ԿարևորՀասարակություն

Արցախից տեղահանվածներն առաջարկում են «Նոր Շուշի» տնակային ավան ստեղծել

Շուշիի փողոց ունենալու պահանջով ստորագրահավաք է սկսվել Երևանում։ Մինչդեռ շուշեցիներն իրենք առաջարկում են ստեղծել ավան՝ «Նոր Շուշի» անունով։ Շուշեցիների համոզմամբ՝ եթե ավանը ստեղծվի, կունենա սոցիալական ու քաղաքական նշանակություն։

Շուշեցիների ու պատերազմի պատճառով բոլոր բռնի տեղահանվածների հարցն այսօր քննարկվել է խորհրդարանում։

Պատերազմից գրեթե մեկ տարի անց՝ չկան հստակ թվեր, թե, օրինակ, բռնի տեղահանված և Հայաստանում ապաստանած ընտանիքներից քանիսին են ցանկանում վերադառնալ Արցախ․ պատերազմից հետևանքով տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրների միասնական պատկերը այսօր փորձում էին ստանալ Ազգային ժողովում, Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում։

Կարիքների գնահատում և խմբավորում չի իրականացվել, տեղահանվածներն անգամ իրավական հստակ կարգավիճակ չունեն։ Արցախցիների պնդմամբ՝ օգնությունները պետք է տրվեն ոչ թե սոցիալ-հավասարության, այլ՝ սոցիալական արդարության սկզբունքով։ «Վերադարձ Քաշաթաղ» ՀԿ ներկայացուցիչ Կարինե Մովսիսյանն ասում է՝ ունեն հարյուրավոր դիմումներ, որոնց հեղինակները չեն օգտվել ոչ մի սոցիալական օգնությունից․

«Այսօր խախտված են բոլոր տեղահանվածների իրավունքները և, ամենացավալին այն է, որ խախտված է մեր ապրելու իրավունքը»։

Մեկ անձի համար տրվող ֆինանսական աջակցությունը արդեն չի բավարարում ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Արցախում տուն, հյուրանոցի սենյակ կամ այլ կացարան վարձելու համար։ Մշտական աշխատանք տեղահանվածները չունեն։ Շուշեցի պատմաբան Աշոտ Հարությունյանի ներկայացմամբ՝ անգամ իրենք են հայաստանյան իշխանություններին  առաջարկ արել․

«Այսօր թիվ մեկ խնդիրը մենք Հայաստանում ապաստանած շուշեցիների պահով համարում ենք այն վտանգը, որ իրեքն փոշիացած են ամբողջ Հայաստանով մեկ։ Մենք մեր կողմից առաջարկել էին, որպեսզի Երևանից 20 կմ շրջագծով բռնի տեղահանվածների ժամանակավոր ճամբար սարքվի, ֆիննական տնակներ է կամ ինչ է՝ բերվեն դրվեն, և հիմնվի «Նոր Շուշի» ճամբար»։  

Անորոշությունը մտահոգում է արցախցիներին։ Տեսնում են, որ անգամ խաղաղապահների ներկայությամբ ադրբեջանցիները դիմում են սադրանքների։ Արցախցին պետք է հասկանա՝ ինչ պայմաններով և հեռանկարով է վերադառնալու․ «Հադրութի դեօկուպացիա» բաց հասարակական կազմակերպությունից Մերի Դավթյաննը կարծում է, որ կարևոր է հասկանալ՝ ինչ կարելի է ակնկալել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի վերագործարկումից․

«Տրամադրություն կա բանակցային գործընթաց սկսելու, բայց պետք է հասկանալ՝ մի բան, որ Ադրբեջանի ձեռնտու չէր, պետք չէր, եթե հիմա նա համաձայնել է, ուրեմն ինչ-որ իր շահերից բխող իրավիճակ է հաստատվել։ Մենք արդեն գիտենք, որ սեղանի շուրջ են բերել նաև «ադրբեջանական համայնք» հասկացությունը։ Այսինքն՝ բանակցային գործընթացին պետք է մասնակցեն Ղարաբաղի հայկական ու ադրբեջանական համայնքները։ Ձևակերպումն այդպիսին է։ Հիմա եթե մենք գնում ենք այս ձևաչափով նման գործընթացի, ապա դարձյալ հասկանալու խնդիր ունենք»։   

Արցախցիների բարձրաձայնած խնդիրների վերաբերյալ խորհրդարանական քննարկման ժամանակ հստակ պատասխաններ չհնչեցին։ Հայաստանի Ազգային ժողովը ասելիք չունի նաև Արցախի Հանրապետությունը ճանաչելու հարցի շուրջ։

Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը վստահեցրեց՝ Հայաստանի խորհրդարանում անխուսափելիորեն կստեղծվի Արցախ-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողով։

«Չորս հանձնաժողով կա նախատեսված, որոնցից մեկը, հավանաբար, Արցախ-Հայաստան հանձնաժողովն է լինելու, շուտով կձևավորվի։ Մենք այդ մասին ԱԺ խորհրդի նիեստում մի քանի օր առաջ ենք խոսել։ Արցախի ճանաչման հարցը շատ ավելի լայն ասպեկտ է, և պետք է իսկապես, մեր ազգային և երկու երկրներին սպառնացող վտանգներն ու ռիսկերը հաշվել։ Դրա պատասխանը դուք երևի ավելի ուշ կստանաք՝ քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում ծնվող, ծնվելիք որոշում է լինելու»։

Հայաստանի նախորդ խորհրդարանը մի քանի նախաձեռնություն ունեցել է Արցախին վերաբերող։ Ադրբեջանի գործողությունները դատապարտող՝ գերիներին չվերադարձնելու և խոչընդոտելու մասով հայտարարություն էր ընդունվել, նաև՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում է ընդունվել հայտարարության նախագիծ, որը վերաբերում է Արցախի կարգավիճակին և Արցախի տարածքների դեօկուպացիայի անհրաժեշտությանը։ Նույն նախագիծը գործող Աժ-ում շրջանառության մեջ դնելու գործընթաց է սկսվել, որպեսզի նաև այս խորհրդարանն ընդունի Արցախի կարգավիճակին վերաբերող հայտարարության նախագիծ։  

Ցուցադրել ավելի
Back to top button