան, արձակագիր Էլդա Գրինի հոգեբանական դրամատուրգիան հետաքրքրեց Համամիութենական կինոինստիտուտի՝ ՎԳԿ-ի Եվգենի Գրիգորևի սցենարական արվեստանոցն ավարտած և «Հայֆիլմ» կինոստուդիայի սցենարական կոլեգիայում աշխատանքի անցած սցենարիստ Կարինե Վերդյանին։

Կարինե Վերդյան

Նա Էլդա Գրինի մի քանի պատմվածքների հիման վրա գրեց սցենար՝ «Օդապարուկի օրը» ֆիլմի համար և ներկայացրեց «Հայֆիլմ» կինոստուդիայի խմբագրական կոլեգիային։ Սցենարը հաստատվեց, և ֆիլմի նկարահանումը վստահվեց կինոռեժիսոր Գենադի Մելքոնյանին։ Կինոնկարը նկարահանվեց Մոսկվայի կենտրոնական հեռուստատեսության պատվերով:

Գենադի Մելքոնյան

Իսկ Խորհրդային Միությունում Մոսկվայի կենտրոնական հեռուստատեսության պատվերով ֆիլմ նկարահանելը նշանակում էր, որ այն պետք է էկրան բարձրանար միայն ռուսերենով, չէր թույլատրվում հայերեն կրկնօրինակել ու ցուցադրել կինոթատրոններում: Այդ սահմանափակումներն էին թերևս պատճառը, որ կինոնկարը այդպես էլ չհանրայնացվեց։

«Ֆիլմի Էկրան բարձրանալը համընկավ Խորհրդային Միության փլուզման հետ և կարծես կինոնկարը չհասցրեց իր հասանելիք ճանապարհն անցնել։ Երկու անգամ ցուցադրվեց Մոսկվայի կենտրոնական հեռուստատեսությամբ, երկու անգամ հայկական հեռուստատեսությամբ»,- մի քիչ կարոտով, մի քիչ էլ ափսոսանքով պատմում է  Թագուհի Վարդանյանը։

«Օդապարուկի օրը» ֆիլմում շոշափվող թեման այսօր էլ ցավալիորեն արդիական է։ Այսօր էլ փլուզվում են շատ ու շատ ընտանիքներ, և լուռ տառապում են այդ ընտանիքներում մեծացող երեխաները։ Իսկ  քանի հասարակության մեջ կա այդպիսի խնդիր, «Օդապարուկի օրը» ֆիլմը կունենա հանդիսատես և կստիպի մտորել այդ ցավոտ հարցի շուրջը, լուծումներ փնտրել դեռահասներին ապահովագրելու հոգեբանական ծանր ապրումներից։

Բայց  ֆիլմը մեր էկրաններին ցուցադրելու համար պետք է փոխել ֆիլմի իրավաբանական կարգավիճակը։ Այն մինչև հիմա պատկանում է պատվիրատուին` ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսությանը, որի իրավահաջորդն այսօր  ռուսաստանյան Առաջին ալիքն է։ Կինոնկարն այժմ հնարավոր է դիտել միայն համացանցում՝ ռուսերենով։ Մնում է հուսալ, որ կգտնվեն իրավական այն մեխանիզմները, որոնց օգնությամբ հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել «Օդապարուկի օրը» գեղարվեստական կինոնկարը։

Ցուցադրել ավելի
Back to top button